Բաքվի պահանջով ԵԱՀԿ Երեւանի գրասենյակը կփակվի


Բաքվի պահանջով ԵԱՀԿ Երեւանի գրասենյակը կփակվի

  • 05-05-2017 17:23:22   | Հայաստան  |  Վերլուծություն

ԵԱՀԿ-ն ու Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել են, որ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակը կփակվի, քանի որ այդպես էլ չի հաջողվել հաղթահարել Ադրբեջանի բողոքը:
 
Բաքուն պահանջել է Երեւանում ԵԱՀԿ առաքելության փակում, իսկ քանի որ ԵԱՀԿ գրասենյակը որեւէ երկրում կարող է տեղակայվել կոնսենսուսով, Բաքվի պահանջով Երեւանի գրասենյակը փաստացի կփակվի: Ավելի վաղ Բաքուն փակել էր ԵԱՀԿ գրասենյակը նաեւ իր մոտ, երբ ժողովրդավարության հարցերի առնչությամբ սրվեց հարաբերությունն Արեւմուտքի հետ:
Փաստորեն, Երեւանում ԵԱՀԿ գրասենյակը վերջինն էր Հարավային Կովկասում, եւ այն կփակվի: Այդ կապակցությամբ Հայաստանի կառուցողական դիրքորոշումը ողջունել են ԵԱՀԿ առաջատար պետությունները, իսկ ԱՄՆ ներկայացուցչությունը կոչ է արել ԵԱՀԿ-ին գտնել Հայաստանում գործունեությունը շարունակելու եւ պետության ժողովրդավարական զարգացման գործին աջակցելու նոր ձեւաչափեր ու տարբերակներ:
Բաքուն Երեւանի ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունից դժգոհել է այն պատճառով, թե գրասենյակը աջակցում է Ադրբեջանի հետ սահմանամերձ բնակավայրերում ականազերծման աշխատանքներին, ինչն Ադրբեջանի կարծիքով հետկոնֆլիկտային վերականգնման գործընթաց է: Փաստորեն, Բաքուն ԵԱՀԿ-ին մեղադրել է աշխատանքի հետկոնֆլիկտային ռեժիմին աջակցելու համար, ինչն այլ կերպ հնարավոր է մեկնաբանել՝ ստատուս-քվոյի ամրագրմանն աջակցություն: Փաստորեն, Ադրբեջանը մեղադրում է ԵԱՀԿ-ին, որ աջակցում են ստատուս-քվոյի «խաղաղ» ռեժիմի մոտեցմանը:
Ադրբեջանը համանման մեղադրանք է հնչեցնում նաեւ Վիեննայի օրակարգի առաջնահերթության՝ հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրման կապակցությամբ: Հենց ԵԱՀԿ-ում Բաքվի ներկայացուցիչը հայտարարել էր, որ առանց հայկական զինուժի հետքաշման հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրումը հանդիսանում է ստատուս-քվոյի ամրագրում:
Այդ իմաստով, ԵԱՀԿ-ն փաստորեն  «հետ քաշեց» Երեւանում իր գրասենյակը, սակայն չդրեց հայկական զինուժի հետքաշման պահանջ: Երեւանի գրասենյակը «զոհաբերվեց» Ադրբեջանին, ինչը սակայն Բաքվին թերեւս ոչ թե պետք է գոհացնի, այլ մտահոգի: Մյուս կողմից, Բաքուն ստացավ իր դիվանագիտական «հաղթանակի» մասին հայտարարելու հնարավորություն, այսպես ասած դեմքը փրկելու: Ապրիլին պատերազմական անհաջող գործողությունից հետո Բաքվին մնացել է թերեւս հենց դա՝ պահել դեմքը, քանի որ ռազմա-քաղաքական դիրքերի կորուստն ակնհայտ է:
Եթե Ադրբեջանը գործնականում բաց տեքստով է մեղադրում միջազգային հանրությանը ստատուս-քվոյի ամրապնդմանը նպաստելու համար, ապա հնարավոր է պատկերացնել այն փակուղին, որում հայտնվել է Ադրբեջանը:
Բաքվին անկարող է օգնել նույնիսկ Ռուսաստանը, եւ պատահական չէ, որ Ադրբեջանը փորձեց Մոսկվայի առաջ հերթական անգամ դնել Եվրասիական միությանն անդամակցության խայծը՝ որի դիմաց Բաքուն պահանջում է աջակցություն Արցախի հարցում: Մոսկվան ներկայում ունի աջակցություն ցուցաբերելու մի շարք սահմանափակումներ: Բաքվին ստատուս-քվոյի խախտման հեռանկարից զերծ մնալու բավական թափանցիկ ակնարկ է անում նաեւ Իրանը:
Հայաստանը հայտնվել է ռազմա-քաղաքական եւ դիվանագիտական իսկապես պատեհ ժամանակաշրջանում, որը բացում է երկու տասնամյակի ընթացքում ձեւավորված այսպես ասած «կարգավորման» էջը փակելու եւ արդեն իրական կարգավորման նոր էջ բացելու հնարավորություն, որտեղ առանցքում պետք է լինի հենց ստատուս-քվոյի ամրագրման մեխանիզմների ձեւավորումն ու ներդրումը:
Ակնհայտ է, որ ստատուս-քվոյի փոփոխության առանցքով գործընթացը չի կարող տանել այլ տեղ, քան փակուղի: Դա անկասկած գիտակցել է նաեւ միջազգային հանրությունը: Դրանով հնարավոր չէ հասնել խաղաղության: Խաղաղության երաշխիք կարող է լինել ստատուս-քվոյի ամրագրման մեխանիզմների առաջմղումը: Ստատուս-քվոն չունի փոփոխության այլ տարբերակ, քան պատերազմական ճանապարհը: Ապրիլին պարզ դարձավ, որ այդ ճանապարհը գոնե տեսանելի ապագայում լինելու է փակ: Հայաստանի անարդյունավետ կառավարումը երկու տասնամյակի ընթացքում որոշակորեն բացել էր այն, սակայն հայկական զինուժի շնորհիվ Ադրբեջանը անկարող եղավ «ներս մտնել» այնքան, որ կարողանա փոխել ստատուս-քվոն:
Ապրիլից հետո «դուռը» Բաքվի համար փակ է, ու Երեւանի գրասենյակի փակումը Ադրբեջանին տրվում է իբրեւ մխիթարություն: Միաժամանակ, ապրիլյան չորս օրերը միջազգային հանրության համար պրակտիկայում լիովին բացահայտեցին կարգավորման երկու տասնամյակի «տեսական» սխալներն ու վտանգները, ցույց տալով, որ խաղաղությունն ու կայունությունը որպես երկարաժամկետ հեռանկար առավել իրատեսական է օրակարգը եւ ջանքը ստատուս-քվոյի ամրապնդման, այդ թվում համակեցության մեխանիզմների ձեւավորման ուղղությամբ կենտրոնացնելու դեպքում: Առավել իրատեսական՝ առնվազն ստատուս-քվոյի փոփոխության ուղղությամբ կենտրոնացնելու համեմատությամբ:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն