Նախատեսվում է Հայաստանի մարզերը վերազինել հրշեջ-փրկարարական նոր տեխնիկայով


Նախատեսվում է Հայաստանի մարզերը վերազինել հրշեջ-փրկարարական նոր տեխնիկայով

  • 20-04-2017 19:13:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 20-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) տարածաշրջանային գրասենյակի պատվիրակության ղեկավար Ֆուշիմի Կացուտոշիին և նրա գլխավորած պատվիրակությանը:
 
Հանդիպման նպատակն էր քննարկել Ճապոնիայի և Հայաստանի կառավարությունների կողմից համատեղ իրականացվող դրամաշնորհային ծրագրերը, մասնավորապես՝ «Հրշեջ սարքավորումների բարելավման» և «Ճգնաժամային և աղետների ռիսկի կառավարման հանրային իրազեկման ցանց» ծրագրերը: 
«Հրշեջ սարքավորումների բարելավման» ծրագիրը նպատակ ունի բարելավել և հրշեջ-փրկարարական նոր տեխնիկայով համալրել Հայաստանի մարզերը:  
«Ճգնաժամային և աղետների ռիսկի կառավարման հանրային իրազեկման ցանց» ծրագիրը ենթադրում է ԱԻ նախարարությունում ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման կարողությունների հզորացում, ինչը կհանգեցնի նաև մարզերում արտակարգ իրավիճակների ոլորտում հանրային իրազեկման մակարդակի բարձրացմանը: 
Իր խոսքում՝ նախարար Տոնոյանն ընդգծեց, որ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ համատեղ աշխատանքն էլ ավելի ընդլայնվելու հնարավորություններ ունի՝ ինչը կնպաստի Հայաստանի մարզերում աղետներին դիմակայունության մակարդակի բարձրացմանն ու ռիսկերի նվազեցմանը:  
Նշենք, որ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) ստորագրելու են «Հայաստանում հրշեջ-փրկարարական գույքի բարելավում» ծրագրի նախապատրաստական ուսումնասիրության (դաշտային երրորդ՝ վերջին ուսումնասիրության) վերաբերյալ քննարկումների արձանագրությունը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն