Գործարկվել է գործարար միջավայրի բարեփոխումների համար նախատեսված www.bizprotect.am նորարարական կայքը
28-04-2017 14:31:35 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Գործարկվել է www.bizprotect.am վեբ հարթակը, որը ստեղծվել է «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակում: Այս ծրագրով նախատեսվում է ամրապնդել պետություն-մասնավոր հատված երկխոսությունը, գործարկել նորարարական կայք, որը կապահովի բիզնես ոլորտի ազդարարների (“whistle-blowers”) կողմից տեղեկատվության հայտնումն ու նրանց գաղտնիության ապահովումը, ինչպես նաև հատկորոշել բիզնես ոլորտի կոռուպցիոն ռիսկերը՝ իրավիճակը գնահատելու և համապատասխան բարեփոխումների առաջարկներ մշակելու համար: Առավել մանրամասն տեղեկատվություն հասանելի է կայքում:
«Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագիրը իրականացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) և Եվրոպական բիզնես ասոցիացիան (ԵԲԱ): Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել գործարար անդամակցության վրա հիմնված կազմակերպությունների և բիզնես ասոցիացիաների ազդեցությունը՝ ՓՄՁ ոլորտի բարեփոխումները խթանելու համար:
Հիշեցնենք, որ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ), Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Եվրոպական բիզնես ասոցիացիայի միջև դեռևս դեկտեմբերին կնքվել է պայմանագիր «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» դրամաշնորհային ծրագրի մեկնարկի վերաբերյալ:
«Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Վերջինս էլ իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս: