Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ 2016թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ԱԺ որոշման նախագծին


Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ 2016թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ԱԺ որոշման նախագծին

  • 27-04-2017 19:03:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագծին: Նախագծով ՀՀ 2016թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը եկամուտների գծով` 1,171,107,264.8 հազար ՀՀ դրամ է, ծախսերի գծով` 1,449,063,604.1 հազար ՀՀ դրամ, բյուջեի դեֆիցիտը` 277,956,339.3 հազար ՀՀ դրամ:
 
Գործադիրն ընդունել է նաև «ՀՀ պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2016թ. տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվության մասին» որոշում: Տեսչությունը ստուգումներ է իրականացրել նաև ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականների հիման վրա, որոնք միտված են եղել բացահայտել տնտեսության առանձին ոլորտներում առկա հիմնախնդիրները և պետական ռեսուրսների օպտիմալ օգտագործման պայմաններում գտնել դրանց լուծման լավագույն ուղիները: Հաշվետվության համաձայն՝ ընդhանուր առմամբ 2016թ. տեսչությունն  իրականացրել և ամփոփել է թվով 22 ստուգում: Անցյալ տարի  կատարված ստուգումներով արձանագրվել են 3,225.7 մլն ՀՀ դրամի խախտման փաստեր, որից 2016թ. ծրագրի շրջանակում կատարված թվով 4 ստուգումներով 768.1 մլն ՀՀ դրամ, ՀՀ իրավապահ մարմինների պահանջով կատարված թվով 11 ստուգումներով ` 31.1 մլն ՀՀ դրամ, իսկ ՀՀ վարչապետի հանձնարարականներով կատարված թվով 7 ստուգումներով` 2,426.5 մլն ՀՀ դրամ: 2016թ. կատարված ստուգումներով արձանագրված գումարներից տարվա ընթացքում վերականգնվել և վերաձևակերպվել է ընդամենը 203,2 մլն ՀՀ դրամը, որից 30.1 մլն ՀՀ դրամը վերականգնվել է ՀՀ պետբյուջե, 1.4 մլն ՀՀ դրամը վերականգնվել է աշխատանքով, 85.2 մլն ՀՀ. դրամի չափով պակասեցվել է բյուջետային ֆինանսավորումը, իսկ մնացած 86.5 մլն ՀՀդրամը վերականգնվել է կազմակերպությունների հաշվին կամ հաշվառումով վերաձևակերպվել է: 
Կառավարությունն ի գիտություն է ընդունել նաև «Պետական գույքի կառավարման 2015-2017թթ. ծրագրի կատարման 2016թ. հաշվետվությունը»: 
 
 
Այլ որոշումներ
 
 
Կառավարությունը որոշել է լիազորել  Երևանի քաղաքապետին ՀՀ անունից «Ի Էմ Սի» ՓԲԸ հետ կնքել Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագրեր: Այն հնարավորություն կտա ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը: Մասնավոր ներդրումների հաշվին գլխավոր պողոտայի նշված տարածքում հնարավոր կլինի վերականգնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը: Թաղամասը վերակառուցելու նպատակը պատմական կառուցապատված տարածքների կիրառական-գեղագիտական բարելավումն է, կանոնավոր կառուցապատմամբ, հատուկ փակ գոտու սահմանումը և ներգրավումը քաղաքի կենսագործունեության մեջ: ՀՀ վարչապետը նշել է, որ «Հին Երևան» ծրագրի և Երևանի կենտրոնի կառուցապատման հետ կապված անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել են կառավարության անդամները, հրավիրվել է Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը: Կարեն Կարապետյանը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին և Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանին հորդորել է մաքսիմալ ուշադիր լինել ծրագրի առնչությամբ:  «Մենք պոտենցիալ ներդրողի նկատմամբ ունենք բազմաթիվ պարտավորություններ, որոնք անհասկանալի պատճառներով չենք կատարում: Ունենք ներդրող, որի նկատմամբ մեր պարտավորություններն ուշացրել ենք երկու տարուց ավելի և անընդհատ պատճառաբանություններ ենք փնտրում, թե ինչու դրանք չենք անում»,-ասել է գործադիրի ղեկավարը և հանձնարարել կարգավորել առկա խնդիրները: 
***
ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի տարածքով անցնող Բմբուլենց և Մովրովի հեղեղատարների առաջնահերթ հատվածների մաքրման և ափերի ամրացման աշխատանքներն իրականացնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին: Գարնանային վարարումների ժամանակ կկանխվի վերոհիշյալ հատվածներում գետերի ու հեղեղատարների ափերի և ափապաշտպան արգելաթմբերի քայքայումն ու փլուզումը, առափնյա տարածքները՝ գյուղատնտեսական հողերը, բնակելի տները, զորամասերը, ինժեներական կառույցները, շենք-շինությունները և այլն, զերծ կմնան ողողումներից:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն