Գաբրիել Ղազարյանն այսօր ընդունել է ԻԻՀ տրիատլոնի ֆեդերացիայի պատվիրակությանը


Գաբրիել Ղազարյանն այսօր ընդունել է ԻԻՀ տրիատլոնի ֆեդերացիայի պատվիրակությանը

  • 21-04-2017 15:01:55   | Հայաստան  |  Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության տրիատլոնի ֆեդերացիայի պատվիրակությանը՝ Հայաստանի եռամարտի (տրիատլոն) ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ավետիսյանի ուղեկցությամբ:
 
Նախարարի տեղակալը նշել է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը համագործակցում է մարզաձևերի, այդ թվում նաև՝ եռամարտի ազգային ֆեդերացիայի հետ և պատրաստ է իր գործունեության շրջանակներում աջակցել Հայաստանի և Իրանի եռամարտի ֆեդերացիաների համագործակցության արդյունավետության բարձրացմանը և մարզաձևի զարգացմանը: «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների միջև 2016 թվականին ստորագրվել է երկկողմ համագործակցության համաձայնագիր, ինչը խոսում է երկու երկրների սպորտի ոլորտում համագործակցելու պատրաստակամության մասին: Համատեղ կազմակերպվող մրցաշարերը և ուսումնամարզական հավաքները փորձի փոխանակման լավ հնարավորություն կլինեն հայ և իրանցի մարզիկների համար»,- ասել է նախարարի տեղակալը:
 
Կողմերը զրուցել են երկու երկրների տրիատլոնի հավաքականների փոխայցելությունների, համատեղ սեմինարների և ուսումնամարզական հավաքների մասնակցելու հնարավորությունների մասին:
 
Ինչպես նշել է Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ավետիսյանը, այս մարզաձևը զարգացման լավ հեռանկար ունի Հայաստանում: Նրա խոսքերով՝ այս օրերին տրիատլոնի ՀՀ հավաքականի 2 մարզիկներ՝ Գագիկ Սողոմոնյանը և Բաբկեն Պողոսյանը, ինչպես նաև մարզիչ Արամ Նազարյանը  Իսպանիայի Ալիկանտե քաղաքում մասնակցում են մարզիկների և մարզիչների համար տրիատլոնի եվրոպական միության կազմակերպած սեմինարին:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ