«Հաց բերողի» մոր ահազանգը և որդու աճյունը տեղափոխելու որոշումը.«Հետք»


«Հաց բերողի» մոր ահազանգը և որդու աճյունը տեղափոխելու որոշումը.«Հետք»

  • 26-04-2017 18:00:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Իմ տղային վեր են ածել բիզնեսի: Արթուրի անունը շահարկվում է, ինչ-որ գումարներ են հավաքում ոմանք, հաշվեհամարներ են բացում»,- «Հետքին» ահազանգեց «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մայրը՝ տիկին Դոնարան:
 
Նա պատմեց, որ վերջին օրերին իրեն լուրեր են հասել, որ Արթուր Սարգսյանի ընտանիքի համար դրամահավաքներ են կազմակերպվում գերեզմանի բարեկարգման, քառասունքի արարողության կազմակերպման նպատակով:
 
Արթուրի եղբայրն էլ՝ Արսենը, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում է տեսել Գայանե Ասլիբեկյան անունով օգտատիրոջ կողմից կազմակերպվող դրամահավաքների մասին:     
 
Տիկին Դոնարան ասում է՝ այդ ամենն արվում է առանց իր գիտության: Նա կոչ է անում դադարեցնել դրամահավաքները. «Ամո՛թ է, որ շահարկվում է, թե Արթուրի ընտանիքը գումար է ստանում»: Արթուրի մայրը խնդրում է՝ «թող խայտառակ չանեն մեզ, առավել ևս, որ մենք գումար չենք մուրացել»:
 
Թե ովքեր են ստանում դրամահավաքի գումարները, տիկին Դոնարան դժվարանում է հստակ ասել. «Փաստ է, որ ես եմ Արթուրի ընտանիքը, ես չեմ ստանում»: Ովքեր են Արթուրի ընտանիքի անվան տակ հանդես գալիս, պարզ չէ: Ըստ տիկին Դոնարայի, թերևս, նոր հարազատներ են հայտնվել Արթուրի մահից հետո, ովքեր գումար են աշխատում:
 
Դոնարա Պետրոսյանն ասաց, որ իր որդին անգամ բանտից ասում էր՝ եթե «Սասնա Ծռերի» անունով գումար գա, չվերցնեք, դա իրենցն է: «Իսկ իր անունով եկած գումարներով էլի բարի գործեր էր անում Արթուրը, երբ բերդից դուրս եկավ»,- ասում է Արթուր Սարգսյանի մայրը:  
 
Տիկին Դոնարան ասաց, որ հաշվեհամար չունի, գումարներ չի ստանում, ցանկանում է որդու աճյունը տեղափոխել Արարատի մարզ, գյուղ Բյուրավան, այնտեղ հուղարկավորել նրան: «Մեր ուժերով կսարքենք գերեզմանը: Իսկ եթե մարդիկ կուզեն Արթուրի ընտանիքին օգնել, այդ ընտանիքը ես եմ»,- ասաց Արթուրի մայրը:
 
Նա նշեց, որ ամեն անգամ դժվարանում է Բյուրավանից հասնել Երևանի «Շահումյան» գերեզմանոց: «Գյուղում 5 րոպեում կհասնեմ, կզրուցեմ երեխայիս հետ, հետ կդառնամ»: Ասաց, որ Արթուրի աճյունի տեղափոխման հարցով զրուցել են Ալեք Ենիգոմշյանի հետ. «Ասեց, որ Արթուրը պետք է իր արժանի տեղը գնա, ես ասացի, որ արդեն ուշ է, ես որոշել եմ տանել երեխայիս»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play