Էկոտուրիզմի 2-րդ փառատոնն անակնկալ միջոցառումներով անցկացվելու է Արտավան գյուղում. (տեսանյութ)


Էկոտուրիզմի 2-րդ փառատոնն անակնկալ միջոցառումներով անցկացվելու է Արտավան գյուղում. (տեսանյութ)

  • 21-04-2017 15:15:45   | Հայաստան  |  Հասարակություն



Հայաստանում երկրորդ անգամ հուլիսի 8-9-ն անցկացվելու է Էկոտուրիզմի փառատոն, որի մասնակիցներին այս տարի հյուրընկալելու է Վայոց Ձորի Զառիթափ համայնքի Արտավան գյուղը: 
Ինչպես ապրիլի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց փառատոնի կազմակերպիչներից «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ Հռիփսիմե Աթոյանը, փառատոնի նպատակն է ոչ միայն խթանել էկոզբոսաշրջության զարգացումը կենսաբազմազանությամբ հարուստ գյուղական համայնքներում, այլև նպաստել, որպեսզի գյուղաբնակները հնարավորություն ունենան տեղում գյուղմթերքի վաճառքից որոշակի ֆինանասական եկամուտներ ստանալ: 
Ըստ նրա` երկօրյա փառատոնի ընթացքում այս տարի ևս մասնակիցներին սպասվում են բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներ, մասնավորապես, գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդես, էկոերթուղիներով քայլարշավներ, թռչնադիտարկումներ, թիթեղների դիտարկումներ, երեկոյան ժամերին աստղադիտումներ, համերգ խարույկի շուրջ, թեյախմության արարողություն, իսկ հաջորդ օրը վերը նշված միջոցառումներից բացի, կկայանա «Գանձերի որոնում» խաղը:  
 
«Քանի որ Հայաստանն ունի էկոտուրիզմի զարգացման մեծ պոտենցիալ, նախորդ տարի մի շարք հասարակական կազմակերպությունների հետ համատեղ որոշեցինք անցկացնել Էկոտուրիզմի փառատոն, որը կնպաստի էկոտուրիզմի մշակույթի զարգացմանը մեր երկրում»,- ասաց Հ. Աթոյանը` հավելելով, որ փառատոնի անցկացման վայրը փոփոխվում է, որպեսզի յուրաքանչյուր համայնքի բնակիչ քաջ գիտակցի բնության պահպանման կարևորությունը: 
Բանախոսի փոխանցմամբ` «Գանձերի որոնում» խաղն այս տարվա նորությունն է, որին կկարողանան մասնակցել բոլորը` առանց տարիքային սահմանափակման, սակայն խաղին մասնակցող մինչև 35 տարեկան 50 մասնակիցների համար փառատոնի կազմակերպիչները կապահովեն անվճար տեղափոխում և գիշերակաց: 
Հ. Աթոյանի խոսքերով` այդ ամենը հնարավոր է դարձել իրականացնել ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից տրված դրամաշնորհի շնորհիվ, իսկ փառատոնի ողջ ֆինանսական ծախսերը հոգացել է «Ռաֆորդ» հիմնադրամը:  
Փառատոնի մեկ այլ կազմակերպիչ, «Ձեղնահարկ» քուեսթ ակումբի ներկայացուցիչ Մանե Պապյանն իր հերթին ընդգծեց, որ քուեսթը նոր մշակույթ է Հայաստանում և մեծ պահանջարկ ունի: 
«Շատ ուրախ ենք համագործակցել «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա»-ի հետ Էկոտուրիզմի փառատոնի շրջանակներում, քանի որ խոչընդոտների հաղթահարումը լեռնային պայմաններում շատ ոգևորիչ է և թույլ է տալիս խաղի միջոցով բացահայտել տվյալ համայնքի բնությունը»,- նշեց նա: 
Վերջինիս փոխանցմամբ` խաղն իրենից ներկայացնում է թիմային աշխատանք, երբ թիմերը մեկ հուշումից մյուսն անցնելով` տրամաբանական և ինտելեկտուալ խնդիրների լուծմամբ հասնում են գանձերին: 
Հ. Աթոյանը նշեց, որ խաղի հաղթող թիմին սպասվում է անակնկալ պարգևատրում: 
«Նախորդ տարի Էկոտուրիզմի փառատոնին մասնակցեց շուրջ 400 հոգի, այս տարի ևս ակնկալում ենք ակտիվ մասնակցություն: Փառատոնին մասնակցելու համար շուտով կհայտարարվի գրանցման մասին, իսկ մեկօրյա և երկօրյա տուրերի փաթեթների գները շուտով կհստակեցվեն»,- տեղեկացրեց Հ. Աթոյանը` շեշտելով, որ փառատոնի մասնակիցները կարող են գիշերել վրանային ճամաբարում` վրաններ վարձակալելով կամ հյուրատներում: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play