Հայաստանում կայացած ընտրությունները նշանավորում են առաջընթաց. կա զարգացման տեղ


Հայաստանում կայացած ընտրությունները նշանավորում են առաջընթաց. կա զարգացման տեղ

  • 26-04-2017 11:54:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երեկ՝ ապրիլի 25-ին, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) կազմակերպության նախաձեռնությամբ, Բրյուսելում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ապրիլի 2-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներին և դրանց նշանակությանը՝  Հայաստան-ԵՄ հետագա համագործակցության համատեքստում: 
 
Ճեպազրույցի խոսնակն էր Եվրոպական Խորհրդարանի անդամ, խորհրդարանական ընտրություններում ԵԽ դիտորդական առաքելության ղեկավար Հեյդի Հաուտալան: Ճեպազրույցը համակարգվում էր EuFoA-ի տնօրեն Դիոգո Պինտոյի կողմից: Միջոցառմանը ներկա էին ավելի քան 30 հյուրեր՝ դիվանագետներ, ԵՄ կառույցների, միջազգային հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև տարբեր հետազոտական կենտրոնների ներկայացուցիչներ: 
 
Պարոն Պինտոն իր երախտագիտությունը հայտնեց ճեպազրույցի խոսնակին և հյուրերին, հիշեցնելով, որ այս տարվա ապրիլին կայացած ընտրություններն առաջինն էին 2015 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումներից հետո, որի արդյունքում անցում է կատարվել կիսանախագահական համակարգից խորհրդարանական համակարգին և մեծամասնական ընտրակարգից՝  համամասնականին: Ընդ որում, ընտրությունները տեղի ունեցան Հայաստանի ու Եվրոպական Միության (ԵՄ) կողմից ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերային համաձայնագրի նախաստորագրումից մոտ երկու շաբաթ անց:
 
Տիկին Հաուտալան նշեց, որ ընտրություններն ընթացել են բացառապես կառուցողական և ընդգրկուն ընթացակարգով, ինչը նոր Ընտրական օրենսգրքի արդյունք է: Խոսնակը հիշեցրել է, որ ԵՄ-ն ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ընտրությունների հաջող անցկացման գործում, մասնավորապես, ընտրողների նույնականացման սարքերի և տեսախցիկների ներդրմամբ, ինչն օգնել է կանխել բազմակի քվեարկության և կեղծիքի դեպքերը՝ մեծացնելով գործընթացի թափանցիկության մակարդակը: Տիկին Հաուտալան հավելեց, որ թեև ընտրությունները վարչական տեսանկյունից լավ էին կազմակերպված և քաղաքացիների հիմնարար ազատությունները հարգվում էին, այդուհանդերձ, դիտորդները հավաստի տեղեկություններ են ստացել կաշառքի, վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ: 
 
Ճեպազրույցին հաջորդած քննարկման ժամանակ գովեստի խոսքեր հնչեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և տեղական ընտրական հանձնաժողովների հասցեին՝ պրոֆեսիոնալիզմի և իրենց աշխատանքը թափանցիկորեն կազմակերպելու համար, ինչպես նաև Հանրային Հ1 հեռուստաալիքի հասցեին, որը հավասար հեռուստաժամանակ է տրամադրել բոլոր մրցակիցներին: Միևնույն ժամանակ, մտահոգիչ են համարվում մամուլի ազատության հարցը և ձայների գնման փորձերի հետևանքներն ու ազդեցությունը: 
 
Եզրակացության մեջ նշվեց, որ չնայած որոշ բացթողումներին և դրանց հետագա հետաքննման անհրաժեշտությանը, որը կօգնի վերացնել և բացառել նման դեպքերը հետագայում, այդուհանդերձ, այս ընտրությունները եկան փաստելու, որ Հայաստանը ժողովրդավարության կառուցման ճիշտ ուղու վրա է, քանի որ թե՛ իշխանությունը և թե՛ ընդդիմությունը կարող են սովորել իրենց սխալներից և ընդունել քննադատությունը:  
 
Ճեպազրույցից հետո պարոն Պինտոն ասաց. «Սա հաջողված միջոցառում էր, և ես ուրախ եմ տեսնելու, թե որքան շատ մարդ էր հետաքրքրված դրանով: Մենք հաջողություն ենք մաղթում Ազգային Ժողովի նորընտիր պատգամավորներին և ապագա կառավարության անդամներին ու անհամբեր սպասում ենք ԵՄ-ի հետ նորացված համագործակցությանը: ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերային համաձայնագրի ստորագրումը, որը, հուսով ենք, շուտով տեղի կունենա, նոր լիցք կհաղորդի այդ գործընթացին»: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play