Տեղի է ունեցել սպորտային տուրիզմի զարգացման հայեցակարգի մշակման հանձնաժողովի առաջին նիստը


Տեղի է ունեցել սպորտային տուրիզմի զարգացման հայեցակարգի մշակման հանձնաժողովի առաջին նիստը

  • 21-04-2017 18:20:29   | Հայաստան  |  Սպորտ

Տեղի է ունեցել սպորտային տուրիզմի զարգացման հայեցակարգի մշակման հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը:
 
Նախարարի տեղակալը ողջունել է հանձնաժողովի անդամներին ու հրավիրվածներին և տեղեկացրել, որ սպորտային տուրիզմի զարգացման հայեցակարգի մշակման աշխատանքները ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ուշադրության կենտրոնում են:
 
«Հանձնաժողովը պետք է ամենայն պատասխանատվությամբ վերաբերվի հայեցակարգի մշակմանը, ինչը, վստահ եմ, կանեն հանձնաժողովի անդամները, որոնք ոլորտի լավագույն մասնագետներն են»,- ասել է Խ. Ասրյանը: Նա նաև հորդորել է հայեցակարգի մշակման գործում հաշվի առնել մեր երկրի աշխարհագրական և բնակլիմայական առանձնահատկությունները: «Սպորտային տուրիզմը նոր ոլորտ է մեր երկրի համար: Հայաստան աշխարհը հարուստ է ալպինիզիմի և այլ էքստրեմալ մարզաձևերի համար նպաստավոր պայմաններով, և անհրաժեշտ է հաշվի առնել այդ բոլոր հնարավորությունները՝ Հայաստան այցելող զբոսաշրջիկներին սպորտային տուրիզի բոլոր տարատեսակներից օգտվելու համար: Վստահ եմ, որ սպորտային տուրիզմը կարող է մեր երկրի համար նաև դրական տնտեսական նշանակություն ունենալ»,- հավելել է նախարարի տեղակալը:
 
Հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ղեկավարելու է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի խորհրդական Արտաշես Ստեփանյանը: Հանձնաժողովի անդամներին հանձնարարվել է մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել աշխատանքային խմբի անդամության թեկնածուների անունները:
 
Խ. Ասրյանի հանձնարարությամբ սպորտային տուրիզմի զարգացման հայեցակարգի մշակման աշխատանքային խմբի նիստերն անցկացվելու են շաբաթական պարբերականությամբ, իսկ հանձնաժողովը նիստեր կգումարի ամիսը մեկ անգամ:
Նոյյան տապան  -   Սպորտ