Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լեհաստանում


Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լեհաստանում

  • 27-04-2017 11:29:04   | Լեհաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունեցել Լեհաստանի մի շարք քաղաքներում:
 
Ապրիլի 24-ին Վարշավայի Սադիբա թաղամասում գտնվող Հայկական պուրակում տեղադրված խաչքարի մոտ Լեհաստանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվել էր հիշատակի միջոցառում:
 
Արարողության մեկնարկին ծաղկեպսակներ և ծաղիկներ զետեղվեցին Լեհաստանում ՀՀ դեսպանության և Լեհաստանի Սեյմի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության, Վենեսուելայի, Վատիկանի, Ֆրանսիայի, Սլովենիայի, Արգենտինայի դեսպանությունների, Վարշավայի քաղաքապետարանի, ԼՀ կառավարության և Ազգային ու էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովի, Լեհաստանում գործող մի շարք լեհական և հայկական կազմակերպությունների կողմից:
 
Արարողության ընթացքում հնչեց Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը` Լեհաստանում բնակվող հայազգի երգչուհի Սոնա Մաթևոսյանի կատարմամբ:
 
Միջոցառման մասնակիցներին ուղղված իր խոսքում Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը նշեց, որ միջազգային հանրության՝ Առաջին աշխարհամարտի քողի ներքո հայերի դեմ Օսմանյան իշխանության կողմից իրականացված Ցեղասպանությանն արժանի պատասխանի բացակայությունը ճանապարհ հարթեց «իսկ ո՞վ է հիշում այսօր հայերի կոտորածների մասին» հայտնի խոսքերի ներքո նոր ոճրագործությունների իրականացման համար: Սակայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումն աշխարհի մի շարք երկրների կողմից, որոնց 2005 թվականի ապրիլի 19-ին միացավ նաև Լեհաստանը, վկայում են նման հանցագործություններ թույլ չտալու մեր հաստատակամության մասին: Դեսպանը նաև երախտիքի խոսքեր հղեց լեհ ժողովրդի մեծ զավակ Հռոմի Սուրբ Հովհաննես Պողոս II Պապի հասցեին, որի գահակալության երանելի ժամանակաշրջանում Վատիկանը պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց հայերի ցեղասպանությունը:
 
Ապրիլի 25-ին Լեհաստանում ՀՀ դեսպանությունը, Լեհաստանում գործող Հայկական հիմնադրամը, «Մոնոլիտ ֆիլմ» ընկերությունը Վարշավայի կենտրոնում գտնվող «Ատլանտիկ» կինոթատրոնում կազմակերպեցին «Խոստումը» գեղարվեստական ֆիլմի պաշտոնական ցուցադրությունը, որին մասնակցեցին Լեհաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ և դիվանագետներ, հոգևորականներ, հեղինակավոր քաղաքական, մշակութային գործիչներ, Լեհաստանի տարբեր հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հյուրեր:
 
Ապրիլի 23-ից 24-ը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ, պատարագներ, համերգներ, ցուցահանդեսներ, հիշատակաի այլ արարողություններ տեղի ունեցան Լեհաստանի Վրոցլավ, Գլիվիցե, Կիելցե, Կրակով, Կրասնոստավսկի, Գդանսկ, Էլբլոնգ, Պուլանով և այլ քաղաքներում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն