Անտառների կառավարման ներկայիս մակարդակն անբավարար է. վարչապետ
27-04-2017 11:36:24 | Հայաստան | Հասարակություն
Անտառների կառավարման ներկայիս մակարդակն անբավարար է: Այս մասին ապրիլի 27-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ տալով համապատասխան հանձնարարական:
«Վերջին ժամանակներս առավել հաճախ են բարձրաձայնում անտառների կառավարման և ապօրինի անտառահատումների հետ կապված մտահոգությունների մասին: Խնդիրն առավել խորքային է և չի սահմանափակվում մի քանի ապօրինի անտառահատումների դեպքերով»,- ասաց նա՝ անհրաժեշտ համարելով անտառների կառավարման ներկա մոդելի կատարելագործումը:
Կ. Կարապետյանն անտառների կառավարման ժամանակակից մոդելների ներդրման գործում կարևորեց գիտական և տեխնիկական նորագույն միջոցների կիրառումը և կառավարման մարմինների հետևողական ու փոխկապակցված աշխատանքը:
Գործադիրի ղեկավարը ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարեց երկամսյա ժամկետում ախտորոշել անտառների պահպանության ոլորտում հիմնական խնդիրները, հստակեցնել անտառների կառավարման, վերականգնման և պահպանության ոլորտում ներգրավված կազմակերպությունների ցանկը և դերը՝ կառավարության աշխատակազմ ներկայացնելով ոլորտի կատարելագործման ուղղությամբ հստակ առաջարկություններ և գործողությունների ծրագիր:
«Երկրորդ՝ ներկայացնել ժամանակակից կառավարման մեթոդների, գործիքների և տեխնոլոգիաների ներգրավման գործողությունների ծրագիր, երրորդ՝ սերտ համագործակցելով Բնապահպանական պետական տեսչության և իրավապահ մարմինների հետ մշակել և իրականացնել ապօրինի անտառահատումների դեմ պայքարի գործողությունների ծրագիր, որի արդյունքների վերաբերյալ պարեբարաբար տեղեկատվություն ներկայացնել հասարակությանը»,- նշեց Կ. Կարապետյանը:
Վերջինս Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում ուսումնասիրել վերջին 3 ամիսների ընթացքում մամուլում և սոցիալական ցանցերում բնապահպանական հասրակական կազմակերպությունների և անհատ քաղաքացիների կողմից բարձրաձայնված անտառահատումների խնդիրները, քննարկել, վերլուծել դրանք և ներկայացնել հաշվետվություն: