Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին տեղեկատվությունը պետք է հրապարակվի.կոնֆլիկտաբան
28-04-2017 16:00:57 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Լավ կլիներ, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցության օրակարգի և քննարկման կոնկրետ թեմաների մասին հանրությանը հաղորդվեր․ Tert.am-ի հետ զրույցում խոսելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման և այդ հանդիպմանը ԼՂ հիմնախնդրի լուծման շուրջ քննարկման մասին՝ այսպես ասաց կոնֆլիկտաբան Արթուր Մարտիրոսյանը:
«Լավ կլիներ, որ մինչ հանդիպումը հայտարարվեր, թե ինչ խնդիրների շուրջ են բանակցում կողմերը, որպեսզի հասարակության շրջանում ավելորդ խոսակցությունները վերանային: Լսելով՝ կհասկանանք, թե բանակցային ինչ մեթոդներ են օգտագործվում, ինչպիսին են նպատակները: Բայց, իհարկե, ճիշտ է բանակցել, բանակցությունների գնալը»,- ասաց նա:
Նշեց, որ չի փորձի իրար հետ կապել այս ընթացքում Ռուսաստանից Ադրբեջանին հատկացվող զինամթերքի մասին տեղեկատվության հրապարակումն ու Ռուսաստանի նախաձեռնությամբ կազմակերպված Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը:
«Օրացույց կա, նրանք պայմանավորվածություններ ունեին: Պետք է ամեն ինչին մի քիչ խորքից նայել: Հնարավոր է՝ օրերն են համընկել: Բայց եթե կա ինչ-որ մի փոքր ճնշում գործադրելու ցանկություն, ապա այդպիսի բանակցությունները ոչ մի բանի չեն բերի»,- ասաց նա:
Կոնֆլիկտաբանը շեշտադրեց՝ ինքը հենց դրա համար է պնդում՝ հանդիպման օրակարգի, քննարկման թեմաների մասին տեղեկատվությունը պետք է հրապարակվի:
«Բայց եթե կողմերից մեկը կամ միջնորդը դեմ է օրակարգը ներկայացնելուն, ուրեմն բանակցություններից հետո հստակ պետք է հարցը պարզաբանվի: Այլապես ստացվում է, որ մենք ինչ-որ մի բանակցությունների ենք մասնակցում, որը չի նպաստում, որ հանրությունը վստահի թե՛ իր արտգործնախարարությանը, թե՛ այդ բանակցություններին»,- ասաց Արթուր Մարտիրոսյանը:
Անդրադառնալով նրան, որ կրկին Ռուսաստանն է նախաձեռնում կողմերի միջև հանդիպում, կոնֆլիկտաբանը նկատեց, որ դա տրամաբանական է․ ԱՄՆ-ն պատրաստ չէ զբաղվելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացով, քանի որ դեռևս ամբողջությամբ չի ձևավորել իր վարչակազմը, իսկ Ֆրանսիան զբաղված է իր նախագահական ընտրություններով:
«Ռուսաստանը միշտ աշխատել է առաջնորդի դեր խաղալ, որովհետև այս տարածքը նրա համար դիտարկվում է որպես ռազմավարական շրջան: Ինքը շարունակելու է բանակցություններում իր առաջնորդության թեզն առաջ տանելը: Բայց մեզ համար կարևոր է, որ Ռուսաստանը, լինելով միջնորդ և առաջնորդ հիմնախնդրում, քաջ գիտակցի, որ Հայաստանն ունի ազգային շահեր, և մեր դիվանագիտությունը պետք է պաշտպանի դրանք: Մենք չպետք է մասնակցենք բանակցային ինչ-որ իմիտացիայի: Արտգործնախարարության շահերից է բխում, որ այդ հարցը ինչ-որ ձևով, զեկույցով ներկայացնի, որ հանրությունն էլ հասկանա, թե ինչ է տեղի ունենում»,- ասաց նա:
Նշենք, որ այսօր՝ ապրիլի 28-ին Ռուսաստանի արտգործնախարարության նախաձեռնությամբ Մոսկվայում կայացել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքային հանդիպումը: ՀՀ ԱԳՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը միայն տեղեկացրել է՝ հանդիպմանը շարունակվել են քննարկումները ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ: Ընդգծվել է Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում 2016թ. ապրիլին և հունիսին կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը: