Մասրիկի արևային կայանները կապահովեն էլէներգիայի ռեկորդային ցածր սակագին․ մրցույթն արդեն հայտարարված է. (Տեսանյութ)


Մասրիկի արևային կայանները կապահովեն էլէներգիայի ռեկորդային ցածր սակագին․ մրցույթն արդեն հայտարարված է. (Տեսանյութ)

  • 28-04-2017 14:14:05   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



 
Այսօրվանից Մասրիկում 55 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայաններ կառուցելու համար միջազգային մրցույթ է հայատարարվել: Մրցույթի առաջին` նախաորակաորման փուլում, ընտրվելու են ներդրողները, ովքեր պետք է համապատասխանեն անհրաժեշտ մի շարք չափորորշիչների: Այս մասին ապրիլի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը: 
Ըստ նրա` մրցույթի հիմնական պահանջներից են, որպեսզի ներդրողներն ունենան 100 և 50 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայաններ կառուցելու փորձ, ֆինանսական հստակ ցուցանիշներ, իսկ ներդրողների առջև նման պայմաններ առաջադրելու գլխավոր նպատակն է, որպեսզի մրցույթում ընդգրկվեն հնարավորինս փորձառու և լուրջ կազմակերպություններ: 
«Մրցույթի ֆինանսական պայմանագրի ավարտը նախատեսվում է 2018 թվականի 2-րդ եռամսյակը, այսինքն` բավականին երկար և ծավալուն մրցույթ սպասվում»,- ասաց Հ. Հարությունյանը` հավելելով, որ էներգետիկ համակարգում առաջին անգամ նման ձևաչափով է սակագին սահմանվելու: 
Փոխնախարարը չհստակեցնելով սահմանվող սակագնի չափը` նշեց, որ այն պետք է լինի բոլոր ջերմային կայաններից մատչելի. «Նպատակն այն է, որպեսզի այս սակագնով դրական ազդեցություն ունենանք վերջնական սպառողական սակագնի վրա»:
Հ. Հարությունյանի փոխանցմամբ` իրենք ակնկալում են աշխարհի մակարդակով ռեկորդային ցածր սակագնի սահմանում, քանի որ Հայաստանն ունի արևային բացառիկ մեծ ռեսուրս, իսկ այստեղ արևային կայաններ կառուցելու համար ստեղծված պայմանները ներդողների համար շահավետ են:    
Ամփոփելով էներգետիկ ոլորտում ՀՀ կառավարության ծրագրի կատարման վերջին վեց ամիսները` փոխնախարարն ընդգծեց, որ Հայաստանում ավելացել է ինչպես էլեկտրաէներգիայի արտադրությունը, այնպես էլ դրա արտահանումը, համապատասխանաբար` 5,3 տոկոս և 60 մլն ԿՎտ: Էլէներգիայի հիմնական արտահանումը կատարվել է Վրաստան:  
Որպես անցած վեց ամիսների կարևոր ձեռքբերում` Հ. Հարությունյանը համարեց Հայաստանում առաջին արևային էներգիայով մատակարարվող Լեռնամերձ համայնքը, որտեղ իրականացված ծրագրի շնորհիվ` ամբողջ գյուղում կենցաղային տաք ջուրն ապահովում են արևային ջրատաքացուցիչները: Գյուղն ամբողջությամբ նաև լեդաֆիկացվել է:   
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play