Օսկարակիր ռեժիսորի 5000 ԱՄՆ դոլարի մարտահրավերի կոչը՝ կինոստեղծողներին


Օսկարակիր ռեժիսորի 5000 ԱՄՆ դոլարի մարտահրավերի կոչը՝ կինոստեղծողներին

  • 04-05-2017 13:30:09   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 2-ին՝ UCLA համալսարանում կայացած ընդունելության ընթացքում, «Խոստումը» և «Ռուանդա հյուրանոցը» ֆիլմերի օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջը 5.000 ԱՄՆ դոլար պարգևատրումով մարտահրավերի կոչ է արել կինոգործիչներին ողջ աշխարհով մեկ՝ 60 վայրկյանում և առանց երաժշտության՝ պատմելու մարդու իրավունքների մասին իրենց համար կարևոր որևէ պատմություն:
 
«Իմ կարծիքով կինոն աղետն առերեսելու և խիղճը բացահայտելու հզորագույն միջոցն է: Միջոցը՝ ինքը, պայքար է լույսի ու ստվերի միջև»,- ասում է  հեղինակավոր ռեժիսորը սոցիալական լրատվամիջոցներում տեղ գտած տեսանյութում: Մարտահրավերով մեկնարկեց Creative Armenia մշակութային նոր կազմակերպությունը։ Միջոցառումը համատեղորեն հյուրընկալվում էր ԹերիՇվարցի (UCLA համալսարանի՝ Թատրոնի, կինոյի և հեռուստատեսության մասնաճյուղի դեկան) և դոկտոր Էրիկ Էսրաիլյանի («Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, «Creative Armenia»- ի խորհրդատվական հարթակի անդամ) կողմից։
 
«Նման օրինակ նախաձեռնություն ունենալը, որը հառնում է մեր պատմության մութ գլուխներից՝ շարժվելով դեպի լույսը, աննախադեպ է»,-ասաց Էրիկ Էսրաիլյանը։
 
«Ջերմացնում է այն փաստը, որ այդ ամբողջը միավորվում է UCLA-ի հարկի տակ»։
 
«Անհամբերությամբ սպասելու ենք Creative Armenia-ի գործունեությանը, քանզի կազմակերպությունն առաջատար մշակութային դեր է խաղում մարդու իրավունքների, ժամանցի և ստեղծարար տեխնոլոգիաների խաչմերուկում»,- հավելեց դեկան Շվարցը։
 
Միջոցառմանը ներկա էին նաև Creative Armenia-ի Խորհրդատվական հարթակի անդամներ Սերժ Թանկյանը (Գրեմիի մրցանակակիր երաժիշտ) և Կառլա Կարապետյանը (սոցիալական ազդեցության կինոռեժիսոր), ինչպես նաև Մարդու իրավունքների՝ «Խոստումը» ինստիտուտի, USC համալսարանի «Շոահ» հիմնադրամի, Jewish World Watch-ի,Մարդու իրավունքների՝ Մգրուբլյան կենտրոնի, Հայկական բար ասոցիացիայի, Ավրորա մրցանակաբաշխության, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, UCLA համալսարանի՝ Սոցիալական ազդեցության «Սքոլ» կենտրոնի ղեկավարությունները և UCLA համալսարանի՝ Ժամանակակից հայոց պատմության դեկան՝ Ռիչարդ Հովհաննիսյանը։
 
«Մենք մի նոր մշակութային կոալիցիայի ակունքներում ենք»,-ասաց Կարին Հովհաննիսյանը՝ Creative Armenia-ի հիմնադիրը։
 
«Ու մենք հպարտ ենք՝ միասին կերտելու մի դինամիկ մշակութային ենթակառույց, որը կբացահայտի տաղանդավոր արվեստագետների ու հնարավորություններ կստեղծի ազդեցիկ պատմություններ ստեղծելու համար այս թվային դարաշրջանում»։
 
«Գյուլբենկյան» հիմնադրամի, The Promise-ի և անհայտ մի բարերարի հետ համագործակցության արդյունքում մեկնարկած Creative Armenia-ն արտացոլում է hայ համայնքի՝ մարդու իրավունքների և ժամանցի բնագավառում աճող հետաքրքրությունը:
 
«Խոստումը» ֆիլմը, որը վերջին շաբաթներին Հայոց ցեղասպանության մասին պատմությունը վերհանեց մեծ էկրաններին, իսկական փոթորիկ առաջացրեց կադրից դուրս գտնվող՝ մարդու իրավունքների հարցերով զբաղվող մշակութային գործիչների շրջանում՝ ներառյալ UCLA համալսարանում 20 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումով «Խոստումը»՝ մարդու իրավունքների ինստիտուտի հիմնումը: Ֆիլմի ողջ շահույթը կփոխանցվի բարեգործությանը:
 
Creative Armenia-ն շահույթ չհետապնդող կազմակերպություն է՝ հիմնված Լոս Անջելեսում և Երևանում: Կազմակերպության առցանց տիրույթը հանդիսանում է գործունեության վայր՝ իր մասնակիցներով, վիդեոարտադրանքով, ամսագրով և ապագա մարտահրավերներով՝ երաժշտության, գրականության, նոր մեդիայի և սոցիալական ազդեցության արվեստների բնագավառներում։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն