Բուսաբանական այգում մեկնարկել են բարեփոխման միջոցառումներ. նախատեսվում է այն դարձնել երևանցիների ամենասիրած վայրը (տեսանյութ)


Բուսաբանական այգում մեկնարկել են բարեփոխման միջոցառումներ. նախատեսվում է այն դարձնել երևանցիների ամենասիրած վայրը (տեսանյութ)

  • 28-04-2017 17:30:54   | Հայաստան  |  Հասարակություն



 
Երևանում մեկնարկել են Բուսաբանական այգու բարեփոխման կարճաժամկետ և երկարաժամկետ մի շարք միջոցառումներ. Նպատակն է աջակցել ՀՀ ԳԱԱ Բուսաբանական այգում ստեղծված բուսական աշխարհի հարուստ բազմազանության պահպանմանը` նպաստելով նրա կայուն վերարտադրությանը: 
Այս մասին  ապրիլի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Աջակցություն բուսաբանական այգուն» բարեգործական հիմնադրամի տնօրեն Սարգիս Աղայանը` ընդգծելով, որ ներկայումս այգում կան բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնք նախատեսում են լուծել առաջիկա հինգ տարիների ընթացքում: 
Ըստ նրա` առանջնահերթ խնդիր է ապահովել բուսաբանական այգու անվտանգությունը, քանի որ այգու ցանկապատը վնասված է, հաճախակի հրդեհներ են բռնկվում, տեսախցիկները ոչ բոլոր հատվածներում են տեղադրված, կա նաև ոռոգման համակարգի բարելավման և ցուցանակների թարմացման անհրաժեշտություն: 
«Մենք հիմա շատ ակտիվ աշխատում ենք բոլոր ոլորտների կազմակերպությունների հետ` սկսած IT-ից մինչև գիտական կառույցներ»,- ասաց Ս. Աղայանը` ընդգծելով, որ արդեն իսկ բազմաթիվ հետաքրքիր առաջարկներ են ստացել: 
Բանախոսի փոխանցմամբ` այգում նախատեսվում են գործարկել թանգարաններ, կիսաանապատային ծառերի և թփերի Կասկադ անտառ պուրակ, եղրևանու և վարդերի կոլեկցիոն հողամասեր, արևադարձային և մերձարևադարձային բույսերի ջերմատուն, ինչպես նաև այգում անցկացվելու են պարբերական միջոցառումներ` աղբահավաքից սկսած մինչև հեծանվասպորտի սիրողական մրցաշար, փառատոններ, ջազ երեկույթներ, ցուցահանդեսներ, գիտա-կրթական միջոցառումներ, ֆիլմերի դիտումներ,  մասնագիտական խորհրդատվական ծառայությունների մատուցում, բույսերի վաճառք:
Ս. Աղայանի խոսքերով` ամեն ինչ արվելու է, որպեսզի Բուսաբանական այգին դառնա Երևանի ամենաշատ հաճախելիություն ունեցող վայրը: 
Կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր,  ՀՀ ԳԱԱ Բուսաբանության Ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Գոհար  Օգանեզովայի տեղեկացմամբ` 1935 թվականի հիմնադրված 80 հա տարածքով այգում պահպանվում է 650 տեսակի բույս` նախկին 1100-ի փոխարեն, իսկ այցելուների թիվը տարեկան կազմում է 20-30 հազար մարդ: 
Նրա վստահեցմամբ` անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների ապահովման և միջոցառումների իրականացման դեպքում հնարավոր կլինի վերականգնել բույսերի վերացած տեսակները: 
Գ. Օգանեզովայի պնդմամբ` հիմնադրամի տնօրենը և աշխատանքային թիմը պատրաստ են քննարկել ցանկացած առաջարկ այգու բարեփոխման հետ կապված, սակայն մեկ բացառությամբ, որ դրանք չպետք է վնասեն այգու գիտական մասին: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն