Կկանոնակարգվեն ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման և հաշվետվողականության հետ կապված ընթացակարգերը

20-04-2017 15:39:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Վարչապետի հաջորդ հանձնարարականը ընդերքօգտագործման բնագավառում մոնիթորինգի իրականացման և հաշվետվողականության վերաբերյալ էր: «Ընդերքօգտագործման ոլորտում շրջակա միջավայրի վրա ազդեցությունների շարունակական գնահատումը և մոնիթորինգը կարևորվում է հնարավոր ռիսկերի կանխարգելման և կառավարման տեսանկյունից. թեև ՀՀ ընդերքի օրենսգրքով նախատեսված է ընթացիկ մոնիթորինգը, բայց իրականացման չափորոշիչները  և հաշվետվությունների ներկայացման ընթացակարգերը կանոնակարգված չեն:
 


Ներկայումս մոնիթորինգի տվյալների բացակայությունը հնարավորություն չի տալիս գնահատել ընդերքօգտագործման հետևանքով շրջակա միջավայրի տարբեր բաղադրիչների վրա իրական ազդեցություններն ու ռիսկերը, ինչպես նաև նախաձեռնել համապատասխան կանխարգելիչ գործողություններ»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը: Այդ իսկ նպատակով վարչապետը հանձնարարել է ՀՀ բնապահպանության նախարարին 3-ամսյա ժամկետում, հաշվի առնելով միջազգային փորձը,  մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել իրավական ակտերի փաթեթ, որով կկանոնակարգվի ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման և հաշվետվողականության հետ կապված ընթացակարգերը:
Դիմելով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել ոլորտում տրամադրված բոլոր  լիցենզիաները և ներդրումների պարտավորությունները. «Մենք մի անգամ զգուշացրել ենք իրենց: Ասել ենք՝ ներկայացրեք ծրագրեր: Ծրագրեր ներկայացրածների հետ պայմանավորվում ենք, ֆիքսում ենք նոր ժամկետներ: Ովքեր չեն ներկայացրել ծրագրեր, նրանց հետ շատ կոշտ սկսում ենք խոսել լիցենզիաները հետ վերցնելու վերաբերյալ»:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից