Մասիս քաղաքում բացվել է ՄԱԿ-ի անկյուն


Մասիս քաղաքում բացվել է ՄԱԿ-ի անկյուն

  • 21-04-2017 15:27:22   | Արարատի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր Հայաստանի Արարատի մարզի Մասիս քաղաքի Երիտասարդական կենտրոնում բացվեց ՄԱԿ-ի անկյուն՝ ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակի և Մասիսի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ։
 
ՄԱԿ-ի այս անկյունը, որը Հայաստանում 17-րդն է իր տեսակի մեջ, նպատակ ունի Երիտասարդական կենտրոնի այցելուներին և պարզապես հետաքրքրված անձանց հնարավորություն տալ օգտվելու ՄԱԿ-ի հրատարակություններից և այլ նյութերից։ Այդ միջոցով նրանք կարող են ծանոթանալ ՄԱԿ-ի արժեքներին և նպատակներին, կազմակերպության մանդատին, քաղաքականություններին ու ամենաբազմազան ոլորտներում գործունեությանը։ Որպես արդյունք՝ այս ամենը կնպաստի երիտասարդության զորացմանն ու նրանց ներգրավվածությանը ՄԱԿ-ի գլոբալ օրակարգի իրականացման գործում։
 
ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակի ղեկավար Արմինե Հալաջյանը շեշտեց Մասիսում ՄԱԿ-ի անկյան բացման կարևորությունը. «Երևանից դուրս նոր գործընկերների հետ մեր համագործակցության շրջանակներում և որպես գլխավոր նպատակ ունենալով մեր հիմնական թիրախային խմբին՝ երիտասարդությանը հասնելը՝ ՄԱԿ-ի երևանյան տեղեկատվական գրասենյակը բացում է ՄԱԿ-ի այս անկյունը Մասիսում։ Այս անկյունը կարող է լավ մեկնարկ լինել այս կենտրոնի այցելուներին ՄԱԿ-ին մոտեցնելու՝ առանց ֆիզիկապես ՄԱԿ-ի գրասենյակում գտնվելու անհրաժեշտության։ Ակնկալում ենք հետագա համագործակցություն և փոխայցելություններ ամենամոտ ապագայում»։
 
Իր ողջույնի խոսքում Մասիսի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Հովհաննիսյանը շնորհավորեց քաղաքի բնակիչներին կարևոր իրադարձության կապակցությամբ և նշեց. «Մենք շատ ենք կարևորում համագործակցությունը Միավորված ազգերի կազմակերպության հետ։ ՄԱԿ-ի այսօր բացված անկյունը կօգնի Մասիսի երիտասարդությանն ավելին իմանալ ՄԱԿ-ի աշխատանքի մասին թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս։ Կրթական և իրազեկման համատեղ միջոցառումները կօգնեն Երիտասարդական կենտրոնի երեխաներին ավելին իմանալ ՄԱԿ-ի աշխատանքի սկզբունքների մասին։ Մասիսի զարգացման հիմնադրամի և Երիտասարդական կենտրոնի գործունեության մեջ մենք առաջնորդվում ենք համանման սկզբունքներով, այն է՝ ձգտել երիտասարդների մեջ զարգացնել ակտիվ, ոչ անտարբեր վերաբերմունք քաղաքացիական հասարակության զարգացման, մարդու իրավունքների, շրջակա միջավայրի պահպանության հարցերի նկատմամբ։ Հուսով ենք, որ միասին մենք կնպաստենք Մասիսի ու Հայաստանի զարգացմանն ու բարգավաճմանը»։
 
ՄԱԿ-ի անկյան բացման պաշտոնական արարողությանը հետևեցին ՄԱԿ-ի մասին պատմող «Կհանդիպենք» անիմացիոն ֆիլմի դիտումը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ու ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությամբ ինտերակտիվ քննարկումը։ Միջոցառումը եզրափակվեց Մասիսի երիտասարդների կազմակերպած մշակութային ծրագրով։
 
****
 
Մասիսի զարգացման հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է՝ հիմնադրված 2015 թվականին Adibekyan Family Foundation for Advancement բարեգործական կազմակերպության կողմից՝ Մասիս քաղաքի զարգացումը խթանելու նպատակով։ Հիմնադրամի գործունեության նպատակն է միավորել բնակիչներին Մասիս քաղաքի կյանքի որակի բարելավման գործընթացի շուրջ և ձևավորել ակտիվ ու մտահոգ քաղաքացիների նոր սերունդ, որն ապագայում իր ավանդը կունենա Հայաստանի զարգացման և բարգավաճման գործում:
Հիմնադրամն ստեղծել է Մասիսի երիտասարդական կենտրոնը, որը քաղաքի երիտասարդների նախաձեռնությունների զարգացման, տաղանդի և ընդունակությունների բացահայտման յուրահատուկ հարթակ է: Մասիսի Երիտասարդական կենտրոնը գործունեություն է ծավալում երեք հիմնական ուղղություններով՝ կրթություն, սոցիալական նախագծեր և  կամավորություն: Ներկայումս  կենտրոն է այցելում մինչև  18 տարեկան 120  երեխա: Երիտասարդական կենտրոնը գործարկել է  ilovemasis.com քաղաքային պորտալը, որտեղ կարող եք ծանոթանալ ոչ միայն Մասիսի զարգացման հիմնադրամի, այլև ամբողջ քաղաքի հիմնական իրադարձություններին:
 
ՄԱԿ-ի անկյունները նպատակ ունեն բարձրացնելու հանրային իրազեկվածության մակարդակը՝ հետաքրքրություն խթանելով ՄԱԿ-ի արժեքների, համաշխարհային օրակարգի և քաղաքականությունների վերաբերյալ: Բացի ՄԱԿ-ի հրատարակությունների և կազմակերպության մասին այլ նյութերի համար նախատեսված գրապահարան/անկյուն ունենալուց, այս անկյունները գլխավորապես ծառայում են որպես ՄԱԿ-ի աշխատակիցների հետ հանդիպումների, աշխատաժողովների, քննարկումների, ցուցահանդեսների, ֆիլմերի ցուցադրությունների, նոր հրատարակությունների շնորհանդեսների կազմակերպման հարթակ։ ՄԱԿ-ի անկյունների մեծ մասը (դրանցից 11-ը) տեղակայված է Երևանի համալսարանների գրադարաններում։ Մայրաքաղաքից դուրս ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ՄԱԿ-ի անկյուններ է բացել (ընդհանուր՝ 5 անկյուն) համայնքային գրադարաններում և գործընկեր ՀԿ-ների գրասենյակներում։ 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն