Ինչի՞ց և ումի՞ց է դժգոհություն հայտնել Արա Աբրահամյանը


Ինչի՞ց և ումի՞ց է դժգոհություն հայտնել Արա Աբրահամյանը

  • 04-05-2017 18:58:46   | Հայաստան  |  Վերլուծություն

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նախօրեին Երեւանում դժգոհություն է հայտնել խորհրդարանի ընտրության արդյունքից:
 
Թե ինչ արդյունք էր ինքն ակնկալում, Աբրահամյանը չի ասել, սակայն հայտարարել է, որ հասարակությունն ուներ ընտրության հնարավորություն եւ բաց է թողել այն:
Աբրահամյանն անձամբ էր ցանկանում լինել ընտրության հնարավորություն, բայց հայտարարելով Հայաստանի խորհրդարանի ընտրությանը մասնակցելու մտադրության մասին, մի քանի ամիս անց հրաժարվեց դրանից: Այդ հանգամանքը ուշագրավ էր նրանով, որ Արա Աբրահամյանը ընտրությանը մասնակցելու մտադրության մասին հայտարարում էր «Պուտինը միշտ ճիշտ է» ոչ պաշտոնական նշանաբանի ներքո:
 
Բայց ապրիլի պատերազմից հետո իհարկե մեղմ ասած դժվար կլիներ Հայաստանի հասարակությանը համոզել, որ «Պուտինը միշտ ճիշտ է»: Այդ իսկ պատճառով Աբրահամյանին կամ պետք էր նոր նշանաբան, կամ նա պետք չէր Հայաստանի ներքաղաքական կյանքում:
Մոսկվան ըստ երեւույթին նրա համար նոր նշանաբան չգտավ, կամ չցանկացավ գտնել, քանի որ ապրիլից հետո իրավիճակ փոխվեց առաջին հերթին հենց Ռուսաստանի համար:
Մոսկվան գործնականում քարտ-բլանշ տվեց Սերժ Սարգսյանի քաղաքական ծրագրերին, առնվազն խորհրդարանի ընտրության մասով: Սերժ Սարգսյանն ընտրությունից երկու շաբաթ առաջ Մոսկվայում Պուտինից ստացավ իր ծրագրերի հավանությունը, երբ Կրեմլի ղեկավարը հայտարարեց, թե «հեշտ չի լինելու իհարկե» անցումը մի մոդելից մյուսին, սակայն իրենք հույս ունեն, որ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այդ ամենը տեղի կունենա բավական սահուն:
Այդ իմաստով, դժգոհելով ընտրությունից կամ դրա արդյունքից, Արա Աբրահամյանը իրականում Պուտինից է դժգոհում:
Ընդ որում, այդ դժգոհությունը նա արտահայտել է ոչ միայն Հայաստանի մասով գնահատականներում: Աբրահամյանը խոսելով Հայաստանում ներդրումային միջավայրի մասին՝ այդ համատեքստում դիտարկելով նաեւ ընտրության արդյունքը, խոսել է ներդրումների կորստի ռիսկից: Այդ առումով էլ նա բերել է Լիբիայում ներդրումների օրինակը, ասելով, թե այնտեղ էլ ներդրումներ կատարեց, բայց իրավիճակի փոփոխության հետեւանքով կորցրեց փողը:
Աբրահամյանն ըստ երեւույթին ակնարկում է, որ Պուտինը տանուլ տվեց Լիբիան՝ առնվազն Ռուսաստանի ազդեցության կայուն մասով, ինչի հետեւանքով էլ ներդրումը տանուլ տվեց Աբրահամյանը:
Թե ինչու՞ է Արա Աբրահամյանը դժգոհ Պուտինից, դժվար է ասել: Համենայն դեպս հատկանշական է Պուտինի խոսնակի կատակը Աբրահամյանի ծննդյան 60-ամյակի հանդիսությանը, որի հյուր է եղել Պեսկովը: Ըստ մամուլի, Պեսկովը շնորհավորելով Աբրահամյանին կատակել է՝ նրան մաղթելով վերջապես սովորել ռուսերեն ու հայերեն:
Այլ կերպ ասած, Պուտինի խոսնակը Աբրահամյանին ակնարկել է, որ չեն հասկանում նրա լեզուն կամ խոսում են տարբեր լեզուներով:
Պուտինի հանդեպ բավական անթաքույց դժգոհությամբ ըստ երեւույթին արտահայտվում է հայ-ռուսական հարաբերությունում մի որոշակի փուլի ավարտը: Արա Աբրահամյանը Հայաստանի հանդեպ մեծ, «համակարգային» ուշադրություն սկսեց ցուցաբերել 2000-2001 թվականից: Հատկանշական է, որ դա Պուտինի նախագահության մեկնարկի շրջանն էր: Աբրահամյանը մեծ հաշվով դարձավ հայ-ռուսական տնտեսա-քաղաքական եւ հումանիտար հարաբերության կայուն եւ «մայրուղային» խողովակներից մեկը, զգալիորեն նաեւ իրենով բնորոշելով հայ-ռուսական հարաբերությունն այդ շրջանում:
Աբրահամյանը կորցրել է այդ դերը, իսկ վերականգնելու փորձը փաստորեն Մոսկվան մերժեց եւ ներկայում դիտարկում է հայ-ռուսական հարաբերության բոլորովին նոր «ենթակառուցվածքներ», որտեղ առանցքային դերում կարող է հայտնվել Ռուսաստանի ամենահարուստ հայը՝ Սամվել Կարապետյանը:
Տվյալ պարագայում սակայն խնդիրն անձերը չեն, այլ նրանց գործունեության ուղեծիրն ու համատեքստը: Ի տարբերութուն Աբրահամյանի, Կարապետյանը հրապարակային-հասարակական գործունեության դաշտում չէ, այլ գերազանցապես բիզնեսի: Ռուսաստանն այդպիսով փորձում է հայ-ռուսական հարաբերության մասով կիրառել «գորբաչովյան պերեստրոյկայի» «ինքնաֆինանսավորման» սկզբունքը:
Օրինակ, եթե Աբրահամյանը պարբերաբար Հայաստան էր բերում ռուսաստանցի տարատեսակ պաշտոնյաների, հասարակակ-քաղաքական, մշակութային գործիչների պատվիրակություններ, Սամվել Կարապետյանը Հայաստան է փորձում բերել ռուսաստանցի հայ գործարարներ:
Միեւնույն ժամանակ, պատահական չէ, որ Արա Աբրահամյանը խոսում է ներդրումային ռիսկերի եւ կորստի մասին: Նա ակնարկում է, թե ինչ են լինելու իր կատարած ներդրումները՝ այսպես ասած նախկին, արդեն պատմություն դարձող հարաբերությունների ուղղությամբ: Արա Աբրահամյանը չի ցանկանում կորցնել դրանք, ինչպես Լիբիայում:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն