Հարգանքի տուրք բյուրավոր նահատակների հիշատակին. Չենք մոռացել, չենք մոռանա...


Հարգանքի տուրք բյուրավոր նահատակների հիշատակին. Չենք մոռացել, չենք մոռանա...

  • 24-04-2017 11:14:02   |   |  Հասարակություն

 
Ժամանակն է, որ  միջազգային կառույցները եւ հանրությունը, ո'չ թե ճանաչեն ցեղասպանությունը, այլ  ճանաչեն ու հաստատեն Արցախի ինքնիշխանությունը, դատապարտեն հայոց դեմ կատարված ցեղասպանությունը եւ նպաստեն վերացնելու ցեղասպանության  հետեւանքները՝ ի խնդիր արդարության եւ իրավունքի վերականգման:
 
Սիրելի Հայրենակիցներ,
Հայոց ցեղասպանությունից 102 տարի անց, մարդկությունը հսկայական գիտական, տեխնիկական, այլ եւ այլ զարգացումներ գրանցելուց հետո, դեռեւս չի կարողացել ցեղասպանությունների, կոտորածների, բռնի տեղահանումների, հայրենազրկումների եւ անարդարությունների դեմ ընդունելի լուծում գտնել:
Այս բոլորի հիմնական պատճառը իհարկե աշխարհում տիրող անհավասար ու անմարդկային տնտեսական, քաղաքական, հասարակական համակարգերի տիրապետությունն ու իշխանությունն է: 
Աշխարհի հզոր տերությունները, աշխարհը կլանելու իրենց որդեգրած քաղաքականությամբ,  ձգտում են ամեն գնով պահպանել եւ ընդարձակել իրենց գերակայությունը: 
Մնացյալ մեծ ու փոքր  բռնապետական եւ ոչ ժողովրդավարական իշխանությունները, իրենց հերթին եւ իրենց կարողությունների սահմաններում, ձցտում են անմասն չմնալ  ավարներից եւ հարստությունից: Իսկ մեջտեղում սպանվում է մարդկությունը՝ ինչպես սպանվեց 102 տարի առաջ, oսմանա-թուրքական բարբարոսների ձեռքով՝ նույն գերտերությունների աչքի առաջ եւ նրանց թողտվությամբ...
Միեւնույն ժամանակ անարդարությունների ու անազատությունների դեմ՝ դարերից եկած ազգերի ու ժողովուրդների մղած պայքարը շարունակվել ու շարունակվում է... Մարդկությունը, անթիվ, անհամար զոհեր տալով, հարթում է ազատության եւ  իրավունքի հասնելու ճամբան: Այս պայքարում հայ ժողովուրդը, ենթարկվելով մարդկության դեմ կատարված քսաներորդ դարի առաջին ցեղասպանության, կրել է  մեծագույն կորուստը:
Միջազգային հանրության համար, դեռեւս առավել ցայտուն, այսօր մեծագույն հանցանքը եւ կարեւորագույն խնդիրը հանդիսանում է մարդկության դեմ կատարված ոճրագործությունները եւ ցեղասպանությունները: 
Այսօր էլ՝ 102 տարի անց, նույն ցեղասպանական հրեշավոր մտքերն ու ծրագրերը դեռ ապրում ու նոր ծիլեր են արձակում մեր շրջապատում՝ հայ ժողովրդի հայրենիքի մեծ մասին տիրացած Թուրքական պետության ֆաշիստ ղեկավարների ուղեղներում, ինչպես նաեւ նրանց փոքր եղբայրներն հանդիսացող՝ կեղծ ու գողացած  Ադրբեջան կոչվող երկրի  իշխանավորների ցնդաբանությամբ լցված գլուխներում:
Հայ ազգը, լինի դա հայրենիքում թե հայրենիքից դուրս, հանուն իր ոտնահարված իրավունքների, հանուն երջանիկ ու ազատ ապրելու իր անկոպտելի իրավունքի, հարկավոր է առավել կազմակերպվածությամբ եւ գիտակցականությամբ, միասնական կամքով իր սկսած պայքարը շարունակել մինչեւ վերջնական հաղթանակ:
Աշխարհում այսօր ականատես ենք, թե, ինչպես մեկը մյուսի ետեւից իշխանության են գալիս հակասական շահերով եւ  իշխանական մոլուցքով բռնված ուժեր եւ խմբավորումներ, որոնք ի խնդիր իրենց անմարդկային եւ անօրինական անհատական կամ խմբակային ամբիցիաների իրականացման՝ սպառնում են կրակի մատնել աշխարհը:
Մեր շուրջ դիվային ծրագրեր են իրականանում, քանդվում են երկրներ, հարյուր հազարավորներ պատերազմի զոհ են դառնում, միլիոնավոր հասարակ մարդիկ տեղահան են լինում... Ստեղծվում են բազմաթիվ այսպես կոչված «Իսլամական Պետություններ», «ալ-Նուսրաներ» և նման ահաբեկչական խմբեր...
Եթե 90-ական թվականներին Թուրքիայում Էրդոգանը լոկ հայտարարում էր, որ մզկիթները իրենց զորանոցներն են, գմբեթները իրենց սաղավարտը, մինարեները իրենց նիզակները...եւ այլն..., ապա այսօր նա հաղթական տոնում է իր նոր սուլթանությունը եւ հաստատում, որ ուրիշների հայրենիքների վրա Թուրքիա կոչվող կեղծ երկրի մեջ պիտի ապրեն միայն թուրքեր... Իսկ նրա կրտսեր եղբայր՝ Ալիեւի մղձավանջը Երեւանն է...
Թվում է, թե մարդկության եւ առաջադեմ ուժերի պայքարը այսօր որոշակի նահանջ է ապրում, սակայն դա ժամանակավոր բնույթ է կրում, եւ հարկավոր է անցյալից դասեր քաղելով շարունակել պայքարը:
Չարագուշակ այս փոփոխություններից, իհարկե, ոչ մի լավ բան չի կարելի սպասել... Ուստի մեզ՝ հայերիս, թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի Հանրապետությունից դուրս, հարկավոր է լինել զգոն, լինել աչալուրջ, լինել իրատես, եւ ազգային ու հավաքական շահերից ելնելով՝ դիմակայել գալիք բոլոր արհավիրքներին ու մարտահրավերներին՝ նկատի ունենալով, որ բռնատիրական պետությունները եւ երկրները ուշ կամ կանուխ քայքայվելու են... եւ գալու է հատուցման ժամը:
Ցեղասպանության 100-ամյակին, առաջադեմ մարդկության արձագանքը եւ զորակցությունը մեծ էր եւ մեզ լիցքավորեց, սակայն ինքնաքննադատությամբ նշենք նաեւ, որ, ցավոք, այդ դրական լիցքավորումից չկարողացանք լիարժեք օգտվել, եւ չնայած ամպագոռգոռ կոչերի եւ հրապարակված հռչակագրերի, այս պայքարի ղեկը իրենց ձեռքն ստանձնած համահայկական ղեկավարությունը մնաց անգործունյա եւ աննպատակ: 
Բավ է տեղում անընդհատ դոփենք եւ պահանջենք որ աշխարհը ճանաչի ցեղասպանությունը: Աշխարհը արդեն ճանաչում է Ցեղասպանությունը եւ բոլորի համար էլ – ուզեն թե չուզեն- անհերքելի է ցեղասպանության իրողությունը:
Ժամանակն է արդեն (եւ դեռ ուշացել ենք) պահանջել, որ  միջազգային կառույցները եւ հանրությունը, ո'չ թե ճանաչեն ցեղասպանությունը, այլ  ճանաչեն ու հաստատեն Արցախի ինքնիշխանությունը, դատապարտեն հայոց դեմ կատարված ցեղասպանությունը եւ նպաստեն վերացնելու ցեղասպանության հետեւանքները՝ ի խնդիր արդարության եւ իրավունքի վերականգման:
Եվրոպայի Հայերի Համագումարը հավատարիմ իր որդեգրած սկզբունքներին եւ համոզմունքին, կրկին շեշտում է, որ 102 երկար տարիներից հետո «հայ ժողովրդի անսպառ ջանքերի եւ առաջադեմ մարդկության անմիջական աջակցության շնորհիվ՝ վերջապես արդարության եւ օրենքի կիրառումը կդառնա իրականություն, կվերանան ցեղասպանության առաջացրած բոլոր հետեւանքները, եւ հայ ժողովուրդը կստանա արդարացի համապատասխան փոխհատուցում»:
Այսպիսով կվերականգնվի 102 երկար տարիների սպասված արդարությունը:
Դա կլինի մեր եւ մարդկության համար մեծագույն հաղթանակ:
 
Եվրոպայի Հայերի Համագումար
24 ապրիլ 2017
Ուփսալա – Շվեդիա
 contact@aaeurop.com
Նոյյան տապան  -   Հասարակություն