Սպասվում է էներգետիկ համակարգի ներդրումային ծրագրերի ակտիվացում


Սպասվում է էներգետիկ համակարգի ներդրումային ծրագրերի ակտիվացում

  • 26-04-2017 14:42:17   | Հայաստան  |  Տնտեսություն

Հայաստանի էներգետիկ համակարգի արդիականացման և վերակառուցման նպատակով օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին  այս տարի նախատեսվում են ավելի քան 58 մլն դոլարի ներդրումային ծրագրեր։ 
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի վարկային և դրամաշնորհային ծրագրերի վարչության պետ Վարդան Մարտիրոսյանի փոխանցմամբ, առաջին եռամսյակում կատարվել են շուրջ 3,2 մլն դոլարի ներդրումներ։ Ավելի քան 2 մլն դոլար են կազմել ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման միջոցառումների շրջանակներում իրականացված աշխատանքները։ 
 
-Տարեսկզբին էնեգետիկ համակարգում վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին կատարված ներդրումների ոչ մեծ ծավալները պայմանավորված են հիմնականում սեզոնային գործոններով։ Մյուս կողմից՝ նախատեսված ներդրումային ծրագրերի մի մասը առայժմ գտնվում է շինարարության մեկնարկի փուլում,-ասել է Վարդան Մարտիրոսյանը։  
Առաջիկայում արդիականացման լայնածավալ միջոցառումներ են նախատեսվում էներգետիկ համակարգի ենթակայանների վերակառուցման ուղղությամբ։ Միջազգային մրցույթի արդյունքում կնքվել են «Երևանի ՋԷԿ»-ի, «Ագարակ-2», «Շինուհայր», «Աշնակ», «Հաղթանակ», «Չարենցավան-3», «Վանաձոր-1» ենթակայանների կապալառու կազմակերպությունների և աշխատանքների վերահսկողության խորհրդատուների պայմանագրերը։ Այս պահին ընթանում են ենթակայանների նախագծման աշխատանքները, որոնց կառուցման շինարարության մեկնարկը հիմնականում կտրվի տարվա երկրորդ կեսին։ 2017թ. սպասվում են շուրջ 17 մլն դոլարի ներդրումներ։ 
Ընթացքի մեջ է Հրազդան-Շինուհայր շուրջ 230 կմ երկարությամբ էլեկտրահաղորդման գծի կառուցումը։ Նորադուզ, Լիճք և Որոտան-1 օդային գծերի կառուցումն ավարտվել է և դրվել  լարման տակ: Շարունակվում են Վարդենիս և Վայք հատվածների կառուցման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել 2017թ.: Նախագծման փուլում է տնտեսված գումարների հաշվին շուրջ 50 կիլոմետր երկարությամբ «Լալվար» և «Նոյեմբերյան» 110 կՎ օդային գծերի կառուցումը։ Ծրագրի շրջանակներում ընթացիկ տարի սպասվում են ավելի քան 6,7 մլն դոլարի ներդրումներ։ 
-Այս պահին շարունակվում է Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի և համապատասխան ենթակայանների կառուցման կապալառու կազմակերպությունների ընտրության նպատակով հայտարարված միջազգային մրցույթին ներկայացրած հայտերի գնահատման գործընթացը։ Ըստ ժամանակացույցի, հայտերի գնահատման ամփոփումը և ընտրված գլխավոր կապալառուների հետ պայմանագրերի կնքումը նախատեսվում է 2017թ. սեպտեմբերի վերջին,- նշել է Վարդան Մարտիրոսյանը։ 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն