Հիմա շատ կարևոր է, թե ինչ հետևություններ կանի Սամվել Կարապետյանը


 

Հիմա շատ կարևոր է, թե ինչ հետևություններ կանի Սամվել Կարապետյանը

  • 26-04-2017 10:50:12   | Հայաստան  |  Իրավունք

 
 
Երբ 2015թ. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության (ՀԷՑ) բաժնետոմսերը ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ ՓԲԸ-ից գնեց Ռուսաստանի ամենաազդեցիկ գործարարներից մեկին` ռուսաստանաբնակ հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը, Հայաստանի շատ այլ բնակիչների նման, ուրախացա, քանի որ ընկերության աշխատանքների, ներառյալ նաև սպասարկման որակի բարելավման առումով սեփականատիրոջ կողմից խոստումներ ու հանրության թեկուզ մի մասի շրջանում լավատեսական սպասումներ առաջացան:
Հարգարժան գործարարին անձամբ չեմ ճանաչում, ճանաչում եմ հեռակա կարգով, տեղյակ եմ նրա կատարած լավ, անշահախնդիր, բարի և ազգօգուտ գործերի մի մասին, ու դա ինձ բավարար էր նրա մասին դրական կարծիք ունենալու համար, որն այս պահին էլ չեմ փոխել: Սակայն, բոլորովին այլ բան է լավ մարդ, լավ հայ, լավ, հաջողակ գործարար լինելը, և բոլորովին այլ բան` անսխալական լինելը, որն անհնար է, քանզի մեզանից` մահկանացուներիցս որևէ մեկն անսխալական չէ: Շուտով, այս հոդվածին ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի արձագանքից կիմանանք` կադրային քաղաքականության հարցում սխալվե՞լ է պարոն Կարապետյանը, թե ոչ…
Ինչո՞ւ պետք է ՀԷՑ-ի առանձին աշխատակիցներ իրենց պարտականությունները չկատարելով, քաղաքացիների համբերությունը չարաշահելով, նրանց նյարդերին, առողջությանը վնաս պատճառելով, հանրության շրջանում վատ կարծիք ձևավորեն հարգարժան գործարարին պատկանող ընկերության վերաբերյալ, ավելին, թեկուզ ակամա, խաղան նրա պատվի և հեղինակության հետ: Չէ՞ որ մարդիկ մտածում են, որ ամեն ինչ, ի վերջո, գալիս է գլխավորից կամ սեփականատիրոջից: Այնպես որ, այս հոդվածում ներկայացվող փաստերը, բարձրացվող հարցերը, կարծում ենք, ոչ միայն մեզ պետք է մտահոգեն, այլև մեզանից առավել շատ` հենց իրեն` պարոն Կարապետյանին:
Սահմանված կարգով ՀԷՑ-ի բաժանորդ դառնալու խնդրանքով 2016թ. դեկտեմբերի 23-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Դ. Գրիգորյանին գրավոր դիմում է ներկայացրել քաղաքացի, Երևանի Նորքի այգիներ թիվ 250 տան սեփականատեր Սիրանույշ Եղիազարյանը: Շատ համառոտ, թե ով է նա. լրագրող, շնորհալի երգահան, երգչուհի, հայ-իրանական բարեկամության միության համակարգող: Իր դիմումով Ս. Եղիազարյանը մասնավորապես հայտնել է, որ վերոնշյալ հասցեի տան 3/10 մասը (մեկ երրորդը), ժառանգության վկայականի համաձայն, փոխանցվել է իրեն, խնդրել է Նորքի այգիներ թիվ 250 հասցեում իրեն դարձնել բաժանորդ սահմանված կարգով: Ս. Եղիազարյանի տեղեկացմամբ, համապատասխան պայմանագրի կնքման հաջորդ օրը` դեկտեմբերի 30-ին, մալուխն անցկացնելու համար եկել է Հարություն անունով ՀԷՑ-ի աշխատակիցը, սակայն, գուցե նախատոնական այդ օրն աշխատանքով չծանրաբեռնվելու համար, ասել է, որ հնարավոր չէ հոսանքի միացում կատարել, մոտ 400 մետր մալուխ պետք է անցկացնել, մի խոսքով, այդ գործը մնալու է տոներից հետո: Սա` այն դեպքում, երբ նշված տանն անհամեմատ մոտ երկու էլեկտրասյուն կա, ու դրանցից մեկնումեկից թերևս մոտ 50մ մալուխ անցկացնելով, առանց որևէ էլեկտրասյուն տեղադրելու, հնարավոր էր խնդիրը կարճ ժամանակում լուծել:
Ընդգծենք, որ պատվերը, համաձայն «Էլեկտրամատակարարման տեխնիկական պայմաններ- էլեկտրական ցանցին միացման պատվեր» 29.12.2016թ. միակողմանի (ՀԷՑ-ի կողմից) ստորագրված փաստաթղթի, ձևակերպվել է Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող հիշյալ տան համապատասխան հատվածը (էլեկտրասնուցման տարածք) միաֆազ, 10 ԿՎԱ պահանջվող հզորությամբ, 0.22 ԿՎ լարմամբ էլեկտրաէներգիայով հիմնական սնուցմամբ ապահովելու վերաբերյալ, թեև նկատի ունենալով բնակչի` հատկապես ձմռանը էլեկտրաէներգիա ունենալու հույժ անհրաժեշտությունը, ՀԷՑ-ը կարող էր նաև պատվերը ձևակերպել ժամանակավոր սնուցմամբ ապահովելու համար: Եթե, իհարկե, տվյալ տան համապատասխան հատվածը հիմնական սնուցմամբ ապահովելու համար իսկապես կարիք ուներ տվյալ տարածքում իր տնտեսությունը կարգի բերելու և, ինչպես 2016թ. դեկտեմբերի 29-ի թիվ 26419111 պայմանագրում է նշված, 0.4 կՎ լարման վահանից մոտ 250 մետր 0.4 կՎ հզորության համար նախատեսված մալուխ անցկացնելու, ինչի կարիքը նշված հասցեի էլ. սնուցումն ապահովելու համար, ինչպես հետագայում պարզվեց, չկար: 
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006թ. դեկտեմբերի 27-ի թիվ 358-Ն որոշման հավելվածը հանդիսացող «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններ»-ի 13.5 կետի համաձայն, «Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման պայմանագրի կնքման օրվանից մինչև Դիմող անձին Պայմանագիր (խոսքը էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրի մասին է.- Ա. Հ.) կնքելու առաջարկ ներկայացնելու առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել՝
1) 10 աշխատանքային օրը՝ էլեկտրական ցանցին 0,22 կՎ լարմամբ պարզեցված միացման դեպքում, և 25 աշխատանքային օրը՝  էլեկտրական ցանցին 0,22 կՎ լարմամբ միացման մնացած բոլոր դեպքերում»:
Հիշյալ փաստաթղթում ամեն ինչ շատ պարզ ու հստակ գրված է. դիմող անձին  էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրի կնքում պետք է առաջարկվեր նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման պայմանագրի կնքման օրվանից առավելագույնը 25 աշխատանքային օրվա ընթացքում՝ նույնիսկ եթե պարզեցված միացումը հնարավոր չէր և կարիք կար ոչ պարզեցված միացման:
Իսկ ի՞նչ է կատարվել տվյալ պարագայում. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» «Կենտրոն» ՏՀՏ-ն (մատակարար), ի դեմս տնօրեն Դ. Ղազինյանի, Սիրանույշ Եղիազարյանի հետ «Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման» պայմանագիրը կնքել է 2016թ. դեկտեմբերի 29-ին, սակայն օգտվելով վերոնշյալ մանրամասներին Ս. Եղիազարյանի անտեղյակությունից, տվյալ պայմանագրում էլցանցին պատվիրատուի սպառման համակարգի միացումը կատարելու, էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրի կնքում առաջարկելու, հիշյալ հասցեի էլ. սնուցումն իրականացնելու ժամկետ սահմանել է ոչ թե 2016թ. դեկտեմբերի 29-ից առավելագույնը 25 աշխատանքային օր հետոն, այլ 2017թ. մարտի 24-ը:
Նույն կերպ է վարվել ու նույն ժամկետն է սահմանել նաև 29.12.2016թ. «Էլեկտրամատակարարման տեխնիկական պայմաններ- էլեկտրական ցանցին միացման պատվեր» փաստաթուղթը ստորագրած «Հայաստանի էլեկտրական ցանցեր» «Կենտրոն» ՏՀՏ ցանցի պետ Կարեն Մատինյանը: Թե տվյալ տան իրեն տրված հատվածում, առանց էլեկտրաէներգիայի, այն էլ այս խստաշունչ ձմռան ամիսներին ինչպե՞ս էր ապրելու Սիրանույշ Եղիազարյանը, նրանց բնավ չի հուզել կամ հետաքրքրել: Մի առանձին ու դաժան պատմություն է, թե հունվար-մարտ ամիսների ընթացքում Սիրանույշ Եղիազարյանը որտեղ, ինչ պայմաններում, ինչպես, ինչ դժվարություններ կրելով և ինչ զրկանքների ենթարկվելով է ապրել: Նշենք միայն, որ նա հաճախ հնարավորություն չի ունեցել ժամանակին լոգարանից օգտվելու, կրել է ոչ միայն ֆինանսական, այլև բարոյական մեծ վնաս, որի փոխհատուցման համար ՀԷՑ-ի կամ նրա համապատասխան պաշտոնյաների դեմ հայցով շուտով դիմելու է դատարան: Անկախ դրանից, ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը պարտավոր է նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկել, և ոչ միայն նրանց…
Ի դեպ, անցյալ ամիս տողերիս հեղինակի հետ հեռախոսազրույցում պարոն Մատինյանը փորձեց իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկություններով պատճառաբանել, թե Սիրանույշ Եղիազարյանի դիմումն ինչու դեռ բավարարված չէ, ինչու նշված տան մոտի էլեկտրասյուներից մեկնումեկից մալուխ չի անցկացվել մինչ հաշվիչի արկղ… Այս կապակցությամբ իրականությանը չհամապատասխանող տեղեկություն ներկայացրեց նաև ՀԷՑ-ի տեխնիկական բաժնի պետ Դավիթ Սահակյանը: Հունվարից մինչև մոտավորապես մարտի կես ՀԷՑ-ի տարբեր պաշտոնյաների ուղղված Ս. Եղիազարյանի բանավոր բողոքներն ապարդյուն են եղել:
Մարտի 14-ին Ս. Եղիազարյանի հետ միասին այցելեցի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություն, խնդիրը և բողոքը բանավոր կարգով ներկայացրեցինք ՀԷՑ-ի տեխնիկական տնօրենի տեղակալին, հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտի պետին, ինչպես նաև ընկերության անվտանգության և վերահսկողության տնօրեն Կարեն Հայրապետյանին ու նրա տեղակալին:
Պարոն Հայրապետյանին բացատրեցինք, որ իրեն դիմելու նպատակը ոչ թե պատվիրատու Ս. Եղիազարյանի սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնելու գործընթացն արագացնելն է (դրա համար պայմանագրում նշված վերջնաժամկետին արդեն ընդամենը 10 օր էր մնացել), այլև այս ամենում մեղավորներին պարզելը, նրանց թույլ տված խախտման հարցում համոզվելն ու նրանց պատասխանատվության խնդիրն ընկերության ղեկավարության առջև բարձրացնելը: Պարոն Հայրապետյանը խոստացավ, որ իրենք անպայման անաչառ են լինելու, վարվելու են, ինչպես ասում են, օրենսդրության տառին ու ոգուն համապատասխան: Խոստացավ նաև հետո զանգահարել ու տեղյակ պահել ներքին հետաքննության կամ վերահսկողության արդյունքների մասին: Նրա խոսքերին հավատալով ու փոքր-ինչ մխիթարված, հեռացանք պարոն Հայրապետյանի աշխատասենյակից:
Հաջորդ օրը հիշյալ հասցե են այցելել ՀԷՑ-ի 6 աշխատակից և 1 ժամից էլ կարճ ժամանակաընթացքում մոտակա էլեկտրասյան վրայից անցկացրել մալուխը և, որքան տեղյակ եմ, խնդիրը պարզեցված միացմամբ լուծելով, Ս. Եղիազարյանի սենյակն ապահովել էլեկտրամատակարարմամբ: Այսինքն՝ աշխատանքի համար, որը հնարավոր էր կատարել ընդամենը 1 ժամում, ՀԷՑ-ը ձգել էր մոտ երկուսուկես ամիս:
Անցան օրեր և, քանի որ պարոն Հայրապետյանը, պայմանավորվածության համաձայն չզանգահարեց, զանգահարեցի ես: Ասաց, որ իր տեղակալ Բուռնազյանը կզանգահարի ինձ, կտեղեկացնի, թե ինչ են պարզել և արել: Խոսակցությունից թե ձայնից զգացի, որ վերոնշյալ պաշտոնյաների պատասխանատվության խնդիրը լուծելու ուղղությամբ ոչինչ էլ չեն արել: Կարճ ժամանակ անց պարոն Բուռնազյանը զանգահարեց, նրա բացատրություններից, պատճառաբանություններից, խուսափողական խոսքից կամ «հեքիաթից» համոզվեցի, որ խնդիրը դյուրին ճանապարհով և հիշյալ կանոններով դրա համար սահմանված առավելագույնը 10-25 աշխատանքային օր ժամկետներում լուծելու փոխարեն, բարդ տարբերակն ընտրած ու խնդրի լուծումը մոտ 2,5 ամիս ձգձգած պաշտոնյաներին պատասխանատվության կանչելու ուղղությամբ որևէ քայլ չեն արել ու մտադիր էլ չեն անել:
Եթե ՀԷՑ-ն անհրաժեշտություն ուներ տվյալ տարածքում իր տնտեսությունը բարելավելու, էլեկտրասյուներ տեղադրելու, մոտ 250 մ կամ դրանից ավելի երկար մալուխ անցկացնելու, էլեկտրամատակարարման հուսալիությունն ապահովելու կամ բարձրացնելու, թող կատարեր այդ աշխատանքները, ոչ ոք դրան դեմ չէր կարող լինել ու դեմ չէր: Սակայն դա չի նշանակում, որ ՀԷՑ-ն այդ աշխատանքները պատրվակելով, տվյալ հասցեի էլ. սնուցումն առավելագույնը 10-25 աշխատանքային օրվա ընթացքում ապահովելու փոխարեն, պետք է որոշեր դա անել մոտ 3 ամիս հետո: Որևէ օբյեկտիվ պատճառ չի եղել հիմնական աշխատանքներին զուգահեռ, մոտակա էլեկտրասյան վրայից տվյալ հասցեի էլեկտրասնուցումը չապահովելու համար: Հետաքրքիր է՝ իսկ եթե Սիրանույշ Եղիազարյանը կաշառք տար ՀԷՑ-ի համապատասխան պաշտոնյային, ինչպես ասում են, վերաբերմունք ցույց տար, կամ նրա համար ինչ-որ ազդեցիկ մեկը զանգահարեր ՀԷՑ-ի ղեկավարությանը, էլցանցին պատվիրատուի սպառման համակարգի միացումը և նշված հասցեին էլեկտրաէներգիայի մատակարարումն այսքան երկարելո՞ւ էր:
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք