ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն


ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն

  • 26-04-2017 19:14:00   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ` կենտրոնի գործունեությանը ծանոթանալու, գիտական հայտնագործությունները գյուղատնտեսության մեջ կիրառելու հնարավորություններն ու հեռանկարները քննարկելու  նպատակով:
 
Այցի սկզբում նախարարը շրջել է կենտրոնում, զրուցել աշխատակիցների հետ: Ծանոթանալով կենտրոնի գիտական թանգարանում ներկայացված ցուցանմուշներին, որոնց մի մասը պահպանվել է դեռևս 19-րդ դարից` նախարարն առաջարկել է ուսումնասիրել այն զբոսաշրջության կենտրոնի վերածելու հնարավորությունը:
 
Այնուհետև նախարար Իգնատի Առաքելյանը մասնակցել է ինստիտուտի ղեկավար կազմի հետ հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում կենդանաբուծության և ձկնարդյունագործության զարգացման հնարավորությունները:
 
Կենտրոնի գիտնականներն իրենց հերթին առաջարկել են  քննարկել հայկական մուֆլոնի և  ընտանի ոչխարի  խաչասերման հարցը:  Նախարարն առաջարկել է այս ուղղությամբ ներկայացնել ծրագիր, որը կհանգեցնի ոչխարների գլխաքանակի ավելացմանն ու մսի որակի բարձրացմանը` նպաստելով ոչխարաբուծության ոլորտի հետագա զարգացմանը:    
 
«Այժմ Իրանում և արաբական աշխարհում հետաքրքրված են Հայաստանում ոչխարաբուծության մասնագիտացված կենտրոններ ստեղծել, և նման ծրագիրը նրանց համար նույնպես կարող է հետաքրքիր լինել», - նշել է նախարարը:
 
Քննարկվել են նաև խեցգետնի արտադրությանը, Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների և խեցգետնի պաշարների ավելացման հնարավորությանն առնչվող հարցեր:
 
 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
 
հասարակայնության հետ կապերի բաժին 
Նոյյան տապան  -   Տնտեսություն