Խաբված քաղցրաշենցիները գյուղնախարարին առաջարկեցին իրենց «քցած» գործարարին պաշտոն տալ, որ պարտքերը վճարի (տեսանյութ)
20-04-2017 18:09:07 | Հայաստան | Հասարակություն
Խաբված քաղցրաշենցիները ՀՀ Գյուղատնտեսության նախարարին առաջարկեցին իրենց «քցած» «Վինար» ընկերության սեփականատիրոջը պետական պաշտոն տալ, որպեսզի վերջինս կարողանա փակել գյուղացիների մթերած խաղողի պարտքը: Ավելի վաղ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Իգնատի Առաքելյանը նշեց, որ քաղցրաշենցիների խնդրով գործը գտնվում է դատախազությունում:
Նրա խոսքերով` «Վինար» ընկերությունը չի կարողանում վճարել գյուղացիների պարտքը, քանի որ փող չունի, իսկ դատախազության կողմից հայտնաբերված սպիրտն անորակ է ու պիտանի չէ կոնյակի համար, հետևաբար այն չի կարող իրացվել, որտեղից էլ կփոխհատուցվեր գյուղացիների գումարները:
Լրագրողի այն դիտարկմանը, թե արդյո՞ք ստեղված իրավիճակը հետևանք է նրա, որ ժամանակին մթերողներին ստիպել են ընդունել բերքը, Ի. Առաքելյանը պատասխանեց, թե ինքը չի եղել ստիպողը. «Ով ստիպել է, թող նա էլ տեր կանգնի»:
Գյուղնախարարի պնդմամբ` քաղցրաշենցիների հետ իրականացված «Վինար» ընկերության գործարքն ամբողջությամբ անօրինական է, քանի որ այդ ընկերությունը համապատասխան լիցենզիա չի ունեցել:
Կառավարության շենքի առջև հավաքված քաղցրաշենցիների հետ զրույցում Ի. Առաքելյանը վստահեցրեց, որ նշյալ խնդրի մասին հաջորդ շաբաթ քննարկում կունենա վարչապետ Կարեն Կարապետյանի հետ և կայացված որոշման մասին անձամբ կտեղեկացնի նրանց:
Գյուղացիների այն առաջարկին, թե պետությունը թող պահուստային ֆոնդից վճարի իրենց գումարները, նախարարը նշեց, որ այդպես ճիշտ չէ, քանի որ դա նախադեպ կարող է դառնալ այլ ընկերությունների համար:
Քաղցրաշենցի Վազգենը նախարարի առջև ևս մեկ հարց բարձրաձայնեց: Նա տեղեկացրեց, որ չստանալով մթերված խաղողի գումարը, չի կարողացել վճարել հողի հարկը, որը այս երկու տարիների ընթացքում կրկնապատկվել է` հասնելով 2 մլն դրամի:
«Պարոն նախարար, եկեք Ձեր հետ խոսեմ ոչ թե որպես նախարարի, այլ ինձ հարազատ մարդու պես: Դե ասեք, Ավոն իմ փողը չի տվել, ինձ քցելա, ես որտեղի՞ց պետությանը վճարեմ հողի հարկը, եթե 2 միլիոն ունենամ, կթողեմ էս երկրից կգնամ, դե տղամարդավարի ասեք, ես որտեղի՞ց վճարեմ պետության իմ պարտքը»,- հացրեց գյուղացին: Նրան ի պատասխան` Ի. Առաքելյանն ասաց. «Չունես, մի վճարի»:
Նշենք, որ քաղցրաշենցիները 2015 թվականից չեն ստացել մթերած խաղողի գումարները, որը կազմում է 70-80 մլն դրամ:
«Վինար» գործարանի սեփականատերերն են Ավետ Գալստյանը և ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը։