ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն ԿԸՀ են ներկայացրել ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմումներ


ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն ԿԸՀ են ներկայացրել ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմումներ

  • 02-05-2017 18:09:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀԿ-ից եւ ՀՅԴ-ից ներկայացվել են ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմումներ: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը՝ ընդգծելով, սակայն, որ այս պահին անուններ չի կարող նշել:
 
«Վաղը ԿԸՀ-ն նիստում կհրապարակի տեղեկատվություն` մանդատից հրաժարվելու դիմումների մասին եւ կկազմի արձանագրություն` գրանցելով համապետական եւ տարածքային ընտրական ցուցակներից ընտրված ԱԺ պատգամավորներին»,- հավելեց Հարությունյանը:
 
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի առաջին նիստը գումարվելու է մայիսի 28-ին: Մինչ այս պահը դեռ հայտնի չէ, թե ովքեր են վերցնելու ապրիլի 2-ի ընտրություններում իրենց «վաստակած» մանդատը, ովքեր են հրաժարվելու մանդատից՝ հնարավորություն տալով իրենց մյուս կուսակիցներին խորհրդարան գնալ:
 
Մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել, որ օրինակ ՀՀԿ-ի եւ «Ծառուկյան» դաշինքի դեպքում նույնիսկ կուսակցության եւ դաշինքի ներկայացուցիչները չգիտեն՝ իրենք մանդատ ստանալո՞ւ են, թե՞ ոչ: Ամեն ինչ որոշելու են առաջնորդները: Ուստի չի բացառվում, որ թեկնածուները եւս սրտատրոփ սպասելու են ԿԸՀ վաղվա նիստին:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը