Ամբողջությամբ լուսավորվել է ևս մեկ գյուղ


Ամբողջությամբ լուսավորվել է ևս մեկ գյուղ

  • 20-04-2017 16:44:12   | Վայոց ձորի մարզ  |  Կազմակերպություններ

Վայոց Ձորի մարզի Նոր Ազնաբերդ սահմանապահ գյուղն ունի շուրջ 70 տարվա պատմություն, սակայն հիմնադրման օրվանից այստեղ արտաքին լուսավորության համակարգ չի եղել:
 
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում՝ գյուղում իրականացվել է արտաքին լուսավորության ամբողջությամբ նոր ենթակառուցվածքների կառուցում։ Նոր Ազնաբերդում տեղակայվել է 60 LED լուսարձակ՝ լուսավորելով ամբողջ գյուղը՝ ավելի քան  2 կմ տարածություն:
 
Նորակառույց էներգախնայող համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը և բնակիչները: 
 
«Տևական ժամանակ՝ արդեն 4 տարի, գործընկեր կառույցի հետ և՛ սահմանապահ, և՛ հեռավոր մարզերի գյուղերն ապահովում ենք լուսավորությամբ: Ընդ որում՝ էներգախնայող համակարգով: Միայն այս տարի լուսավորվելու է 12 բնակավայր: Տարիներ առաջ մեր ընտրած ճանապարհն արդարացված է և կարևոր լուծում է ոչ միայն տվյալ գյուղի, համայնքի, այլև լայն առումով՝ երկրի համար: Ամենամոտավոր հաշվարկներով, նոր տեխնոլոգիաների կիրառումն էապես կնպաստի տնտեսության զարգացմանը. կկրճատվեն անհարկի ծախսերը, տնտեսված գումարների հաշվին կլուծվեն այլ խնդիրներ, բնապահպանական կարևոր հարց կլուծվի: Եվ որքան մեծ է լուսավորվող բնակավայրը, այնքան շատ կարող է լինել նաև էներգիայի խնայողությունն  ու ֆինանսների տնտեսումը», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
Բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի ներդրումը միտված է  խնայելու համայնքային  միջոցները և աշխուժացնելու գյուղի կյանքը: Հիմնականում անասնապահությամբ և այգեգործությամբ զբաղվող բնակիչների համար, գյուղի ենթակառուցվածքների զարգացումը կարևոր է ոչ միայն հարմարավետության, քաղաքակիրթ պայմաններից օգտվելու, այլև՝ ֆինանսական բեռի կրճատման տեսանկյունից:
 
Բնապահպանական և էներգախնայող LED լուսարձակների շահագործումը տնտեսապես արդյունավետ է բյուջետային համեստ միջոցներ ունեցող գյուղերի համար: Այսպիսի համակարգի օգտագործումը 80 տոկոսով կնվազեցնի էներգիայի ծախսը՝ թեթևացնելով գյուղի ֆինանսական բեռը:
 
Լուսարձակներն ամռանը գյուղի փողոցները կլուսավորեն 21:00-ից մինչև 00:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 23:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր:
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ