«Ցեղասպանություն իրականացրած պետությունների եւ վարչակազմերի անպատժելիությունն իրական սպառնալիք է մարդկության դեմ նոր ոճրագործությունների». Հերմինե Նաղդալյան


«Ցեղասպանություն իրականացրած պետությունների եւ վարչակազմերի անպատժելիությունն իրական սպառնալիք է մարդկության դեմ նոր ոճրագործությունների». Հերմինե Նաղդալյան

  • 25-04-2017 18:39:42   |   |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Վեհաժողովում տարածել է իր ելույթը, որում եվրոպացի պատգամավորների ուշադրությունը հրավիրել է 20-րդ դարի ամենածանր հանցագործություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության փաստի վրա եւ խոսել մարդկության դեմ նման ոճիրների կանխարգելմանն ուղղված պայքարի արդյունավետ մեխանիզմներ մշակելու ծայրահեղ անհրաժեշտության մասին:
 
Հերմինե Նաղդալյանը ելույթում փաստել է, որ Ցեղասպանություն իրականացրած պետությունների եւ վարչակազմերի անպատժելիությունը, միասնական միջազգային դատապարտմանն ու հետագա կանխարգելմանն ուղղված համապատասխան միջոցառումների բացակայությունը կամ անկարողությունը հանգեցրել է նրան, որ մարդկությունը, ի թիվս այլ մարտահրավերների, դեռեւս բախվում է հնարավոր ցեղասպանությունների իրական սպառնալիքին:
 
«Մենք՝ հայերս, Ցեղասպանություն վերապրածներս, բարոյական պատասխանատվություն ենք կրում առավելագույնն անելու ցեղասպանության դեմ պայքարում: Տասնամյակների ընթացքում ցեղասպանությունների մասին խոսելիս մենք աղաղակում էինք՝ «այլեւս երբե՛ք»: Մենք ասում էինք «այլեւս երբե՛ք» 1994 թվականին իրականացված Ռուանդայի ցեղասպանությունից հետո: Աշխարհն աղաղակում էր՝ «այլեւս երբե՛ք» 2014 թվականին, երբ ԴԱԻՇ-ն սկսեց կոտորել անմեղ եզդիներին: Հայերն «այլեւս երբե՛ք» էին աղաղակում 2015 թ-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, սակայն, այս հանցագործությունների կրկնությունը ողջ աշխարհում դեռ շարունակվում է»,- նշել է Հերմինե Նաղդալյանը՝ ընդգծելով, որ ցեղասպանությունների կանխարգելումը պետք է առաջնահերթ խնդիր լինի ողջ քաղաքակիրթ աշխարհի համար:
 
ՀՀ ԱԺ եւ ԵԽԽՎ փոխնախագահը հարկ է համարել հիշեցնել, որ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիան ընդունվել է գրեթե 7 տասնամյակ առաջ, որը նշանակալից իրադարձություն է: Բայց միայն բարի կամքը բավարար չէ, որպեսզի ցեղասպանություններ տեղի չունենան: Ցեղասպանությունների կանխարգելման կայուն մեխանիզմներ են պահանջվում: Պատշաճ նախազգուշացումը, արձագանքը ցեղասպանածին միջավայրին, հանրային իրազեկման մակարդակի բարձրացումը էական դեր են խաղում ցեղասպանությունների կանխարգելման պայքարում:
 
«2015 թվականի մարտին՝ Ժնեւում, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը կոնսենսուսով ընդունեց ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձեւը, որը նախաձեռնվել էր Հայաստանի կողմից: Ավելի քան 70 պետություններ միացան Հայաստանին եւ համահեղինակեցին բանաձեւը: Այս բանաձեւի հիման վրա, 2015 թ. սեպտեմբերին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակեց «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր», - իր ելույթում փաստել է տիկին Նաղդալյանը՝ համոզմունք հայտնելով, որ միայն համատեղ ջանքերի շնորհիվ կհաջողվի արմատախիլ անել ցեղասպանություն չարիքը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play