Հարավային Կորեայում ԱՄՆ-ի զորավարժությունները մղում են միջուկային պատերազմի. այսպես է համարում Հյուսիսային Կորեան (տեսանյութեր)


Հարավային Կորեայում ԱՄՆ-ի զորավարժությունները մղում են միջուկային պատերազմի. այսպես է համարում Հյուսիսային Կորեան (տեսանյութեր)

  • 03-05-2017 20:45:28   | ԱՄՆ  |  Քաղաքական



 
 
Փհենյանը կտրուկ քննադատել է Հարավային Կորեայում այդ երկրի ռազմաօդային ուժերի զորավարժությունների շրջանակում ամերիկյան ռմբակոծիչների գործողությունները: Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալության (ԿԿՀԳ) վրա հղում կատարելով, այս մասին հաղորդել է Reuters-ը:
«Այդ չկշռադատված ռազմական սադրանքը Կորեական թերակղզու իրավիճակը հրում է միջուկային պատերազմի սահմանագիծ»,- նշված է ԿԿՀԳ հաղորդագրության մեջ:
Հյուսիսային Կորեայի այդ պետական տեղեկատվական գործակալությունը հայտնել է նաև, որ ամերիկյան ռմբակոծիչները հյուսիսկորեական կարևորագույն օբյեկտների վրա ռումբեր գցելու գծով զորավարժություններ են անցկացրել:
Գործակալության տվյալներով, «B-1B Lancer» մակնիշի երկու գերձայնային ռազմավարական ռմբակոծիչներ, որոնք կարող են միջուկային զենք կրել, Խաղաղ օվկիանոսում գտնվող Գուամ կղզուց ուղևորվել են Հարավային Կորեա, որտեղ վարժանքներ են անցկացրել հարավկորեական օդաչուների հետ:
ԱՄՆ-ը, որը Հյուսիսային Կորեայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, գրեթե ամեն կերպ փորձում է ճնշում գործել այդ ինքնիշխան պետության վրա, որպեսզի նա հրաժարվի իր միջուկային և հրթիռային ծրագրերից, սակայն այդ առումով դեռ որևէ արդյունքի չի հասել, ուղղակի իրավիճակը դարձրել է պայթյունավտանգ:
Չենթարկվելով Արևմուտքի ճնշմանը, Հյուսիսային Կորեան մայիսի 1-ին հայտարարել է ցանկացած պահի հերթական միջուկային փորձարկմանն իր պատրաստվածության մասին: INTERFAX.RU-ի տեղեկացմամբ, Հյուսիսային Կորեան ցանկացած պահի կարող է իրականացնել միջուկային փորձարկում: Այս մասին այդ երկրի արտգործնախարարության հաղորդումը տարածել է ԿԿՀ գործակալությունը
«Հյուսիսային Կորեայի կողմից իր միջուկային ուժերի կարողություններն առավելագույնի հասցնելու միջոցառումներն իրականացվելու են կառուցողաբար և աստիճանաբար` այն պահին և այն վայրում, որը կորոշվի բարձրագույն ղեկավարության կողմից»,- նշված է հիշյալ հաղորդագրության մեջ:
Ըստ Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ի նույն հաղորդման, եթե Հյուսիսային Կորեան չունենար հզոր միջուկային ուժեր, Միացյալ Նահանգներն, առանց տատանման, Կորեայի նկատմամբ բանդիտական հարձակում կիրականացներ, ագրեսիա, որը նա արդեն կիրառել է այլ երկրների նկատմամբ:
Այս իրավիճակում Պենտագոնը երկու օր առաջ հաստատել է Հարավային Կորեայում հակահրթիռային պաշտպանության համակարգի պատրաստվածությունը: Հակահրթիռային պաշտպանության THAAD համակարգն արդեն տեղաբաշխված է Հարավային Կորեայում և պատրաստ է օգտագործման համար: Հարավկորեական «Ռենհալ» գործակալության տեղեկացմամբ, այս տեղեկատվությունը հաստատել է Հարավային Կորեայում ԱՄՆ-ի զորախմբի հրամանատարությունը:
«Հարավային Կորեայում ԱՄՆ-ի զինված ուժերը հաստատում են, որ THAAD համակարգը շարքի է կանգնել ու պատրաստ է Հյուսիսային Կորեայի հրթիռների կալանմանը և Հարավային Կորեայի պաշտպանությանը»,- ասել է նշված զորախմբի ներկայացուցիչ, գնդապետ Ռոբ Մեննինգը:
Հիշյալ գործակալությունը միաժամանակ նշել է, որ, ամերիկյան աղբյուրների կարծիքով, հակահրթիռային պաշտպանության համակարգի ամբողջական մարտական պատրաստվածության հնարավոր է հասնել մի քանի ամսից: THAAD համակարգի առաջին տարրերը Հարավային Կորեայի տարածքում տեղակայվել են ս. թ. ապրիլի 26-ին: Այն ժամանակ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ համակարգի ամբողջական մարտական պատրաստվածության հնարավոր կլինի հասնել մինչև այս տարեվերջ:
Հարավային Կորեա ամերիկյան զինվորականների մուտքը տեղիք է տվել տեղի բնակչության բողոքի ցույցերի: Նրանց կարելի է հասկանալ, երկրի հարավում գտնվող Սոնջու վարչական շրջանի (այստեղ է առաքվել ու տեղակայվել THAAD համակարգը) բնակիչները վստահ չեն, որ նշված համակարգը Հյուսիսային Կորեայի միջուկային հարվածից 100 տոկոսանոց պաշտպանության երաշխիք կտա իրենց, մինչդեռ հասկանում են, որ գտնվելով նշված համակարգի մոտ, իրենք կարող են դառնալ միջուկային հարվածի թիրախ:
Հարավային Կորեայում հակահրթիռային պաշտպանության տարրերի տեղակայման մասին Վաշինգտոնը հայտարարել է Հյուսիսային Կորեայի կողմից հերթական հրթիռային փորձարկումից հետո: Կարելի է ենթադրել, որ THAAD համակարգի հետ կապված վերոնշյալ բացը Պենտագոնը ցանկանում է լրացնել «Կարլ Վինսոն» ատոմային ավիակրի գլխավորությամբ Կորեական թերակղզու ափեր հասած իր ռազմածովային ուժերի հարվածային խմբի ընձեռած հնարավորությունների միջոցով: Կհաջողվի՞ դա, թե ոչ` կարող է ցույց տալ միայն ժամանակը, եթե, Աստված մի արասցե, Կորեական թերակղզում պատերազմ բռնկվի:
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական