Հայաստանի համայնքներից՝ աշխարհին. հայկական գորգի ճամփան


Հայաստանի համայնքներից՝ աշխարհին. հայկական գորգի ճամփան

  • 26-04-2017 17:28:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) և «Մեգերյան Կարպետ» ընկերությունը մեկնարկ տվեցին նոր  բարեգործական ծրագրի՝ նվիրված Մեգերյան ընկերության 100-ամյա հոբելյանին։ 
«Մեգերյան կարպետ» ընկերության հմուտ գորգագործների օգնությամբ Հայաստանի մանուկներ հիմնադրամի շահառու Վանանդ համայնքի երիտասարդները մի քանի ամսվա ընթացքում միասին կաշխատեն հոբելյանական գորգի ստեղծման վրա։ 
 
«Շատ ուրախ եմ այս համագործակցության համար, որը հնարավորություն կտա երիտասարդ սերնդին ծանոթացնելու հայկական հնագույն մշակույթի ճյուղերից մեկի՝ գորգագործության հետ, և հիանալի է, որ այս ծրագիրն իրագործում ենք իմ շատ վաղեմի բարեկամ Գարո Արմենի կողմից հիմնադրված Հայաստանի մանուկների հիմնադրամի հետ»,- ողջույնի խոսքում նշեց «Մեգերյան» ընկերության սեփականատեր Րաֆֆի Մեգերյանը։
Արդեն դեկտեմբերին եզակի այս գորգը կցուցադրվի ԱՄՆ-ում՝ Նյու Յորքում անցկացվող COAF-ի ամենամյա դրամահավաք-երեկոյի ընթացքում։ Գորգը կվաճառվի բարեգործական միջոցառման աճուրդի ժամանակ, ու հասույթը ամբողջովին կծառայի Հայաստանի մանուկներ հիմնադրամի ծրագրերին։
«Այս համագործակցությունը մի նոր որակ է հաղորդում Հիմնադրամի ու «Մեգերյան» ընկերության վաղեմի բարեկամությանը։ Հայաստանի երիտասարդները ծանոթանում են հայկական հնագույն արհեստներից մեկին՝ գորգագործությանը։ Ավելին, նրանց բացառիկ հնարավորություն է տրվում սովորելու այդ արվեստը Հայաստանի ամենահեղինակավոր ու հմուտ կառույցներից մեկում»,- ընդգծեց Հայաստանի մանուկներ հիմնադրամի խորհրդի ատենապետ դոկտոր Գարո Արմենը։ 
Համատեղ ծրագրի մեկնարկը տվող միջոցառման ընթացքում Հիմնադրամի շահառու համայքների արտադասարանային խմբակների 80 սաներ՝ ազգագրություն, ձեռագործություն, գորգագործություն, անգլերեն, այցելեցին Մեգերյան Կարպետ։ Նրանց համար անցկացվեց ուսուցողական շրջայց Հովհաննես և Նոեմի Մեգերյանների անվան թանգարանում, ինչպես նաև ընկերության արտադրամասում, որտեղ նրանք ծանոթացան հայկական գորգագործության ավանդույթներին։ 
Շրջայցից հետո մասնակիցների համար գեղեցիկ անակնկալով հանդես եկան «Մեր Տուն» ՀԿ-ի սաներն ու Վանանդի ազգագրության խմբակի անդամները՝ ներկայացնելով հայկական հարսանեկան ծեսը։ 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն