Սուրեն Կարայանը և Լիբանանի պլանավորման պետական նախարարը համագործակցության հուշագիր են կնքվել


Սուրեն Կարայանը և Լիբանանի պլանավորման պետական նախարարը համագործակցության հուշագիր են կնքվել

  • 27-04-2017 13:51:04   | Հայաստան  |  Տնտեսություն

 
Միշել Ֆարաոնին են ներկայացվել Հայաստանի ներդրումային գրավչությունները և ծրագրերը 
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հրավերով Հայաստան է ժամանել Լիբանանի Հանրապետության պլանավորման պետական նախարար Միշել Ֆարաոնի գլխավորած պատվիրակությունը: 
 
Սուրեն Կարայանը և Միշել Ֆարաոնն այսօր ստորագրել են նախարարությունների միջև համագործակցության հուշագիր: Հուշագիրը կնպաստի երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հետագա ընդլայնմանը, առևտրաշրջանառության ավելացմանը, գործարար կապերի սերտացմանը, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխշահավետ գործակցության ամրապնդմանն ու զարգացմանը: Մասնավորապես նախատեսվում է փոխգործակցության ակտիվացում փոքր և միջին ձեռնարկատիրության օժանդակության, ներդրումների խրախուսման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման և այլ ուղղություններով: 
Նախարար Կարայանը շնորհակալություն է հայտնել Միշել Ֆարաոնին այցի համար և նշել. «Մենք մի նոր համագործակցության սկիզբ դրեցինք, որն էլ ավելի կամրապնդի մեր երկու բարեկամական պետությունների միջև հարաբերությունները»: 
 
Լիբանանի պլանավորման պետական նախարար Միշել Ֆարաոնի և պատվիրակության ուշադրությանը ներկայացվեցին շնորհանդեսներ` Հայաստանի ներդրումային գրավչությունների, գործարար միջավայրի բարեփոխումների, տնտեսական տարբեր վարկանիշներում Հայաստանի զբաղեցրած դիրքի, ներդրումային ծրագրերի հարթակի, զբոսաշրջության ներուժի, գյուղատնտեսական ծրագրերի և առողջապահական ոլորտի վերաբերյալ: Դրանք ներկայացվեցին  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակիցների, ՏԶՆՆ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի և ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանի կողմից:
 
Լիբանանի պատվիրակության անդամները և նախարարը հարցեր ուղղեցին իրենց հետաքրքրող ոլորտների առնչությամբ:  Մասնավորապես ներկաներին հետաքրքրեց Սյունիքի ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելու հնարավորությունները։
 
Միշել Ֆարաոնն իր խոսքում նշեց, որ Հայաստանն իսկապես ունի ներդրումային գրավչություններ, և կարող է հետաքրքիր լինել ներդրողների համար՝ հավելելով․ «Պարոն նախարար, հրավիրում եմ Ձեզ և Ձեր թիմին Լիբանան և առաջարկում եմ իրականացնել համատեղ ներդրումային համաժողով` լիբանանցի գործարարներին և ներդրողներին ներկայացնելու Հայաստանի ներդրումային ներուժը և հաստատելու գործարար կապեր: Սա կարող է մեր երկու երկրների տնտեսական կապերի զարգացման ևս մեկ հիանալի հնարավորություն լինել: Այն ամենը, ինչ դուք այսօր ներկայացրեցիք, շատ հետաքրքիր կլինի լիբանանցի ներդրողներին։ Հայաստանում ներդրվել են մեխանիզմներ՝ հեշտացնելու մասնավոր ներդրումները»։ 
 
Հանդիպման ավարտին Լիբանանի Պլանավորման պետական նախարար Միշել Ֆարաոնը շնորհակալություն հայտնեց արդյունավետ քննարկման համար։
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն