ԱՄՆ-ն աշխարհը կանգնեցրել է միջուկային պատերազմի շեմին (տեսանյութեր)


ԱՄՆ-ն աշխարհը կանգնեցրել է միջուկային պատերազմի շեմին (տեսանյութեր)

  • 19-04-2017 23:25:55   | ԱՄՆ  |  Քաղաքական



 
 
Մոտ մեկ շաբաթ առաջ ամերիկյան մասնավոր հետախուզական-վերլուծական «Ստրատֆոր» ընկերությունը հաղորդեց, որ ԱՄՆ-ի ավիակրային նավախումբն այդ պահին գտնվում է ճապոնական Քյուսյու կղզուց արևմուտք և ընթանում է դեպի Հյուսիսային Կորեայի արևելյան ծովափ: Այնտեղ, ըստ ճապոնական ԶԼՄ-ների հաղորդման, որոնք հղում էին կատարել երկրի ինքնապաշտպանական ուժերի իրենց աղբյուրների վրա, ամերիկյան նավախմբին միանալու էին նաև ճապոնական ռազմանավերը:
Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Թվիթերի» իր էջում հայտարարեց, որ պատրաստ է Հյուսիսային Կորեայի հիմնախնդիրը միայնակ էլ լուծել: Հաղորդվում էր նաև, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 1-ին հարվածային նավախումբը` «Կարլ Վինսոն» ատոմային ավիակրի գլխավորությամբ, որը դեպի Կորեական թերակղզի ուղղություն էր վերցրել ապրիլի 8-ին, Հյուսիսային Կորեայի ափերի մոտ կլինի ապրիլի 15-ին: Դրանից մեկ օր առաջ Հյուսիսային Կորեան հայտարարեց ԱՄՆ-ի ուժերին, անհրաժեշտության դեպքում, կանխարգելիչ հարված հասցնելուն պատրաստ լինելու մասին: «The Associated Press» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարելով այս մասին, Հյուսիսային Կորեայի արտգործնախարարի տեղակալ Խան Սոն Ռյոլն ասել էր նաև, որ Փհենյանը տիրապետում է դրա համար բավարար միջուկային հզորության:
Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգները նույնպես պատրաստվում էր Հյուսիսային Կորեային նախազգուշական հարված հասցնելուն` մինչ վերջինիս կողմից միջուկային նոր փորձարկումը: 
«Եթե ԱՄՆ-ն անցկացնի անխոհեմ ռազմական մաևրներ, ապա մենք իրենց կհանդիպենք նախազգուշական հարվածով»,- Փհենյանում հայտարարել էր Հյուսիսային Կորեայի արտգործնախարարի տեղակալը:
Վերջինս նաև ասել էր, որ իրենք արդեն ունեն զսպման միջուկային հզոր միջոցներ և, իհարկե, ձեռքերը ծալած չեն նստելու ԱՄՆ-ի կանխարգելիչ հարվածի առջև: Փհենյանը հայտարարել էր, որ Կորեական թերակղզում լարվածության մեծացման համար պատասխանատվություն է կրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, և մատնացույց արել Վաշինգտոնի քաղաքականության ավելի ագրեսիվ ոճը: Խան Սոն Ռյոլն ասել էր նաև, որ իրենք մեկնում են պատերազմ, եթե նրանք դա են ընտրում: Հյուսիային Կորեայի արտգործնախարարի տեղակալը հավաստել էր, որ Փհենյանը շարունակելու է միջուկային զենքի շուրջ կենտրոնացած իր պաշտպանական շինարարությունը, քանի դեռ Վաշինգտոնը չի հրաժարվել «միջուկային սպառնալիքից ու շանտաժից»:
Իր հերթին, Միացյալ Նահանգներն այս ընթացքում առավել սաստիկ կերպով շարունակեց բազմակողմ ճնշումներ գործադրելու իր քաղաքականությունը: Ճնշումներն ուղղված էին ինչպես Հյուսիսային Կորեայի դեմ, այնպես էլ վերջինիս մերձավորագույն դաշնակցի` Չինաստանի: Ռուսաստանի նկատմամբ ևս գործադրվեցին դիվանագիտական ու քաղաքական ճնշումներ: Միացյալ Նահանգները նույնիսկ անցավ բացահայտ սպառնալիքի ու շանտաժի լեզվին: Օրինակ, Չինաստանին հայտնեց, որ հարվածելու է Հյուսիսային Կորեային, եթե Չինաստանը ոչ միայն չհրաժարվի Փհենյանին պաշտպանելուց, այլև միջուկային և հրթիռային ծրագրերից չհրաժարվելու համար նրա նկատմամբ չկիրառի պատժիչ սանկցիաներ: Սա, իհարկե, ստորացուցիչ պահանջ է, բայց Չինաստանը Հյուսային Կորեային ԱՄՆ-ի հարվածի վտանգը բավական լուրջ գնահատելով ու ցանկանալով կանխել այն, ստիպված է եղել կատարել իրենից ռազմական առավելություն ունեցող գերտերության պահանջը: Մասնավորապես հրաժարվել է ընդունել քարածխով բեռնված և արդեն իր ափերի մոտ հասած Հյուսիսային Կորեայի բեռնանավերը: Նշենք, որ Արևմուտքի տնտեսական պատժամիջոցներից գնալով տուժող Հյուսիսային Կորեայի համար Չինաստանին իր քարածխի վաճառքը սեփական արտադրանքն արտերկրում իրացնելու և դրսից գումար բերելու կամ ապրանքափոխանակության սակավաթիվ միջոցներից մեկն է:
Ինչպես Դոնալդ Թրամփը, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը նույնպես Հյուսիսային Կորեայի հետ խոսել է սպառնալիքի ու շանտաժի լեզվով: Փենսին ակնարկելով իր միջուկային ծրագրից Հյուսիսային Կորեայի չհրաժարվելը, հայտարարել է, որ «ռազմավարական համբերության դարաշրջանն ավարտվել է»: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս առնչությամբ ընդամենը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեայի նկատմամբ չի դիմի «շատ ռիսկային» միակողմանի ռազմական գործողության, ինչպես վարվեց Սիրիայի պարագայում: Հյուսիսային Կորեայի «անխոհեմ միջուկային գործողությունները» քննադատելով հանդերձ, ՌԴ արտգործնախարարն ասել է, որ ԱՄՆ փոխնախագահի խոսքերը Հյուսիսային Կորեայում կարող են որպես սպառնալիք ընկալել, ինչը դիվանագիտական լեզվով նշանակում է, որ այդ սպառնալիքից բխող Փհենյանի գործողությունների դեպքում հետևանքների պատասխանատվությունն ընկնելու է Միացյալ Նահանգների վրա:
Հյուսիսային ու Հարավային Կորեաների միջև ապամիջուկայնացված գոտի կատարած անսպասելի այցելության ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտնել է, որ ԱՄՆ-ն դիտարկում է բոլոր հնարավոր տարբերակները, այդ թվում՝ ռազմականը։ Ամերիկյան իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են ավիակրի վրա խարսխված ինքնաթիռներից, նավերից և սուզանավերից զանգվածային հարվածներ հասցնել Հյուսիսային Կորեայի ռազմական օբյեկտներին, եթե հաստատվեն Փհենյանի կողմից նոր միջուկային փորձարկում իրականացնելու վերաբերյալ կասկածները: Սա չբացառված, նույնիսկ հնարավոր սցենար է, եթե հաշվի առնենք, որ Հյուսիսային Կորեայի ղեկավարը համարձակ և Կիմ Չեն Ընն է, իսկ Միացյալ Նահանգների նախագահը նրանից ավելի անկանխատեսելի Դոնալդ Թրամփն է, որն իր պաշտոնավարման այս կարճ շրջանում արդեն հասցրել է Սիրիայի վրա հինգ տասնյակի չափ թևավոր հրթիռներ արձակելու և Աֆղանստանում «Բոլոր ռումբերի մայր» անվամբ հայտնի, աշխարհում ատոմային ռումբից հետո 2-րդ ամենահզոր GBU-43 ռումբը կիրառելու հրամանները տալ:
Արձագանքելով ԱՄՆ-ի վերոնշյալ շանտաժին, ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի դեսպանի տեղակալ Կիմ Ին Ռիունգը երկուշաբթի օրը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է. «Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ-ի սպառնալիքների խստանալու պատճառով յուրաքանչյուր շաբաթ հրթիռային մեկ փորձարկում ենք իրականացնելու: Իսկ եթե Թրամփը Կորեական թերակղզում ռազմական ուժ օգտագործի, պատերազմ կսկսվի»:
Այս մասին հղում կատարելով «Դեյլի Մեյլ» օրաթերթի ինտերնետային կայքէջին, ապրիլի 17-ին տեղեկացրել է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությունը:
«ԱՄՆ-ն աշխարհը կանգնեցրել է պատերազմի շեմին և Կորեական թերակղզին վերածել է աշխարհում ամենամեծ հնոցի, ստեղծելով այնպիսի վիճակ, որ ամեն պահ կարող է միջուկային պատերազմ ծագել»,-հայտարարել է Կիմ Ին Ռիունգը:
Հյուսիսային Կորեայի դիվանագետն ասել է նաև, որ Վաշինգտոնն իր նման քայլերով վտանգել է Կորեական թերակղզում խաղաղությունն ու անվտանգությունը, և քանի դեռ կշարունակվի այս քաղաքականությունը, Հյուսիսային Կորեան նույնպես կշարունակի իր ռազմական ու, հատկապես, հրթիռային ծրագրի իրականացումը:
Նկատենք, որ յուրաքանչյուր շաբաթ հրթիռային մեկ փորձարկումը, հրթիռային ծրագրի իրականացումը շարունակելը և միջուկային փորձարկումն ու միջուկային ծրագրի շարունակումը բոլորովին տարբեր բաներ են: Համենայն դեպս, փաստն այն է, որ Հյուսիսային Կորեան առայժմ չի իրականացրել իր միջուկային 6-րդ փորձարկումը, որը, ինչպես ակնկալվում էր, պետք է կատարվեր ապրիլի 15-ին` նվիրված Հյուսիսային Կորեայի Հանրապետության հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան 105-ամյակին, և, ըստ մասնագետների ենթադրության, լինելու էր երկրի պատմության մեջ ամենահզորը:
Արևմտյան աղբյուրների համաձայն, ԱՄՆ-ի կասկածները, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է 6-րդ միջուկային փորձարկման, հիմնված են արբանյակային լուսանկարների վրա, որոնք ակտիվության բարձրացում են արձանագրել են Հյուսիսային Կորեայի միջուկային փորձադաշտի շրջանում: Դժվար է ասել` սա համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե ԱՄՆ-ի կողմից իր հարձակումը նախապես պատճառաբանելու, արդարացնելու նպատակով հերթական անգամ հորինված պատրվակն է: Գուցե համապատասխանում է, բայց Հյուսիսային Կորեան զգուշանալով ԱՄՆ-ի հարվածից, այդ կապակցությամբ սպառնալիքի լուրջ լինելուց, այս անգամ հետաձգել է միջուկային փորձարկումը: Թերևս իր երկրի ընկրկելը ցույց չտալու համար ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի մշտական ներկայացուցչի տեղակալ Կիմ Ին Ռենը 2 օր առաջ հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան իրականացնելու է նոր, թվով 6-րդ միջուկային փորձարկումը, երբ դա անհրաժեշտ կհամարի:
«Դա կկայանա այն ժամանակ և այնտեղ, երբ մեր շտաբ-բնակարանում անհրաժեշտ կհամարեն»,- ասել է նա ՄԱԿ-ում հրավիրված մամուլի ասուլիսում:
Հյուսիսային Կորեայի «Մինչժու Չոսոն» կառավարական թերթը, համաձայն TASS գործակալության հաղորդման, գրել է.
«Փհենյանն ունի սպառազինություններ, որոնք կարող են մեկ հարվածով ոչնչացնել նրա հակառակորդներին, որոնք սիրում են խաղալ կրակի հետ և ձգտում են Հյուսիսային Կորեային զրկել ինքնիշխանությունից, արժանապատվությունից և կենսական իրավունքներից»:
Կառավարական թերթը նշելով, որ ԱՄՆ-ը վերջերս անպատիժ հարված է հասցրել Սիրիայի ավիաբազային, Միացյալ Նահանգներին կոչ է արել «չմոռանալ, որ Հյուսիսային Կորեան Սիրիան չէ», ապա խորհուրդ է տվել զերծ մնալ անխոհեմ ծրագրերից:
«Մինչժու Չոսոն»-ն միաժամանակ նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ը «չի կարողանա ապահովել ամերիկյան ռազմակայանների անվտանգությունը Հարավային Կորեայում, Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ինչպես նաև ԱՄՆ-ի մայրցամաքային մասում, երբ ԿԺԴՀ-ի անպարտելի հեղափոխական ժողովրդական բանակի մարտիկները կրակ բացեն»:
Այո, Փհենյանն ունի սպառազինություններ, որոնք կարող են մեկ հարվածով ոչնչացնել նրա հակառակորդներին, խոսքը, մասնավորապես, միջուկային մարտագլխիկով նրա բալիստիկ հրթիռների մասին է, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ դրանք դժվար թե կարողանան հաղթահարել ԱՄՆ THAAD և հակահրթիռային այլ համակարգերի չեզոքացնող հարվածը:
ԱՄՆ ռազմածովային ուժերի Կարլ Վինսոն ատոմային ավիակրի գլխավորությամբ գործող հարվածային խումբը, որի կազմում են նաև «Մայքլ Մերֆի», «Ուեյն Մայեր» ականակիրները և «Լեյք Շամփլեյն» հրթիռային հածանավը և այլ ռազմանավեր, ապրիլի 14-ի դրությամբ, ըստ «Интерфакс»-ի հաղորդման, արդեն մոտեցել էր Կորեական թերակղզուն, գտնվում էր Հյուսիսային Կորեայից ավիահարվածի հեռավորության վրա` այդ պետության կողմից նոր միջուկային փորձարկման կամ էլ բալիստիկ հրթիռի արձակման սպասելիքով: Ռազմանավերի հարվածային խմբին ուղեկցում են «Թոմահավկ» թևավոր հրթիռներով զինված սուզանավեր:
Ենթադրվում է, որ Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումը կիրականացնի շաբաթ օրը` ապրիլի 22-ին: Բացառված չէ, որ ԱՄՆ-ը դա նույնպես պատրվակ ծառայեցնի նշված պետությանը հարվածելու համար: Այսօր հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը դիտարկում է Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռը փորձարկման պահին կալանելու, այսինքն` հակահրթիռով այն ոչնչացնելու հնարավորությունը, որպեսզի Փհենյանին ուժ ցույց տա: Այս մասին երկու աղբյուրների վրա հղում կատարելով, գրել է «Guardian» թերթը: Դրա համար, ինչպես թերթի աղբյուրներն են հայտնել, ԱՄՆ զինվորականները կարող են կիրառել նավերի վրա տեղակայված վաղ նախազգուշացման «Иджис» (Aegis) համակարգերը: Շատ հնարավոր է, որ ԱՄՆ այս քայլից հետո Հյուսիսային Կորեայում սեղմեն միջուկային մարտագլխիկներով հրթիռների արձակման կոճակը: Այլ խնդիր է, թե ԱՄՆ-ը և անձամբ Դոնալդ Թրամփը, մի շարք հանգամանքներ հաշվի առնելով, կգնա՞ն այդ ռիսկին… Ի դեպ, խոսք է գնում նաև ամերիկյան կատարելագործված նորագույն հրթիռ-կալանիչի օգտագործման մասին, որը մինչև այժմ ընդամենը մեկ անգամ է թեստավորման ենթարկվել և մայիսին փորձարկվելու է` նմանակելով  Հյուսիսային Կորեայից արձակված բալիստիկ հրթիռի կալանումն ու ոչնչացումը:
Նշենք նաև, որ «Կարլ Վինսոն» ավիակրի գլխավորությամբ ԱՄՆ հարվածային նավախմբի առաքելության առնչությամբ երեկ համացանցում հայտնվել է միանգամայն հակասական տեղեկատվություն: Ըստ այդմ, Պենտագոնը հայտնել է, որ «Կարլ Վինսոն»-ը չի ուղևորվել Հյուսիսային Կորեայի ափեր, իսկ այն տեղեկատվությունը, որ ավիակիրը Հյուսիսային Կորեայից իբր հարվածի հեռավորության վրա է, համարել է թյուրըմռնում կամ սխալ: Հղում կատարելով Պենտագոնի վրա, այս մասին հայտնել է «Նյու Յորք Թայմս» թերթը: Վերջինիս տեղեկատվության համաձայն, ավիակիրն ի սկզբանե էլ նավարկել է Ճապոնական ծովին հակառակ ուղղությամբ, դեպի Հնդկական օվկիանոս, որպեսզի մասնակցի Ավստրալիայի հետ համատեղ զորավարժություններին: Պենտագոնը երեկ հայտարարել է, որ ԱՄՆ խաղաղօվկիանոսյան նավատորմի դրոշակակիր «Կարլ Վինսոն» ավիակիրը գտնվում է Ճապոնական ծովից հեռու, Կորեական թերակղզուց 5000 կիլոմետրի հեռավորության վրա: ԱՄՆ-ի նախագահի մամուլի քարտուղարը հրաժարվել է մեկնաբանել այս հակասական տեղեկությունները: Սատանան էլ երևի գլուխ չհանի, թե ինչ է կատարվում…
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական