Դաշինքի առաջնորդներն անորոշության մեջ են


Դաշինքի առաջնորդներն անորոշության մեջ են

  • 20-04-2017 18:31:56   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայկական մամուլում օրերս տեղեկություն է հրապարակվել ՕՐՕ դաշինքում տիրող անորոշ վիճակի մասին: Դաշինքի առաջնորդները, ըստ մամուլի, անորոշության մեջ են՝ Օսկանյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանն ԱՄՆ-ում են, հայտնի չէ նաեւ, թե ինչ է անում Սեյրան Օհանյանը: Մամուլի մեկ այլ հրապարակման համաձայն էլ Սեյրան Օհանյանը մտածում է սեփական կուսակցություն բացելու մասին:
 
 
Խորհրդարանի ընտրությանն ՕՐՕ դաշինքը թերեւս ամենահակասական մասնակիցներից էր, որտեղ առանցքում Սեյրան Օհանյանն էր, պաշտպանության նախարարի իր կենսագրությամբ, որը միաժամանակ թե առավելությունն ու գլխավոր խաղաքարտն էր, թե նաեւ խոցելիությունը:
Աներկբա էր նաեւ, որ ընտրությանը մասնակցելու որոշումով հանդերձ, Սեյրան Օհանյանն ինքն էլ հայտնվել էր բավական հակասական վիճակում: Մի կողմից նա գտնվում էր «ուղեկիցների» արմատական հռետորաբանության ալիքի վրա, մյուս կողմից ակնհայտորեն փորձում էր հնարավորինս տուրք չտալ այդ արմատականությանը, քաջ գիտակցելով հայաստանյան համակարգի իրողությունները, նրբերանգները եւ այդ ամենի անհամարժեքությունը Հայաստանի թե ներքին, թե արտաքին իրավիճակներին:
Այդ իմաստով, գուցե տարօրինակ հնչի, սակայն խորհրդարանում չհայտնվելը Սեյրան Օհանյանի համար հնարավորություն է դուրս գալ այն հակասական վիճակից, որում հայտնվեց խորհրդարանի ընտրության մասնակցության որոշումով:
Մնա՞լ քաղաքականության մեջ, թե՞ դուրս գալ ու հրաժեշտ տալ դրան: Սեյրան Օհանյանն ըստ երեւույթին այդ դիլեմայի առաջ է, որտեղ նրան թերեւս ճնշում է պարտված կամ անհաջողության մատնված լինելու զգացումը: Անկասկած, այդ զգացումը բավական բարդ ու ծանր գործոն է: Բայց, խոշոր հաշվով, քաղաքականությունը երեւույթ է, որտեղ պարտությունն ու հաջողությունը խիստ հարաբերական են, եւ ամեն ինչ կախված է քաղաքական մտածողությունից, իրավիճակի գնահատումից:
Հենց այդ իմաստով դժվար է ասել, թե հեռանկարի առումով խորհրդարան անցնե՞լն էր պաշտպանության նախկին նախարարի համար հաջողություն, թե՞ հակառակը: Ըստ այդմ, դիլեմայի հանգուցալուծումը պահանջում է ոչ թե իրավիճակի գնահատում սեփական պարտության կամ հաղթանակի չափորոշիչներով, այլ քաղաքական ամբողջական վիճակի՝ պետության առաջ կանգնած խնդիրների եւ հեռանկարների, ռազմավարական մարտահրավերների եւ հնարավորությունների ելակետով, սեփական դերը եւ ներուժը համադրելով դրանց եւ ըստ այդմ գնահատելով իրավիճակը:
Դա նշանակում է տեսադաշտից մի պահ դուրս թողնել թե ընդդիմությունը, թե իշխանությունը: Երկուսն էլ տվյալ դեպքում չափազանց փոքր կետեր են այն մեծ ու ընդարձակ իրադարձությունների ու շրջապտույտի մեջ, որ ծավալվում են Հայաստանի շուրջ:
Սեյրան Օհանյանն ըստ այդմ պետք է գնահատի սեփական վիճակը քաղաքականության մեջ, հետագա ներուժը, հնարավորությունը կամ դրա բացակայությունը: Խոշոր հաշվով, նախընտրական շրջանն ինքնին ոչ թե Սեյրան Օհանյանի մուտքն էր քաղաքականություն, այլ նրա որոշակի շեղումը մեծ քաղաքականությունից: Սեյրան Օհանյանը քաղաքականության մեջ էր առավել եւս անցնող 3-4 տարիներին, երբ չափազանց բարդ ռազմա-քաղաքական իրավիճակում հայկական զինուժը թե ռազմական, թե քաղաքական առումով պահում էր Հայաստանի ինքնիշխանության վերջին թելը եւ 2016 թվականի ապրիլին էլ թույլ չտվեց, որ այն կտրվի վերջնականապես:
Ընդ որում, նրա այդ առաքելությունը՝ նաեւ հայկական զինուժի այդ աշխարհքաղաքական գործառույթը եւ ռազմակավարական դերակատարումը արժանացավ միջազգային ճանաչման, որի վկայությունն այն մեծ ուշադրությունն էր, որ արտաքին դիվանագիտական առաքելությունները դարձնում էին Հայաստանի պաշտպանության նախարարությանը ոչ միայն ապրիլի պատերազմի օրերին, այլ գործնականում վերջին 2-3 տարիներին:
Ըստ այդմ, Օհանյանն ունի ոչ թե քաղաքականությունից դուրս գալ-չգալու, այլ հենց մեծ քաղաքականություն վերադառնալու խնդիր: Մնացյալը արդեն՝ մարտավարությունը, ձեւաչափը, բովանդակությունն ու գաղափարական-արժեհամակարգային հիմքը, այլ խոսակցության առարկա է: Ընդ որում, բուն խնդիրն անգամ Սեյրան Օհանյանի անձը չէ: Նա պարզապես իրենով մարմնավորում է այն ռազմա-քաղաքական գործոնը, որ կուտակվեց հայկական բանակի հավաքական ջանքով մասնավորապես 2014-16 թվականների ընթացքում, եւ որի «զորացրումը» կարող է բավական թուլացնել Հայաստանի պետականության ներուժը:
«Ցավոք, մեր մեջ շատերը կան, որ ուզում են ցույց տալ, թե ինչքան վատն ենք, թե օրինակ, ինչքան թույլ էր Սեյրան Օհանյանը, բայց նա այն մարդն է, որ ցույց տվեց, որ մեր զենքերը ոչ մի երկիր չի կարող ունենալ։ Նա երկար տարիներ աշխատեց, որ մեր զինվորը դառնա հերոս, նա ապացուցեց, որ զինվորը պետք է հարգանք ու պատիվ ունենա, որ սպաներն ու գեներալները պետք է զինվորին հարգանքով վերաբերվեն։ 2016 թվականին մենք ցույց տվեցինք, որ մեր զինվորն իր անունն արժանապատվորեն է կրում, քառօրյա պատերազմի ժամանակ մեր զինվորները զարմացրին մեզ, մենք տեսանք, թե զինվորների միջև ինչ եղբայրություն է տիրում», օրերս Lragir.am-ին տված հարցազրույցում ասել էր Կոմանդոսը՝ Արկադի Տեր-Թադեւոսյանը, ով նախընտրական շրջանում աջակցում էր ՀՀԿ-ին։
Էական չէ, թե ինչ կարգավիճակում եւ ձեւաչափով է արտացոլվում այդ գործոնը: Ավելին, այդ գործոնի իշխանությունից դուրս դրսեւորվածությունն ու արտահայտվածությունը ոչ միայն չի արժեզրկի կամ թուլացնի դրա իրական քաղաքական նշանակությունը, այլեւ հակառակը՝ կարող է էլ ավելի մեծացնել այն: Պարզապես, անցնող 2-3 տարիներին մեծ ջանքով եւ բավական թանկ կորուստով ձեւավորված այդ գործոնը չպետք է մանրացնել Հայաստանի իշխանության համար պայքարով, որովհետեւ խոշոր հաշվով քաղաքական խաղասեղանին դրված է առավել մեծ եւ լուրջ խաղադրույք, քան Հայաստանի իշխանության դիրքերի վիճարկումը:
Սեյրան Օհանյանի գնահատման չափանիշն ու որոշման կայացման ելակետը պետք է լինի թերեւս այդ շրջանակը: 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն