Ասորական համայնքն ԱԺ-ում ներկայացնող Արսեն Միխայլովը չունի համապատասխան կրթություն և չի ներկայացնում համայնքի շահերը.(տեսանյութ)


Ասորական համայնքն ԱԺ-ում ներկայացնող Արսեն Միխայլովը չունի համապատասխան կրթություն և չի ներկայացնում համայնքի շահերը.(տեսանյութ)

  • 21-04-2017 16:58:30   | Հայաստան  |  Հասարակություն



Հայաստանում ասորական համայնքը նոր Ազգային Ժողովում ունի իր ներկայացուցիչ պատգամավորը` ի դեմս Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից նշանակված Արսեն Միխայլովի, ով չունի համապատասխան կրթություն և չի ներկայացնում համայնքի շահերը: Այս մասին ապրիլի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի ասորական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ, ՀՀ նախագահին կից ազգային փոքրամասնությունների հարցերով համակարգող խորհրդի անդամ  Իրինա Գասպարյանը։ 
 
Ըստ նրա` 2015 թվականին անցկացված Սահմանադրական փոփոխություններով և նոր Ընտրական օրենսգրքով սահամանված այն պարտադիր կետը, թե Հայաստանում ազգային փոքրամասնություն համարվող խոշորագույն համայնքների` եզդիներ, ռուսներ, ասորիներ և քրդեր, մեկական ներկայացուցիչները պետք է ներկայացաված լինեն խորհրդարանում այդքան էլ ուրախացնող չի եղել համայնքի համար, քանի որ վերջինիս զրկել են սեփական ներկայացուցչին ընտրելու իրավունքից: 
Նշենք, որ ասորական համայնքից ՀՀԿ-ի երկրորդ ցուցակով առաջադրված են եղել Արսեն Միխայլովը, Իրինա Գասպարյանը, Ալբերտ Յակուբովը և Ավդիշյան Բենյամինը: 
Ի. Գասպարյանի խոսքերով` ցուցակում վերոնշյալ թեկնածուների համարները որոշել է մեկ մարդ` ՀՀ նախագահի օգնական Արմեն Աբելյանը կամայական ցանկությամբ, հետևաբար ասորական համայնքից խորհրդարան է անցել առաջին համարի տակ հանդես եկող թեկնածուն, այսինքն` Արսեն Միխայլովը: 
«Ստացվում է` Ազգային ժողովում ասորական համայնքը ներկայացնելու է մի մարդ, ով ոչ միայն գաղափար չունի, թե ինքը որտեղ է հայտնվել և ինչի համար, այլև այնքան գիտելիքներ չունի, որպեսզի կարողանա համայնքի խնդիրների մասին բարձրաձայնել խորհրդարանում»,- ընդգծեց բանախոսը` հավելելով, որ ասորական համայնքը ներկայացնող պատգամավորը խոչընդոտելու է համայնքի զարգացմանը: 
Ի. Գասպարյանի փոխանցմամբ` այս ամենի մասին բարձրաձայնելով` ինքը նպատակ չունի զբաղեցնել Ա. Միխայլովի տեղը, այլ պարզապես համայնքի և իր ցանկությունն է, որպեսզի ասորական համայնքը խորհրդարանում ներկայացնի գրագետ և բանիմաց պատգամավոր:
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Հասարակություն