Իրանի և Ռուսաստանի դեմ լինելը բավարար է, որպեսզի Սիրիայի հյուսիսում քրդական պետականություն չստեղծվի. քաղաքագետ (տեսանյութ)
03-05-2017 17:05:30 | Հայաստան | Հասարակություն
Իրանը կտրականապես դեմ քրդական որևէ պետական միավորի ստեղծմանը և քրդերը չեն կարող հաշվի չնստել այդ կոշտ դիրքորոշման հետ: Նման կարծիք մայիսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը` անդրադառնալով Սիրիայի հյուսիսում Քրդական պետության ստեղծման հնարավորությանը:
Ըստ նրա` տարածաշրջանի գրեթե բոլոր քրդերը գործնականում անցել են Իրանի և մասամբ Ռուսաստանի ազդեցության տակ, իսկ մյուսները պարզապես դերասանություն են անում ԱՄՆ-ին և Իսրայելին շեղելու համար, որպեսզի վերջիններս չխանգարեն քուրդ-թուրքական պատերազմին:
«Սիրիայի քրդերի համար դա նախևառաջ հակաթուրքական պատերազմ է, նրանք դա ընդգծում են. նաև պետք է նշեմ, որ Սիրիայի հայերը ևս ընկալում են հյուսիսում տեղի ունեցող այդ բախումները որպես Թուրքիայի դեմ ուղղված պատերազմ»,- ասաց Ս. Շաքարյանցը:
Նրա փոխանցմամբ` երկու օր առաջ ԱՄՆ-ն իր զորքերն է մտցրել թուրք-սիրիական սահմանի տարածք, որպեսզի կանխի Իրանի և Թուրքիայի կամ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հնարավոր բախումները Սիրիայում, ինչը կհանգեցնի համաշխարհային նոր պատերազմի:
Քաղաքագետի կարծիքով, եթե քրդական պետականության ստեղծման գինը պետք է լինի 3-րդ համաշխարհային պատերազմը, ապա բոլորը կհրաժարվեն այդ մտքից:
«Օրինակ ՌԴ պետդուման հայտարարել է, որ քրդերը պետք է շուտափույթ մտնեն բանակցությունների մեջ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ`խոսելով միմիայն համադաշնային պետության կամ ինքնավարության մասին, այսինքն` Ռուսաստանը ևս դեմ է քրդական պետականության ստեղծմանը: Սա, իհարկե քողարկված է, բայց եթե պետդումայի հայտարարություն կա, նշանակում է, որ դա արդեն իսկ որոշված հարց է»,- նշեց նա` հավելելով, որ Իրանի և Ռուսաստանի դեմ լինելը բավարար է, որպեսզի Սիրիայի հյուսիսում քրդական պետականություն չստեղծվի:
Մեկնաբանելով ստեղծված իրավիճակում Թուրքիայի մտահոգությունները քրդական պետականության ստեղծման հետ կապված` Ս. Շաքարյանցը նշեց, որ դա ավելի շատ պայմանավորված է Սիրիայի հյուսիսում Իրանի դերակատարության մեծացմամբ և որոշիչ լինելով:
Բանախոսի համոզմամբ` Իրանը դուրս է եկել Ատլանտյան օվկիանոս` շոշափելով Աֆրիկա մայրցամաքը, միաժամանակ ակտիվորեն կապեր է հաստատում նաև Չինաստանի հետ:
Քաղաքագետը չի բացառում, որ քրդական հարցը վերցնելով իր ձեռքը` Իրանը մի օր այն օգտագործելու է ցանկացած պետության դեմ:
«Բնականաբար առաջին հերթին Իրանը քրդական գործոնը կօգտագործի Թուրքիայի դեմ, իսկ ո՞վ է Թուրքիան, Թուրքիան ԱՄՆ-ի և Իսրայելի գործիքն է տարածաշրջանում»,- նշեց Ս. Շաքարյանցը:
Վերջինիս պնդմամբ` Իրանը Սադամ Հուսեյնի ոչնչացման պահից սկսած նուրբ խաղը վերջապես հասցրել է իր գագաթնակետին և նրա հրամանից է կախված քրդերը կպատերազմեն Թուրքիայի դեմ թե ոչ: