ՄԻԵԴ-ը կքննի երկու տարեկան, երեք ամսական Լիա Միսակյանի մահվան գործը


ՄԻԵԴ-ը կքննի երկու տարեկան, երեք ամսական Լիա Միսակյանի մահվան գործը

  • 27-04-2017 16:03:29   | Հայաստան  |  Իրավունք

2013 թ. հունվարի 2-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած երկու տարեկան, երեք ամսական Լիա Միսակյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի կողմից մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (Կյանքի իրավունք) և 13-րդ (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) հոդվածների խախտման հիմքով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
 
Հիշեցնենք՝ 2015 թ. հունիսի 15-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր ճանաչեց «Արաբկիր» ԲԿ բժիշկներ Լ. Վարդանյանին և Զ. Այվազյանին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ)՝ նրանց դատապարտելով ազատազրկման, համապատասխանաբար, երկու տարի և երկու տարի, վեց ամիս ժամկետով՝ առանց լրացուցիչ պատիժ նշանակելու, և համաներմամբ ազատ արձակեց: Ավելի ուշ տուժող կողմի վճռաբեկ բողոքի հիման վրա ՀՀ Վճռաբեկ դատարանը լրացուցիչ պատժի մասով բեկանեց ստորադաս դատարանի որոշումը և գործն այդ մասով ուղարկեց առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: ՄԻԵԴ ներկայացված գանգատով հիմնավորումներ են ներկայացվել պետության կողմից ոչ արդյունավետ քննություն իրականացնելու մասին, որը չի հանգեցրել մեղավորների բացահայտմանը, դատապարտմանը և համարժեք պատժի նշանակմանը: Այս համատեքստում ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքին, որ պետությունը թերացել է իր՝ անձանց կյանքը և առողջությունը պաշտպանելու պոզիտիվ պարտականությունները կատարելիս. «Արաբկիր» ԲԿ-ից ստացված փաստաթղթերի համաձայն՝ Բժշկական կենտրոնում, տոնական օրերով պայմանավորված, թույլ վերահսկողություն է եղել, բուժսպասարկումն իրականացվել է ցածր մակարդակով, որն էլ հանգեցրել է բուժվող հիվանդի մահվան: Իսկ բժշկական անձնակազմի նկատմամբ նշանակված պատիժը կրել է ձևական բնույթ, պետությունն անգամ չի դադարեցրել բժշկական գործունեությամբ զբաղվելու նրանց լիազորությունները: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատել է դիմումի ստացումը. գործը քննության կառնվի առաջին իսկ հնարավորության դեպքում:
 
Նոյյան տապան  -   Իրավունք