Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմում հայն աշխարհին ներկայանում է ոչ միայն զոհի կերպարով, այլև թշնամու դեմ պայքարողի


Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմում հայն աշխարհին ներկայանում է ոչ միայն զոհի կերպարով, այլև թշնամու դեմ պայքարողի

  • 25-04-2017 14:34:34   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմում հայն աշխարհին ներկայանում է ոչ միայն զոհի կերպարով, այլև թշնամու դեմ պայքարողի: Այսպես է բնութագրում հոլիվուդյան արտադրության վերոնշյալ ֆիլմը «Շարմ Հոլդինգ»-ի պրոդյուսեր Կարեն Ղազարյանը: 
Ըստ նրա, ի տարբերություն ցեղասպանությանն անդրադարձող այլ ֆիլմերի, «Խոստում» ֆիլմի միջոցով պատմվող իրականությունն ավելի հավաստի կարող է լինել օտարերկրացիների համար, քանի որ ֆիլմը բեմադրել է ոչ թե ազգությամբ հայ, այլ օսկարակիր հայտնի ռեժիսոր Թերրի Ջորջը: 
«Շատ լավ հնարավորություն է մեզ տրվել աշխարհին պատմել մեր ցավի ու պատմության մասին, և ամենակարևորն այն է, որ դրա  մասին պատմում են ոչ թե հայերը, այլ հոլիվուդյան աստղերը»,- ասաց Կ. Ղազարյանը` հավելելով, որ «Խոստում»-ը խոստում է պատմությունը հիշելու և պահանջատեր լինելու մասին, ինչպես նաև երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի կողմից նման ֆիլմ ստեղծելու իրականացված խոստում:
«Խոստում» ֆիլմի սյուժեն պատմում է դեղագործների ընտանիքից Միքայել անունով հայ երիտասարդի մասին, ով Արևմտյան Հայաստանի Սիրուն գյուղից մեկնում է Կոստանդնուպոլիս բժշկի մասնագիտություն ձեռք բերելու համար: Այստեղ նա ծանոթանում է նկարչուհի Աննայի հետ և սիրահարվում: Հայ երիտասարդների սիրո պատմությունը կարճ ժամանակ անց ընդհատվում է հայերի զանգվածային սպանությունների ու տեղահանությունների պատճառով, որոնց զոհ են դառնում նաև Միքայելի ընտանիքի անդամները: 
Հայազգի մեծ բարերար Քըրք Քըրքորյանի «Survival Pictures» ընկերության կողմից ստեղծված «Խոստում» ֆիլմի գլխավոր դերերում նկարահանվել են այնպիսի համաշխարհային աստղեր, ինչպիսիք են Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը, Շարլոտ լը Բոնը, Անժելա Սարաֆյանը, Ժան Ռենոն և այլոք, իսկ ֆիլմի երաժշտական ձևավորմանն իր մասնակցությունն է ունեցել հանրահայտ երաժիշտ Սերժ Թանկյանը, ով նաև նպաստել է ֆիլմի սաունդթրեքի համար «Սարի սիրուն յար» հայկական ժողովրդական երգի ժամանակակից տարբերակի ներկայացմանը:
Կ. Ղազարյանի փոխանցմամբ` Հայաստանում ֆիլմի ցուցադրման իրավունքը «Շարմ Հոլդինգը» ուշ է ձեռք բերել, սակայն կարճ ժամանակահատվածում հաջողվել է իրականացնել ֆիլմի հայերեն կրկնօրինակումը և այլ աշխատանքներ: 
Նրա խոսքերով` հենց ժամանակի սղության պատճառով է, որ ֆիլմի դերասանական կազմը և ռեժիսորը ներկա չեն գտնվել հայաստանյան պրեմիերային:  
Կինոժապավենում ձայնագրվել են «Հովեր» կամերային երգչախումբը և Ազգային օպերային թատրոնի մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանը:
Մեծ էկրաններին ֆիլմը կհայտնվի ապրիլի 27-ից: Այն ցուցադրվելու է հայերեն, ռուսերեն և անգլերեն կրկնօրինակմամբ:   
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play