Ներկայացրել են հակամանրէային դեղերի նկատմամբ հսկողությանն ուղղված աշխատանքները


Ներկայացրել են հակամանրէային դեղերի նկատմամբ հսկողությանն ուղղված աշխատանքները

  • 25-04-2017 18:53:16   | Ավստրիա  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 22-ից 25-ը Ավստրիայի Վիեննա քաղաքում տեղի է ունեցել միջազգային համաժողով` կլինիկական մանրէաբանության և վարակիչ հիվանդությունների վերաբերյալ, իսկ ապրիլի 24-ին հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի համացանցի (CAESAR) աշխատաժողով:
 
Նշենք, որ Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի համացանցը ձևավորվել է 2012 թվականին` ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանի գրասենյակի, կլինիկական մանրէաբանների և վարակաբանների միության և Նիդերլանդների թագավորության հանրային առոջապահության և արտաքին միջավայրի հիգիենայի ազգային ինստիտուտի նախաձեռնությամբ:
 
Միջազգային աշխատաժողովին մասնակցել են CAESAR համացանցի 19 անդամ-երկրների ներկայացուցիչներ: Աշխատաժողովի նպատակն էր ազգային համակարգողների հետ քննարկել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության խնդիրները, մարտահրավերները, ներկայացնել CAESAR համացանցի համաճարակաբանական հսկողության համակարգում ներգրավված երկրների տվյալները, դեղակայուն մանրէների տարածվածության միտումները:
 
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հանրային առողջության բաժնի պետ, հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հարցերով ազգային պատասխանատու Քրիստինա Գյուրջյանը ներկայացրել է Հայաստանում հակամանրէային դեղերի նկատմամբ հսկողության կանխարգելմանն ուղղված աշխատանքները: Միաժամանակ, Հայաստանի ներկայացուցիչը մանրամասնել է hակամանրէային դեղերի նկատմամբ կայունության պլանային ախտորոշիչ համաճարակաբանական հսկողության մեխանիզմների ապացուցման նպատակով նախատեսվող հետազոտության ծրագրի կատարման համար արված աշխատանքները:
 
Հարկ է նշել, որ հետազոտության ծրագիրը Հայաստանում մեկնարկելու է 2017 թվականի երկրորդ եռամսյակում: Այն իրականացվելու է Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Նիդերլանդների թագավորության հանրային առողջապահության և արտաքին միջավայրի հիգիենայի ազգային ինստիտուտի և Խորվաթիայի վարակիչ հիվանդությունների համալսարանական կլինիկայի տեխնիկական աջակցությամբ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play