Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակը դառնում է պայթյունավտանգ (տեսանյութեր և լուսանկարներ)


Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակը դառնում է պայթյունավտանգ (տեսանյութեր և լուսանկարներ)

  • 24-04-2017 20:46:49   | ԱՄՆ  |  Քաղաքական



 
 
Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակը գնալով սրվում է ու դառնում պայթյունավտանգ: Միացյալ Նահանգները Խաղաղ օվկիանոսում ճապոնիայի հետ համատեղ զորավարժություններ է սկսել, սակայն, դատելով ամենից, դրանք սովորական զորավարժություններ չեն:
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է, որ երկու երկրների նավատորմները ծրագրեր են մշակում դեպի Չինաստանի արևելյան ջրեր, ապա դեպի հյուսիսային կողմ շարժվելու համար: Դա նշանակում է, որ զորավարժություններին մասնակցող ամերիկյան ու ճապոնական ռազմանավերն, իրոք, ուղևորվում են Հյուսիսային Կորեայի կողմ: Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է նաև, որ զորավարժություններն առաջիկա օրերին շարունակվելու են:
Ճապոնիայի ռազմածովային ուժերի «Սամիդարե» և «Աշիգարա» ռազմանավերը դեռ անցած ուրբաթ հեռացել էին հարավ-արևմտյան Նագասակիից՝ Խաղաղ օվկիանոսում ԱՄՆ-ի ատոմային «Կարլ Վինսոն» ավիակրի գլխավորությամբ նավարկող ռազմանավերի հարվածային խմբին միանալու համար: Հրապարակված որոշ տեղեկությունների համաձայն, «Կարլ Վինսոն»-ի վրա կա միջուկային զենք, համենայն դեպս, այդ ռազմանավն ունի նման զենք կրելու հնարավորություն:
ԱՄՆ-ի և Ճապոնիայի համատեղ զորավարժությունները մեկնարկել են Հյուսիսային Կորեայի բանակի հիմնադրման տարեդարձից երկու օր առաջ՝ ապրիլի 23-ին: Ենթադրվում է, որ ի նշանավորումն իր բանակի հիմնադրման տարեդարձի, Հյուսիսային Կորեան կիրականացնի 6-րդ միջուկային փորձարկումը կամ, առնվազն, բալիստիկ հրթիռի հերթական փորձարկում: ԱՄՆ-ի և Ճապոնիայի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժության նպատակն այդ փորձարկման կանխարգելումն է, ինչը նշանակում է կոպիտ միջամտություն ինքնիշխան պետության ներքին գործերին: Սպասվում էր, որ Հյուսիսային Կորեան միջուկային զենքի կամ բալիստիկ հրթիռի փորձարկում կիրականացնի ապրիլի 15-ին` նվիրված իր հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան 105-ամյակին, սակայն այդ պետությունը մոտ 10 օր առաջ չգնաց ԱՄՆ-ի կողմից սպասվող այդ քայլին: Կարծես պարզաբանելով այդ օրը միջուկային փորձարկում չիրականացնելը, ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի մշտական ներկայացուցչի տեղակալ Կիմ Ին Ռենը ապրիլի 17-ին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան իրականացնելու է նոր, թվով 6-րդ միջուկային փորձարկումը, երբ դա անհրաժեշտ կհամարի:
«Դա կկայանա այն ժամանակ և այնտեղ, երբ մեր շտաբ-բնակարանում անհրաժեշտ կհամարեն»,- ասել է նա ՄԱԿ-ում հրավիրված մամուլի ասուլիսում:
Վաշինգտոնում և Տոկիոյում Հյուսիսային Կորեայի զինված ուժերի կողմից վաղը սպասվող կամ ենթադրելի փորձարկումը համարում են սադրիչ, մինչդեռ սադրիչ կլինի Հյուսիսային Կորեայի հրթիռի ոչնչացումը ամերիկյան ռազմանավից արձակված հակահրթիռով: Դրանից հետո Հյուսիսային Կորեան իսկապես կարող է հրթիռային և հրետանային հարվածներ հասցնել ԱՄՆ-ի և Ճապոնիայի ռազմանավերի, ինչպես նաև հենց Ճապոնիայի և Հարավային Կորեայի ուղղությամբ: Թե այդ հարվածներից քանի՞սը տեղ կհասնի, դժվար է ասել, բայց որ գործողությունների նման ընթացքը կհանգեցնի հակամարտ կողմերի միջև լայնամասշտաբ պատերազմի, թերևս նաև միջուկային զենքի կիրառմամբ, կասկածից գրեթե դուրս է:
Հյուսիսային Կորեան արդեն իսկ հայտարարել էր, որ Փհենյանն իր մարտունակությունը ցուցադրելու համար պատրաստ է կործանել Խաղաղ օվկիանոսում ԱՄՆ-ի ավիակիրը և ճապոնական ռազմանավերը: Ավելի վաղ Հյուսիսային Կորեան հայտարարել էր, որ իր ափերին մոտեցող ԱՄՆ-ի ռազմանավերին, նրանց թվում «Կարլ Վինսոն» ավիակրին ոչնչացնելու քայլին կդիմի նրանց կողմից ագրեսիայի դեպքում: Ցանկացած պարագայում սադրիչ կլինի առաջին հարվածը հասցնող կամ հարվածի փորձ կատարող կողմի գործողությունը:
Միջազգային լրահոսի բազմաթիվ տեղեկություններ վկայում են, որ ավելի վաղ տարածված տեղեկատվությունը, թե «Կարլ Վինսոն»-ը չի ուղևորվել Հյուսիսային Կորեայի ափեր (այդ մասին տեսանյութը` ստորև), ավիակիրն ի սկզբանե էլ նավարկել է Ճապոնական ծովին հակառակ ուղղությամբ, դեպի Հնդկական օվկիանոս, որպեսզի մասնակցի Ավստրալիայի հետ համատեղ զորավարժություններին, «Կարլ Վինսոն»-ը գտնվում է Ճապոնական ծովից հեռու, Կորեական թերակղզուց 5000 կիլոմետրի հեռավորության վրա, կեղծիք է: Դժվար է ասել, թե այն հանրությանը խաբելուց բացի, ուրիշ ինչ նպատակ ունի:
Հիշենք, որ Հյուսիսային Կորեայի «Մինչժու Չոսոն» կառավարական թերթը, համաձայն TASS գործակալության հաղորդման, օրեր առաջ գրել էր.
«Փհենյանն ունի սպառազինություններ, որոնք կարող են մեկ հարվածով ոչնչացնել նրա հակառակորդներին, որոնք սիրում են խաղալ կրակի հետ և ձգտում են Հյուսիսային Կորեային զրկել ինքնիշխանությունից, արժանապատվությունից և կենսական իրավունքներից»:
Կառավարական թերթը նշելով, որ ԱՄՆ-ը վերջերս անպատիժ հարված է հասցրել Սիրիայի ավիաբազային, Միացյալ Նահանգներին կոչ էր արել «չմոռանալ, որ Հյուսիսային Կորեան Սիրիան չէ», ապա խորհուրդ է տվել զերծ մնալ անխոհեմ ծրագրերից:
«Մինչժու Չոսոն»-ն միաժամանակ նախազգուշացրել էր, որ ԱՄՆ-ը «չի կարողանա ապահովել ամերիկյան ռազմակայանների անվտանգությունը Հարավային Կորեայում, Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ինչպես նաև ԱՄՆ-ի մայրցամաքային մասում, երբ ԿԺԴՀ-ի անպարտելի հեղափոխական ժողովրդական բանակի մարտիկները կրակ բացեն»: Ըստ որոշ ռազմական փորձագետների, ռազմական գործողությունների կամ պատերազմի պարագայում Հյուսիսային Կորեայի հարվածներն ամերիկյան ռազմանավերին կչեզոքացվեն, սակայն Միացյալ Նահանգներն ի զորու չի լինի պաշտպանել Հարավային Կորեան, թերևս նաև Ճապոնիան Հյուսիսային Կորեայի հարվածներից:
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական