Երևանը կարոտ է մաքուր ձեռքերի, մաքուր սրտերի, մաքուր հոգիների. Մեկնարկեց «Երկիր Ծիրանիի» քարոզարշավը (տեսանյութ)



21-04-2017 18:37:52   | Հայաստան  |  Հասարակություն
 


«Մարդկային ջերմություն արևի քաղաքին» կարգախոսով այսօր Ազատության հրապարակում մեկնարկեց Երևանի ավագանու մայիսի 14-ի ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած «Երկիր Ծիրանի» կուսակցության քարոզարշավը: 
Կուսակցության նախընտրական ծրագիրը հրապարակում հավաքված քաղաքացիներին և լրագրողներին ներկայացրեց «Երկիր Ծիրանիի» նախագահ Զարուհի Փոստանջյանը: 
Նա, մասնավորապես, տեղեկացրեց. «Մեր ծրագիրը նախատեսում է անդրադարձ կատարել ճարտարապետության և քաղաքաշինության, Երևանի կենտրոնի կառուցապատման խնդիրներին, փողոցների ու բակային տարածքների բարեկարգմանը, արտաքին լուսավորմանը, բազմաբնակարանային շենքերի կառավարմանը, հանրային տրանսպորտին, մետրոպոլիտենի շինարարությանը, տրամվաների շահագործման անհրաժեշտությանը, հեծանիվային ուղիների կառուցմանը, աղբահանությանն ու աղբի վերամշակմանը, քաղաքի բարեկարգմանը և կանաչապատմանը, անօդևան ընտանի կենդանիներին, առևտրի և սպասարկման ոլորտին, զբոսաշրջությանը, ունենք դրույթներ մշակութային, առողջապահական, կրթության, հարկահավաքի և բյուջեի կառավարման վերաբերյալ»:   
Զ. Փոստանջյանի խոսքերով` հատուկ ծրագրային դրույթ ունեն կառուպցիայի, մասնավորապես, հանրային գնումների վերաբերյալ, քանի որ հենց այստեղ է գործում ամբողջ չարաշահման մեխանիզմը, որի ներքո էլ տարիներ շարունակ յուրացվել են հանրային միջոցները: 
 Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը նաև ընդգծեց, որ իրենք ցանկանում են քաղաքին տալ այն տեսքը, որը ժամանակին սեփական պատկերացումներով երևանցիների համար գծագրել էր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: 
Նրա պնդմամբ` Երևան քաղաքն այսօր կարոտ է մաքրության` մաքուր ձեռքերի, մաքուր սրտերի, մաքուր հոգիների: 
Անդրադառնալով «Երկիր Ծիրանիի» ավագանու անդամների ներկայացուցիչներին` Զ. Փոստանջյանն ընդգծեց, որ թիմում ընդգրկվածներն ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են, ովքեր իրենց ոլորտի գիտակն են ու հայտնի դեմքը: 
Նշենք, որ «Երկիր Ծիրանիի» նախընտրական քարոզարշավը մեկնարկեց հեծանվաերթով:  
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից