Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Անդրանիկ Զոհրաբյանը կդառնար 21 տարեկան (տեսանյութ)


Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Անդրանիկ Զոհրաբյանը կդառնար 21 տարեկան (տեսանյութ)

  • 01-05-2017 12:29:42   | Հայաստան  |  Հասարակություն



Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 21 տարեկան։ Անդրանիկ Զոհրաբյանը ծնվել է 1996թ. մայիսի 1-ին, Վեդիում:
 
Անդրանիկ Զոհրաբյանը կապիտան Արմենակ Ուրֆանյանի զինվորներից էր, զոհվեց Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի ու Քյարամ Սլոյանի հետ նույն խրամատում: Ուրֆանյանի զինվորները ռազմական գործողությունների առաջին գիշերը մի քանի անգամ հետ էին շպրտել հակառակորդի՝ իրենց գերազանցող ուժերին՝ անհավասար մարտում ցուցաբերելով բացառիկ մարտունակություն եւ հերոսություն:
 
Հակառակորդի առաջին գրոհը տղաները հաջողությամբ հետ էին մղել, ապա շարքից հանել էին հակառակորդի մեկ տանկ եւ տապալել գրոհի երկրորդ փորձը: Ամբողջ ընթացքում փոքրաթիվ վաշտը կռվել է հակառակորդի ինտենսիվ հրետակոծության տակ՝ ոչ մի քայլ չնահանջելով:
 
Շարքային Անդրանիկ Զոհրաբյանը թշնամուն հետ մղելիս վիրավորվել է, ինչից հետո Ռոբերտ Աբաջյանը իր վրա է վերցրել դիրքի պաշտպանությունը եւ միայնակ շարունակել մարտը՝  պատնեշի վրայով: Երբ հակառակորդը դիտակետերը շրջանցելով՝ ներթափանցել է դիրք, Ռոբերտ Աբաջյանը վիրավորվել է, մի կերպ վիրավորված Անդրանիկ Զոհրաբյանին իր հետ տանելով՝ ետ է քաշվել մինչեւ վերջին խրամախորշ, որտեղից կապ է հաստատել գումարտակի հրամանատարի հետ, զեկուցել իրավիճակի մասին, շարունակել են կրակել մինչեւ իրենց մոտ եղած վերջին փամփուշտը:
 
Անդրանիկ Զոհրաբյանը հետմահու պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով:
 
 
 
 
 
   
Նոյյան տապան  -   Հասարակություն