Երևանցիներից խլվել է Երևանը, նրա պատմությունն ու մշակույթը. մայրաքաղաքը տիրոջ կարիք ունի (տեսանյութ)
03-05-2017 14:57:22 | Հայաստան | Հասարակություն
Երևանցիներից խլվել է Երևանը, նրա պատմությունն ու մշակույթը։ Երևանն անտերության է մատնված, տիրոջ կարիք կա։ Նման կարծիք մայիսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու թեկնածու Գոհար Արշակյանը։
Ըստ նրա՝ անկախությունից ի վեր Երևանի դիմագիծն աստիճանաբար փոխվել է, արդյունքում մայրաքաղաքում առաջացած խնդիրները բազմաթիվ են բարձրահարկ շենքերից մինչև կանաչապատ տարածքների ոչնչացում, ամեն քայլափողի կրպակների ու խանութների բացում, կանգառների, մայթերի գրավում։
«Բարբարոսաբար ջնջում են Երևանի պատմության վկայությունները՝ ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերն ու անգամ սիմվոլները․ Մերկապարանոց չերևալու համար թվեմ մի քանիսը՝ ու՞ր են Շահումյան հրապարակից հանված նախկին Սպանդարյան շրջանի շրջգործկոմի շենքի համարակալած քարերը, ինչու՞ քանդվեց Արամի 3 հասցեի տունը կամ Երիտասարդության պալատը, որի տեղում արդեն քաղաքի սրտում գրանիտի հանքահոր են դարձրել, առանց հասկանալու, որ քաղաքը մի փոքր քամուց արդեն կորում է փուշու ամպերի մեջ, իսկ որո՞նք են իրականություն դարձած քաղաքաշինության այն համարձակ ծրագրերը, որոնց մասին սիրում է կրկնել շուրջ 6 տարի քաղաքապետ եղած և ներկայումս Երևանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը»,- նշեց Գ․ Արշակյանը:
Վերջինիս խոսքերով՝ քաղաքապետի թեկնածուների ներկայացրած նախընտրական ծրագրերը բոլորն էլ անթերի են, մինչդեռ իրականությունն այլ է։
«Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու թեկնածուին ցավ է պատճառում նաև ներկայիս քաղաքաշինության և կանաչապատման նորմերի անխնա ոտնահարումը․«Կոմիտասի կրկնակի գազոնապատ պողոտան, որ ամբողջությամբ նախատեսած էր զբոսանքի համար, այսօր ամեն մի անկյունից, ներքնահարկերից ու առաջին հարկերից պզուկների նման դուրս են պրծել առևտրի կետերը, աղավաղելով հեղինակային միտքն ու աղճատելով քաղաքի դիմագիծը: Ճարտարապետության մեջ գոյությունի նաև կանաչի ճարտարապետություն, որի նորմերը ևս ոտնահարված են: Օրինակ Անգլիական զբոսայգում տարիներ առաջ իտալական Ռենկո ֆիմային հողհատկացում անելիս հատվեցին բազմաթինվ 150 տարեկան կաղնու ծառեր: Հետևողական ոչնչացվում է նաև Մոնումենտի բարձրունքի անտառապատ լանջը և Հաղթանակ զբոսայգու դիմացի անտառը, տեղում ծնվում են օլիգարխների դղյակները»։
Նրա համոզմամբ՝ Երևանը համայն հայության մայրաքաղաքն է և միայն Զարուհի Փոստանջյանը կարող է մերան լինել սփյուռքահայերի ու Հայաստանում բնակվող հայերի միջև։
Լրագրողի այն հարցին, թե կարող է նշել գործող քաղաքապետի կողմից արված գոնե մեկ բարեփոխում, Գ. Արշակյանն առանձնարցրեց գրեթե բոլոր կանգառներում տեղադրված նստարանները` միաժամանակ ընդգծելով, որ դրանք շատ թանկ են ձեռքբերվել:
Իսկ թե ինչու պետք է երևանցիները չընտրեն Տարոն Մարգարյանին, ավագանու թեկնածուն հիշեցնում է, որ վերջինս կրում է Հայաստանի Հանրապետական կուսակցության հովանավորչությունը, որի առաջնորդները փոխարենը պատժեն 144 դպրոցների օրինազանց տնօրեններին, շարունակում են պաշտպանել նրանց:
«Ապրիլի 2-ին հրավառություն տվող այս կուսակցության սխալներն անթիվ են՝ սկսած անցյալ տարվա ապրիլի դեպքերից, արտաքին քաղաքականությունից, վերջացրած ներքինով, ավելորդ ժամանակ չեմ խլի, բոլորդ գիտեք»,- եզրափակեց նա:
«Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու թեկնածու Իրինա Հարությունյանն իր հերթին ընդգծեց, որ Տարոն Մարգարյանի գործունեության ընթացքում ընդամենը մի քանի աչք շոյող փոփոխություններ են եղել, որոնց համար մեծ գումարներ են ծախսվել:
«Ես հիշում եմ մեր 80-ականների հին Երևանը, երբ քայլում էիր փողոցում ու տեսնում, թե մարդիկ ինչքան հարազատ են, այնպես էին բոլորը ժպտում, մինչդեռ այսօրվա շքեղ բարձրահարկերով Երևանում մարդիկ անտարբեր են ու տրամադրություն չունեն»,- ասաց նա` հավելելով, որ մայրաքաղաքում սնկի պես աճած փաբերն ու դիսկոտեկները բթացնում են երիտասարդներին:
Ի. Հարությունյանի գնահատմամբ` Զարուհի Փոստանջյանն այն եզակի քաղաքական գործիչներից է, ով անաչառ է, սկզբունքային, երբևէ չի ստում, իսկ նրա կենսագրությունն ու քաղաքական գործունեությունը մաքուր է և հասարակության համար թափանցիկ: