Սևանա լճում նախատեսվում է տեղակայել ևս մեկ ցանցավանդակային տնտեսություն


Սևանա լճում նախատեսվում է տեղակայել ևս մեկ ցանցավանդակային տնտեսություն

  • 20-04-2017 15:07:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված  կառավարությունն ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին որոշում:
 
Ծրագրի շրջանակում ավարտվել են մանրաձկան արտադրություն գործարանի շինարարական աշխատանքները և այն հանձնվել է շահագործման, Սևանա լճում տեղակայվել է առաջին ցանցավանդակային տնտեսությունը: Ծրագրով նախատեսվում է ընթացիկ տարում Սևանա լճում տեղակայել ևս մեկ ցանցավանդակային տնտեսություն: Գործընթացի արժեշղթայի ամբողջականությունն ապահովելու նպատակով նախատեսվում է նաև կառուցել բացօդյա ավազաններ, ինչպես նաև ձկան բազմացման կայան (սելեկցիոն տնտեսություն): Ապրանքային ձկան արտադրությունն իրականացվելու է լճում տեղակայված տնտեսություններում, հետևաբար այդ գործընթացն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է ունենալ համապատասխան ջրային փոխադրամիջոցներ՝ սպասարկման, այլ ընթացիկ աշխատանքները կազմակերպելու համար: Արդյունքում կստեղծվեն Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրով նախատեսված ձկան արտադրության արժեշղթայի օղակներ: Գործունեության արդյունավետ կազմակերպման  արդյունքում ձևավորված միջոցները կուղղվեն Սևանա լճի հիմնախնդիրները լուծմանը, և կնպաստեն իշխանի պաշարների վերականգնմանը:
 
 
Այլ որոշումներ
  
Գործադիրը որոշել է մայիսի 8-ի աշխատանքային օրը տեղափոխել մայիսի 20-ը` շաբաթ օրը:
Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2017/2018 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է շուրջ 2637 տեղ, որից 137–ը ՀՀ պետբյուջեից առանց լրացուցիչ ֆինանսավորման: Որոշման նպատակը պետության համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառներում բարձրագույն կրթությամբ  մասնագետների պատրաստումը, սոցիալապես անապահով դիմորդներին անվճար բարձրագույն կրթություն ստանալու հնարավորության ընձեռումը, նպատակային ուսուցման տեղեր հատկացնելու միջոցով բարձր լեռնային, սահմանամերձ շրջաններ բարձրագույն կրթությամբ մասնագետների գործուղումը: Գործադիրը հաստատել է նաև  մագիստրոսի կրթական ծրագրով, ինչպես նաև  ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը: 
Տուն-ինտերնատում անկողնային խնամքի կարիք ունեցող անձանց մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է հաստատել «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի տարածքում անկողնային խնամք ստացող անձանց սպասարկման նպատակով կառուցվելիք նոր մասնաշենքի շինարարական աշխատանքների իրականացում» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017թ.նախահաշիվը:  Տուն-ինտերնատի տարածքում Քուվեյթի Պետության կառավարության աջակցությամբ կառուցվել է նոր մասնաշենք, որն ապահովելու է շուրջ 70 անկողնային խնամքի կարիք ունեցողների խնամքը: Շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են: Ներկա փուլում նախատեսվում է ծրագրի շրջանակներում լուծել նոր մասնաշենքի կահավորման համար անհրաժեշտ գույքի և հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և դրանց անկախ մարմնի կողմից փորձաքննության անցկացման աշխատանքների ձեռք բերման հարցերը:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն