Դավիթ Լոքյանն ընդունել է ՄԱԿ ՓԳՀ տարածաշրջանային ներկայացուցչին


Դավիթ Լոքյանն ընդունել է ՄԱԿ ՓԳՀ տարածաշրջանային ներկայացուցչին

  • 20-04-2017 18:57:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցիչ Յոհաննես վան դեր Կլաուին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը:
 
Ողջունելով հյուրերին` նախարար Լոքյանը բարձր է գնահատել կազմակերպության հայաստանյան գրասենյակի հետ ակտիվ և արդյունավետ համագործակցությունը:  «Մենք բազմաթիվ խնդիրներ ենք ունեցել, որոնց հարցում միշտ զգացել ենք ձեր աջակցությունը: Օգտագործելով հանդիպման առիթը` ուզում եմ շնորհակալություն հայտնել մասնագիտական, խորհրդատվական, ինչու ոչ` նաև ֆինանսական օժանդակության համար»,-նշել է նախարարը հանդիպման սկզբում: Դավիթ Լոքյանը ընդգծել է, որ վերջին տարիներին այդ համագործակցությունը ստացել է նոր որակ և դարձել ավելի արդյունավետ` միևնույն ժամանակ ավելացնելով, որ դեռևս կան բազմաթիվ չլուծված խնդիրներ ու անելիքներ փախստականների զբաղվածության, մասնագիտական վերապատրաստման, բնակարանային, սոցիալական, առողջական, կրթական հարցերի հետ կապված: Դավիթ Լոքյանը  հույս է հայտնել, որ ՀՀ ՏԿԶ նախարարության Միգրացիոն պետական ծառայության թիմը և ՄԱԿ-ի ՓԳՀ հայաստանյան ներկայացուցչությունը առաջիկայում ևս կաշխատեն մեծագույն պատասխանատվության զգացումով և հաջողությամբ կլուծեն ոլորտում առկա  խնդիրները:
 
ՄԱԿ ՓԳՀ տարածաշրջանային ներկայացուցիչ Յոհաննես վան դեր Կլաուն շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և վերահաստատել ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցությունը, ինչպես նաև գործուն աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը:
 
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ապաստանի համակարգի ամրապնդման, փախստականների ինտեգրմանն ուղղված ծրագրերի մշակման և իրականացման հարցերին: Քննարկվել են այդ հիմնախնդիրների լուծման հնարավոր ուղիները, նախանշվել են հետագա համագործակցության ոլորտները: 
 
 
 
 
  
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն