Կիրականացվի առավել արդյունավետ վերահսկողություն.ՀՀ կառավարություն


Կիրականացվի առավել արդյունավետ վերահսկողություն.ՀՀ կառավարություն

  • 27-04-2017 18:26:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքին համապատասխան ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի ստեղծման, լիազորությունների և գործառույթների իրականացման միջոցով վերահսկողության արդյունավետ իրականացման հետ կապված հարաբերությունները կարգավորելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
 
Մասնավորապես, որոշմամբ նորաստեղծ տեսչական մարմնում կներդրվի կոլեգիալ կառավարման նոր համակարգ: Մարմնի գործունեության թափանցիկության ապահովման համար կձևավորվեն պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներից բաղկացած կառավարման խորհուրդ, որի լիազորությունները կսահմանափակվեն հիմնականում ռազմավարական խնդիրների ու դրանց իրագործմանն ուղղված նպատակների սահմանմամբ և  որոշումների կայացմամբ: 
Մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է լուծարել ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական պետական տեսչությունը», ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության «Ընդերքի պետական տեսչությունը» և ստեղծել նոր՝ Բնապահպանության նախարարության «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին»: Որոշմամբ հաստատվում է  տեսչական մարմնի կանոնադրությունը, կառուցվածքը: Սահմանվել են նաև տեսչական մարմին ստեղծելու  գործընթացում անհրաժեշտ հանձնարարականները: Տեսչական մարմնի լիազորություններում ընդհանրացվել են բնապահպանության և ընդերքօգտագործման բնագավառները կարգավորող իրավական ակտերով տեսչական մարմնին վերապահված լիազորությունները, որոնց իրականացումն ուղղված է բնապահպանության, մասնավորապես՝ շրջակա միջավայրի պահպանությանը, ընդերքօգտագործման անվտանգության ապահովմանը, այդ բնագավառներում իրավախախտումների կանխարգելմանը և տնտեսվարող սուբյեկտների մոտ իրավագիտակցության բարձրացմանը:  Կարեն Կարապետյանը, անդրադառնալով տեսչական բարեփոխումներին, հետաքրքրվել է,  թե արդյոք լուծվել են խնդրի շուրջ բարձրացված  բոլոր հարցերը: Ի պատասխան ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է, որ  մնացել են միայն օրենքի փոփոխությամբ պայմանավորված  մի շարք  հարցեր, որոնք  արդեն մշակվել են և գտնվում են  գերտեսչությունների հետ քննարկման փուլում: 
Վարչապետը հանձնարարել է հարցի  վերաբերյալ իր մոտ քննարկում կազմակերպել և անել հնարավորը, որպեսզի  տեսչական մարմինը խոչընդոտ չհանդիսանա բարեփոխման համար: 
 
Անդրադառնալով հանրային ծառայության բարեփոխումներին՝ վարչապետը հետաքրքրվել է, թե երբ դրա վերաբերյալ առաջարկությունները  կներկայացվեն:  Դավիթ Հարությունյանը նշել է. «Փոխվարչապետի գլխավորությամբ գործող աշխատանքային խմբի աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին: Ես կարծում եմ, որ համապատասխան առաջարկությունները պատրաստ կլինեն 1-1,5 ամիս հետու»: Կարեն Կարապետյանը հորդորել է հնարավորինս արագացնել գործընթացը. «Պետական կառավարման համակարգում որակյալ մասնագետներ ներգրավելու խնդիրներ կան: Մենք ունենք սահմանափակումներ, որոնք թույլ չեն տալիս ներգրավել թարմ, մտածող մարդու: Պետք է մաքսիմալ արագ այդ հարցը կարգավորենք»:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play