Դրանով ինչ-որ ինքնաթիռ, հրթիռ սարքվա՞վ, թռա՞վ, կամ գոնե մի ավտոմեքենա պատրաստվե՞ց
02-05-2017 16:45:51 | Հայաստան | Հասարակություն
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոս, 2003 թվականից համալսարանի մեքենայական թարգմանության բազային գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Մանուկյան արդեն երկար ժամանակ (1968 թվականից) աշխատում է նշված բուհում ու շատ լավ ծանոթ բուհական ոլորտի հիմնախնդիրներին: Նա այն եզակիներից է, որ ստորև ներկայացվող հարցազրույցում համարձակություն ունեցավ բացել փակագծերը և ասել, որ հիմա ռեկտորները փաստորեն ինքնիշխան են ու գրեթե բոլոր բուհերում վերածվել են դիկտատորների, ինչպես նախարարին, այնպես էլ ռեկտորներին առկա վիճակը փոխելը ձեռնտու չէ: Ըստ նրա, դրսում գտնվող մեր լավագույն երիտասարդները հիմնականում զոհվում են օտար անկողիններում, հայաթափության հիմքում ընկած է նաև բուհերի վատ վիճակն ու բուհական կրթության վատ որակը:
- Լավ ծանոթ լինելով Հայաստանի բուհական ոլորտի հիմնախնդիրներին, կարո՞ղ եք ասել, թե, դրանցով պայմանավորված, մեր բուհական համակարգի ներկայիս մակարդակն ի՞նչ ազդեցություն է ունենում հանրային կյանքի վրա:
- Քանի որ մեր բուհերը չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին, ի տարբերություն խորհրդային ժամանակների, դրանցից բավական հեռացել են ու չեն բավարարում եղած պահանջներին, գրեթե բոլոր ծնողները ձգտում են իրենց երեխաներին լավ կրթության տալ դրսում, շատ ծնողներ էլ կարողանում են ուղարկել դուրս: Ի դեպ, այն տարիներին մեր պոլիտեխնիկը խորհրդային բուհերի առաջին տասնյակի մեջ էր, դրսից էին գալիս Հայաստան` սովորելու համար, իսկ այժմ ոչ մի տեղ չի գրված, թե որերորդն ենք աշխարհում: Հարսներս, ցավոք, պնդում են, որ թոռներիս ուղարկենք դրսում` Միացյալ Նահանգներում, Լոնդոնում սովորելու, տալիս են այնտեղի համալսարանների անուններ: Ասում եմ` ինչո՞ւ չպետք է մնան Հայաստանում սովորելու, գնալու են այնտեղ, կորելու են…
Վատն այն է, որ մեր լավագույն երեխաները գնում են դուրս, ազգի սերուցքը դուրս է գալիս: Պետք է նկատի ունենանք, որ այդ տարիները բեղմնավորման տարիներ են, այդ տարիքում դրսում գտնվող մեր երիտասարդները նույնպես զույգավորվում են, դժբախտաբար ու հիմնականում` օտարների հետ, վերջին հաշվով, զոհվում են օտար անկողիններում… Դա հետո են զգում, 40-50 տարեկանում նոր ասում կամ մտածում են` այս ի՞նչ արեցի, բայց արդեն ուշ է լինում: Այս վիճակի հիմքը մենք հիմա ենք տալիս, Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանի հայաթափության հիմքում ընկած է նաև բուհերի վատ վիճակն ու բուհական կրթության վատ որակը: Դրանք պետք է լավացնել, և այդ ժամանակ մենք կկարողանանք հայաթափությունն ահագին չափով կասեցնել, որի դեմ խոսքով հնարավոր չէ պայքարել, գործով պետք է պայքարել: Այսինքն` պետք է պահանջենք և հասնենք նաև նրան, որ մեր բուհերը դառնան նույնիսկ ավելի լավը, քան դրսում եղածներն են, համենայն դեպս, ոչնչով չզիջեն նրանց: Մենք դա կարող ենք, մի նայեք այդ հնչեղ անուններին` Հարվարդ, Օքսֆորդ…
- Անդրադառնանք բուհական ոլորտում առկա հիմնախնդիրներին: Դրանցից հատկապես որո՞նք կառանձնացնեք:
- Հիմա չի գնում կադրերի պլանավորում ըստ մասնագիտությունների, պլանավորում չկա, բարձիթողի վիճակ է: Պլանավորումը համարվեց սովետական մոտեցում ու դրանից հրաժարվեցին, մինչդեռ տվյալ ոլորտում պլանավորման բացակայությունը տեսեք, թե ինչի է հանգեցրել: Օրինակ, ծնողները խաբվում են «տնտեսագիտական», «տնտեսագետ» բառերով, տնտեսությունն արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունն է, իսկ տնտեսագիտականն ավարտածն արդյունաբերության մասնագետ չէ, ինժեներ չէ, ոչ էլ գյուղատնտեսության մասնագետ է: Ծնողները խաբվում են այդ բառերի վրա, իրենց զավակներին տանում են տնտեսագիտական, ուսանողներն ավարտում են, տեսնում են ոչինչ չեն կարող անել: Եթե արդյունաբերական բարձր զարգացած երկիր լինեինք, միգուցե այդ ժամանակ պետք գային, բայց նրանք հիմա մեր երկրի մեջ պետք չեն: Պետությունը պետք է պլանավորի, որ հնարավորինս շատ ինժեներներ, տեխնիկներ, բնագիտական մասնագիտության մարդիկ ունենա, և ինչքան կարելի է քիչ` իրավաբաններ, տնտեսագետներ, լեզվագետներ… Ավարտում են, բայց աշխատանքի տեղ չկա: Տեսնում են` աշխատանքի տեղ չկա, աչքերը տնկում են դեպի դուրս, մի մասն էլ մտածելուց, ձգտելուց բացի, կարողանում է նաև գնալ ու գնում է:
Հաջորդ հիմնախնդիրը կապված է ներբուհական կյանքի կազմակերպման հետ: Բուհի ղեկավարը, որն առաջնային դեր ունի բուհի աշխատանքների կազմակերպման ընդհանուր գործընթացում, չի ընտրվում բուհի կողմից: Նա, ըստ էության, ընտրվում է նախարարության կողմից կամ նախարարության միջոցով, բայց քանի որ ներսում հակակշռող ուժեր չկան, գործում է «ինչ կուզեմ, այն էլ կանեմ», «ինչպես կուզեմ, այնպես էլ կանեմ» սկզբունքներով: Նրա ձեռքը բռնող օղակ գործնականում չկա: Կոլեկտիվը, որը գիտե նրա սխալները, բացարձակապես չի կարողանում ազդել ռեկտորի վրա: Այդ առումով դառը փորձ ունենք, Արա Ավետիսյան անուն ազգանունով մի ռեկտոր ունեինք, հազիվ ազատվեցինք նրանից: Ինչ ուզում, այն անում էր, կարող էր իրեն, ասենք, լավ չբարևելու համար, պոլիտեխնիկում 40 տարի աշխատած բարձրագույն մասնագետին հրամանագրով իր տեղից հանել, մեկ ուրիշ տեղ տանել:
- Իսկ որո՞նք են այդ հիմնախնդրի լուծումները:
- Ստալինն ամենաուժեղ բռնապետն էր, բայց Խորհրդային Միության բուհերն աշխարհում առաջնայիններից էին: Ինչի՞շնորհիվ… Նա ճիշտ էր կազմակերպել բուհերի ներքին կյանքը, չէր թողել, որ ռեկտորներն իրենց կառավարման ոլորտում, բուհի ներսում դառնան Ստալին: Ստալինը միայն ինքը պետք է լիներ վերևում, իսկ բուհի ներսում պետք է ուժեղ դեմոկրատիա լիներ: Ռեկտորին հակակշիռ էին կուսկոմիտեն, արհմիությունը և ժողովրդական վերահսկողության կոմիտեն: Ռեկտորի ցանկացած հրամանագրի նրանցից առաջին երկուսը պետք է իրենց համաձայնությունը տային` հաշվի առնելով նաև իրենց պատասխանատվությունը վերադասին, այդպիսով ռեկտորը սխալից հնարավորինս զերծ էր մնում: Այժմ այդ օղակները չկան, փորձ արեցի արհմիությունն ակտիվացնել, չկարողացա: Հիմա ռեկտորները փաստորեն ինքնիշխան են ու գրեթե բոլոր բուհերում վերածվել են դիկտատորների:
Խոսքս պոլիտեխնիկական համալսարանի ներկայիս ռեկտորի մասին չէ, նա մեր հին կադրն է, քիչ թե շատ, փափուկ է, նրա վրա մարդկայնորեն կարելի է ազդել, բայց, ինչպես բոլոր մյուս ռեկտորների պարագայում, կանոնադրական, իրավական առումով հնարավոր չէ ազդել: Այստեղ էլ բազմաթիվ թերություններ կան, բայց ես դրանց մասին նրան չեմ կարող ասել, քանի որ դրանք ներկայիս բուհական համակարգից են գալիս, ոչ թե իրենից, համակարգային սխալների հետևանք են, ոչ թե անհատի սխալի: Վերին ու միջին օղակի աշխատողների հիմնական մասը նրա աշխատասենյակ մտնելով, դառնում են փիսիկ, մուկիկ, դուրս են գալիս, դառնում են առյուծ:
Հետադարձ կապ ու հակակշիռներ ամեն օղակում պետք է լինեն, բայց մեր կյանքում դրանք հիմնականում բացակայում են: Բուհը պետք է ինքնավար լինի, և այդ ինքնավարությունը պետք է գործի ոչ միայն ռեկտորի, այլև ներքևի մակարդակներում: Ինքնավարությունը չի գործում բուհական ոչ մի մակարդակում, փաստորեն չի ապահովված մեր Սահմանադրության 39-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջը, քանի որ արդեն տարիուկես է, բարձրագույն կրթության մասին նոր օրենքը դեռ ընդունված չէ: Գործող օրենքի համաձայն, բուհը կառավարում է «կառավարման խորհուրդ» կոչեցյալը, որը հերթական վարչական օրգանն է, և որի անդամների 50 տոկոսին պետությունն է նշանակում, 25 տոկոսը գիտխորհրդից ոչ թե ընտրված, այլ վերցված դասախոսներն են, մնացած 25 տոկոսը` ուսխորհրդից ներկայացված ուսանողները, որոնք, ըստ էության, սկզբունքորեն ուսանողներ չեն, ուսխորհրդի տղաներն են, վարչական աշխատանքի ձգտող ապագա բյուրոկրատներ, բայց ոչ թե մասնագետներ կամ ապագա գիտնականներ: Այսպիսով այնպես է ստացվում, որ 2-ի ուսանողը գալիս է 5-ի դասախոսին թվանշան նշանակելու, այսինքն` ռեկտոր ընտրելու կամ չընտրելու: Այսպես չի կարելի:
Փաստն այն է, որ Սահմանադրությունը չի գործում, նոր օրենքի նախագիծը, որը գրվել է կրթության և գիտության նախարարության կողմից, ըստ էության, ոչ մի բանով չի տարբերվում գործողից: Նախագիծը հանրային քննարկում չի անցել, նախարարությունն այն ուղարկել է ռեկտորներին, իսկ վերջիններս առանց գիտխորհրդում, ամբիոններում քննարկման ներկայացնելու, նախագիծը մոտ 10 օր իրենց մոտ սուսիկ-փուսիկ պահելուց հետո, հավանություն են տվել ու ետ ուղարկել, քանի որ ինչպես նախարարին, այնպես էլ ռեկտորներին առկա վիճակը փոխելը ձեռնտու չէ: Իրավիճակը հնարավոր չէ բարելավել առանց այդ նախագծից հրաժարվելու, օրենքի համապատասխան նախագիծ գրելու և ընդունելու:
- Նոր նախագիծ գրելու և նոր օրենք ընդունելու պարագայում այս վիճակը սկզբունքորեն փոխելու համար ի՞նչ հիմնական փոփոխություններ պետք է կատարել:
- Հիմնական խնդիրը հետևյալն է. թե ղեկավարությունը, թե մյուս մարմինները պետք է ընտրվեն իրենցից ստորադասների կողմից, օրինակ, բուհի ռեկտորը պետք է ընտրվի ընդլայնված գիտխորհրդի կողմից: Թող կառավարությունը հաստատի ռեկտորի ընտրությունը, այդ կերպ մասնակցի այդ գործընթացին, բայց ռեկտորի ընտրությունն ամբողջությամբ թողնի բուհի գիտխորհրդին, քանի որ բոլորից լավ մենք գիտենք, թե մեր բուհի համար լավ ռեկտոր ով կլինի: Դրանից հետո բուհի ռեկտորը տարեկան մեկ անգամ պետք է հաշվետվություն տա գիտխորհրդին կամ կոլեկտիվին:
Մյուս կարևոր խնդիրը բուհերի ֆինանսական կյանքը թափանցիկ դարձնելն է, այժմ չգիտենք փողն ով է ծախսում, ուր է գնում, ինչի վրա: Եթե մեր ընտրած ռեկտորը լինի և այս տեղեկությունները չներկայացնի, մենք կկարողանանք ստիպել նրան, որ ներկայացնի: Եթե բավարար գումարներ լինեն, շատ կարևոր տեղեր ունենք դրանք ծախսելու: Օրինակ, մեր բուհում ինչո՞ւ չկան ռազմական թեմաներով մշակումներ կատարող լաբորատորիաներ, ռեալ բան չունենք, շինծու, դերասանական մի երկու բան կա: Տեղում շատ թերություններ, սխալներ կան, բայց դրանք բոլորը բխում են նրանից, որ կոլեկտիվը չի կարողանում իր ձայնը բարձրացնել, խոսել, ասել, որ ճիշտը սա է, իրեն թվում է, որ ինքը ճիշտ է անում: Օրինակ, բուհի ֆինանսական կյանքի թափանցիկության հետ կապված, ուզում էի կարգն այնպես փոխել, որ արհմիությանը հաշվետվություն տան, ոչ մի կերպ չկարողացա. ոչ արհմիության անդամներն ուզեցին դա, ոչ էլ, բնականաբար, ռեկտորատը, չէ՞ որ ամենանուրբ ու ցավոտ տեղը դա է, թե փողն ուր է գնում: Մինչդեռ, ներկայումս առկա այս իրավիճակը ներսում կոռուպցիոն ռիսկեր է ստեղծում:
Հնարավոր է, մեր ռեկտորն այդպիսի բաներ չի անում, բայց անողն անում է: Մեր ռեկտորին կոռուպցիայի մեջ չեմ կարող մեղադրել, բայց հարցեր են առաջանում, օրինակ, բաժին կա, որտեղ 10 հոգով նստած են, բայց չես իմանում, թե ինչով են զբաղված: Բաժին կա, որտեղ ընդամենը 2 հոգի են, բայց նրանց վրա մի հատ բաժնի վարիչ կա, մի հատ վարչության պետ կա, ու մեծ փողեր են ստանում: Ինչո՞ւ, ինչի՞ համար, երբ այդ գումարներով շատ կարևոր հարցեր կարելի է լուծել:
- Բուհական համակարգում ուրիշ ի՞նչ կարևոր խնդիր կա, որը շտապ լուծում է պահանջում:
- Ինժեներական կրթության կազմակերպումը: Մեր հանրապետությանը պետք են ինժեներներ, տեխնիկներ, բայց ինժեներ կարելի է պատրաստել ոչ թե տեսական ուսուցման օգնությամբ, կավճով, այլ գործնական աշխատանքով, կրթության միայն տեսական բաղադրիչը բավարար չէ, ուսանողը պետք է աշխատի: Իսկ որտե՞ղ աշխատի, երբ գրեթե չկան արդյունաբերական ձեռնարկություններ:
Ներկայացրածս խնդրի լուծումը միայն մեկն է. բուհերում արտաքին կապերի բաժին կամ վարչություն կա, մենք արտաքին կապերի գծով պրոռեկտոր էլ ունենք, բայց այս օղակները չեն աշխատում: Պրոռեկտորը գումար է ստանում, արտասահմանյան անարդյունք գործողումների գնում, նա պետք է դրսից նախագծեր բերի, որ այստեղ իրականացնենք, բայց այդ ուղղությամբ չի մտածում կամ չի կարողանում այդ խնդիրը լուծել: Հետևաբար առաջնահերթ խնդիրներից մեկը դրսի հետ համապատասխան կապեր ապահովելն է, ինչպես մեր վարչապետն էր ասում, պետք է ներդրումներ բերենք, այսինքն` պետք է այդ ուղղությամբ էլ աշխատել: Մեր միջազգային համագործակցության և դրամաշնորհային ծրագրերի վարչությունը պետք է դրսից նախագծեր բերի, մենք անենք այդ գործը: Շատ կարևոր է, որպեսզի դասախոսն ունենա աշխատանք, ունենա փող, ուսանողներն էլ այդ աշխատանքների կատարման ժամանակ համապատասխան փորձ ձեռք բերեն, դառնան մասնագետ: Նշածս վարչությունից ու պրոռեկտորից համապատասխան աշխատանք պահանջելու համար բնավ պետք չէ սպասել նոր օրենքի ընդունմանը, դրա հետ կապված չէ:
- Համալսարանը հիմա լաբորատորիա չունի՞:
- Առաջ պոլիտեխնիկում այս առումով կար երկու կառույց` գիտական բաժին և հատուկ կոնստրուկտորական բյուրո, որը Խորհրդային Միության փլուզումից կարճ ժամանակ հետո փակվեց: Մնացել է միայն գիտական մշակումը, որը միայն թուղթ է, բայց ոչ թե ինչ-որ սարք, գիտական այդ աշխատանքի ֆիզիկական, տեխնիկական արդյունք: Հիմա կեղծ արժեքներն են գնահատվում: Հարցնում ես` աշխատանքիդ արդյունքը ո՞րն է, ասում է` ինձանից այսքան հոդված է հրապարակվել միջազգային գիտական այս կամ այն պարբերականում: Հետո՞… Մեր ժողովրդին դա պե՞տք է… Որոշ մարդիկ ասում են` մենք տպել ենք հոդված Ճապոնիայում, ԱՄՆ-ում, այդ գիտական հանդեսը բարձր վարկանիշ ունի, հղումների մեծ քանակ: Հետո ի՞նչ, տպել են ճապոնացի, ամերիկացի ինժեներների համար, հայը կարդալո՞ւ է այդ հոդվածը, մեր երկրի տնտեսության մեջ, ռազմական կամ այլ ոլորտներում դրանով մի օգտակար բան լինելո՞ւ է…
Նախկինում հակառակն էր, խորհրդային տարիներին եթե ինչ-որ բան էիր հրապարակում դրսում, դատի էին տալիս, թե ի՞նչ իրավունք ունեիր, չէ՞ որ իմ փողով ես մասնագետ, գիտնական դարձել, իմ տված մյուս հնարավորություններով ես այդ արդյունքներին հասել, այդ արդյունքներն ինչո՞ւ ես արտերկրին տալիս: Առաջ հատուկ փաստաթուղթ էինք ստորագրում, որ արտերկիր ուղարկվելիք հոդվածը որևէ գաղտնիք չի պարունակում, ապա փորձեիր խախտել, կաշիդ կհանեին: Հիմա այդ ամենը չկա, և որոշ գիտնականներ գլուխ են գովում` ինձանից դրսում 10, 17, 20 հոդված է հրապարակվել: Ո՞ւմ ինչ, մեր երկրին, իմ ժողովրդին օգուտ կա՞ դրանից, դրանով, ասենք, ինչ-որ ինքնաթիռ, հրթիռ սարքվա՞վ, թռա՞վ, կամ գոնե մի ավտոմեքենա պատրաստվե՞ց… Ուզում եմ ասել, որ կիրառական բան չկա: Հատուկ կոնստրուկտորական բյուրոն պետք է վերականգնել ու կարելի է վերականգնել, եթե մեր միջազգային համագործակցության և դրամաշնորհային ծրագրերի վարչությունն աշխատի, այսինքն` նախագծեր ու գումարներ բերի, թող ինքն էլ դրանից փող ստանա: