Վարչապետն ընդունել է Չեխիայի առողջապահության նախարարության պատվիրակությանը


Վարչապետն ընդունել է Չեխիայի առողջապահության նախարարության պատվիրակությանը

  • 28-04-2017 17:04:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարարության պատվիրակությանը՝ փոխնախարարներ Ռադեկ Պոլիսարի և Թոմ Ֆիլիպի գլխավորությամբ: 
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունման համար:
 
 Անդրադառնալով առողջապահության ոլորտում հայ-չեխական գործակցության հեռանկարներին՝ կառավարության ղեկավարը կարևորել է առողջապահական բիզնեսի և ներդրումային ծրագրերի ուղղությամբ համագործակցությունը: Վարչապետը նշել է, որ Հայաստանը լավ հարթակ է ներդրումների համար՝ հաշվի առնելով գործարար միջավայրի բարելավման, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղություններով արվող բարեփոխումները, ինչպես նաև երրորդ երկրների շուկաներ մուտքի հնարավորությունները: 
  ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան նշել է, որ չեխական բիզնեսը հետաքրքրված է հայաստանյան շուկայով, հետևողականորեն ծանոթանում է կառավարության կողմից գործարար բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ կատարվող արդյունավետ քայլերին, և չեխ գործարարներն արդեն որոշակի քայլեր են ձեռնարկում:
Ներկայացնելով ՀՀ առողջապահության նախարարության գործընկերների հետ քննարկումների արդյունքները՝ Չեխիայի առողջապահության փոխնախարարներ Ռադեկ Պոլիսարը և Թոմ Ֆիլիպը նշել են, որ Հայաստանում առողջապահության համակարգի բարեփոխումների ուղղությամբ գործադրվող ջանքերը տպավորիչ են, և հայ-չեխական առողջապահական փոխգործակցության հնարավորություններ կան կլինիկական բժշկության, էլեկտրոնային առողջապահության, հիվանդանոցային կառավարման գիտահետազոտական և այլ ուղղություններով: Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխայցերի, փորձագիտական շփումների  ու փորձի փոխանակման (նաև միջազգային հարթակներում) միջոցով շարունակել գործակցության խորացմանն ուղղված աշխատանքները:
Ողջունելով այդ ջանքերը՝ վարչապետ Կարապետյանը նշել է, որ Հայաստանն առաջ է շարժվում ժամանակակից ու մրցունակ առողջապահական համակարգ ստեղծելու ճանապարհով և կարևորում է այս ուղղությամբ հաջողություն արձանագրած երկրների փորձը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play