Ծաղկաձորում անցկացվում է զինծառայողների հոգևոր և հոգեբանական կայունության ապահովման խնդիրներին նվիրված սեմինար


Ծաղկաձորում անցկացվում է զինծառայողների հոգևոր և հոգեբանական կայունության ապահովման խնդիրներին նվիրված սեմինար

  • 04-05-2017 19:44:54   | Կոտայքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

 
Ծաղկաձորում մեկնարկել է «Զինծառայողների հոգևոր և հոգեբանական կայունության ապահովումը» թեմայով երկօրյա սեմինարը, որին մասնակցում են զորամասերի հրամանատարների` անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալները, ԶՈՒ հոգևոր սպասավորները, զինվորական հոգեբաններ, պաշտպանության նախարարության հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
 
Սեմինարին ներկա է եղել և մասնակիցներին ողջունել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է նման ձևաչափով անցկացվող քննարկումները և ընդգծել, որ ՀՀ զինված ուժերը աշխարհի բազմաթիվ այլ բանակներից տարբերող, դրանց հանդեպ առավելություն հաղորդող գործոնը հայ ժողովրդի արժեհամակարգի, հավատքի և հաղթանակների վրա կառուցված ամուր գաղափարական հենքն է:  
Շնորհակալություն հայտնելով զինված ուժերի հոգևոր սպասավորներին, հոգեբաններին և հրամանատարների ԱՀՏԱ գծով տեղակալներին ամենօրյա անդուլ ծառայության համար՝ Վիգեն Սարգսյանը բարձր է գնահատել նրանց դերը զինծառայողների շրջանում աշխարհայացքի խեղումները կանխարգելելու, դրանք ժամանակին «ախտորոշելու» և «ապաքինելու» գործում:
Սեմինարի ընթացքում դասախոսություններով հանդես են եկել ոլորտի փորձառու մասնագետներ, ովքեր անդրադարձել են անձնակազմի հոգեբանական ապահովման մեխանիզմներին, հոգեբանական արգելքների հաղթահարման գործում հավատքի դերին ու նշանակությանը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն