Դավիթ Լոքյանն այցելել է Արագածոտնի մարզ


Դավիթ Լոքյանն այցելել է Արագածոտնի մարզ

  • 28-04-2017 16:33:42   | Արագածոտնի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ապրիլի 26-ին  ՀՀ Արագածոտնի մարզ  կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Արտենի և Արագածավան համայնքներ, հանդիպումներ է ունեցել նշված համայնքի ղեկավարների հետ: 
Արտենիում տեղի է ունեցել խորհրդակցություն համայնքային տարաբնույթ խնդիրների շուրջ: Նախարար Լոքյանը  գոհունակությամբ է փաստել, որ Արտենին զարգացման լավագույն ծրագրեր ներկայացրած  համայնքների շարքում է:
 
 Համայնքի ղեկավար Գեղամ Խլղաթյանը նախարարին է ներկայացրել  համայնքի ընթացիկ աշխատանքները, մասնավորապես, անդրադարձել  է «Արթին չրերի արտադրություն կոոպերատիվի» ընդլայնման ծրագրին, որի նպատակն է համայնքում զարգացնել գյուղատնտեսությունը, խթանել ձեռներեցությունը, բնակիչների համար ստեղծել բերքը մթերելու հնարավորություն:  Ծրագրով նախատեսվում է  ձեռք բերել  Էլեկտրական չորացման սարք, կորիզահան սարք, մուրաբաների պատրաստման հոսքագիծ: Ծրագրին հանգամանորեն ծանոթանալով՝ Դավիթ Լոքյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ կառավարության նպատակն է նոր որակ հաղորդել տարածքային կառավարման եռաստիճան համակարգին՝ համայնք- մարզպետարան- կառավարություն համագործակցությանը:  
Արտենիում կայացած խորհդակցության ժամանակ համայնքի ղեկավարը  հարց է բարձրացրել խմելաջրի համակարգերը ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հանձնելու և միասնական օպերատորի կողմից սպասարկվելու վերաբերյալ: Նշվել է, որ Արտենի համայնքում ոռոգման ջրի ցանցը գտնվում է ֆիզիկապես մաշված վիճակում, որի  շահագործումն անարդյունավետ է և ծախսատար: Ցանցի վերանորոգման դեպքում հնարավոր կլինի մշակել  շուրջ  600 հա  վարելահող:
Արագածավան համայնքում կայացած խորհրդակցության ժամանակ ևս անդրադարձ է եղել ջրի  հիմնախնդրին: Նախարար Դավիթ Լոքյանին տեղեկացրել են, որ մշակվող հողերը մեծամասամբ գերնորմատիվային  են, ուստի առավել մեծ ծավալի ջրօգտագործում են պահանջում: Հարկ է նշել, որ վերոնշյալ համայնքների ջրի հիմնախնդրի առնչությամբ Դավիթ Լոքյանն  արդեն  դիմել է  ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն  Հարությունյանին ՝ Արագածավան համայնքում ոռոգման ջրի սակագնի նվազեցման հնարավորությունը, ինչպես նաև  Արտենի համայնքի ոռոգման ցանցի վերանորոգման հարցերը քննարկելու նպատակով:  
Դավիթ Լոքյանը այցելել է նաև համայնքներում գործող նախադպրոցական հաստատություններ: Նախարարը գոհունակություն է հայտնել հատկապես Արագածավանի մանկապարտեզի հետ կապված, նկատել, որ կազմակերպչական և դաստիարակչական լավ փորձը  կարող է օրինակելի լինեն նաև այլ համայնքների համար:  Արագածավան համայնքում քննարկվել է նաև Արագածավան խոշորացվող համայնքին վերաբերող խնդիրներ:  
 
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն