Վարժանքի մասնակից փրկարարները մեկնել են «տուժած» երկիր


Վարժանքի մասնակից փրկարարները մեկնել են «տուժած» երկիր

  • 27-04-2017 18:17:51   | Հայաստան  |  Հասարակություն

Ապրիլի 27-ի վաղ առավոտյան ՀՀ ԱԻ նախարարությունում մեկնարկել է «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով 36-ժամանոց դաշտային վարժանք:
 
ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանի հանձնարարականի համաձայն` իրականացվել է քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմի անձնակազմի հավաք:
 
Անցկացվել է կարճ խորհրդակցություն, որի ընթացքում թիմին ներկայացվել են «աղետի» գոտում իրավիճակը, «տուժած» երկրի քաղաքական և մշակութային առանձնահատկությունները: Այնուհետև իրականացվել է անձնակազմի բժշկական զննում, պատվաստումների արտոնագրերի, այլ փաստաթղթերի, նյութատեխնիկական սարքավորումների ու գույքի ստուգում` ինչպես սահմանված է ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (ԻՆՍԱՐԱԳ) պահանջներում:
 
 
 
ԻՆՍԱՐԱԳ-ի որակավորում ունեցող և 50 փրկարարից կազմված միջին դասի հայկական ՔՈՓ թիմը, ապահովված անհրաժեշտ գույքով և մարդասիրական օգնությամբ, հավաքակայանից տեղափոխվել է պայմանական օդանավակայան (որը ձևավորվել էր Նոր Գեղի համայնքի դպրոցի շենքում), որտեղ անցնելով անհրաժեշտ մաքսային և սահմանահատման ընթացակարգերը, «մեկնել» է «տուժած» երկիր: Տեղում ուսումնավարժանքի ընթացքին հետևել է փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը:
 
***
 
Ըստ ուսումնավարժության սցենարի` հարևան երկրներից մեկում գրանցվել է 7.2 մագնիտուդով երկրաշարժ, որի «ուժգնությունն» էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ: Նախնական տվյալներով` կան բազմաթիվ «զոհեր ու վիրավորներ»: Երկրաշարժից «տուժած» երկրի կառավարությունը մարդասիրական օգնության հայտով դիմել է միջազգային հանրությանը: ՀՀ ԱԻ նախարարը որոշում է կայացրել արձագանքել տեղի ունեցած «աղետին» և հանձնարարել է կազմակերպել ՀՀ ԱԻՆ փրկարարական ջոկատի մեկնումը «տուժած» երկիր:
Նոյյան տապան  -   Հասարակություն