15 000 դրամ սոցաջակցություն ընտրակաշառքը մերժածներին. «Ելքի» առաջարկը ընտրվելու դեպքում


15 000 դրամ սոցաջակցություն ընտրակաշառքը մերժածներին. «Ելքի» առաջարկը ընտրվելու դեպքում

  • 08-05-2017 17:09:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Ելք» դաշինքն այսօր հրատապ ասուլիս էր հրավիրել՝ հայտարարելու, որ նախընտրական ծրագրում կարևոր փոփոխություն են մտցնում. այն քաղաքացիները, որոնք կհրաժարվեն ընտրակաշառքով քվեարկել,  «Ելքի» հաղթանակի դեպքում Երևանի քաղաքապետարանից կստանան սոցիալական աջակցություն 15 000 դրամի չափով:  
 
«Քննարկումների արդյունքում և ընտրողների հետ հանդիպմանը որոշում ենք կայացրել, որ Երևանի ավագանու մեծամասնություն ձևավորելուց հետո Ելք դաշինքը մի շարք փոփոխություն է կատարելու բյուջեում, որտեղ ներառելու ենք նոր հոդված՝ սոցիալական աջակցություն ընտրակաշառքին հարկադրվող քաղաքացիներին: Այսինքն՝ հաղթանակի դեպքում ընտրություններից հետո այն քաղաքացիները, որոնք դիմում կներկայացնեն և կասեն, որ հրաժարվել են ընտրակաշառքով ընտրել, կոնկրետ չափի սոցիալական օգնություն կստանան, և դա կլինի Երևանի քաղաքային բյուջեի ծախսային հոդված»,-ասաց Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:  
 
Ըստ Փաշինյանի՝ այդ քաղաքացիները բյուջեի տերն են և իրավունք ունեն որոշում կայացնելու՝ բյուջեն ինչպես ծախսել և կարող են իրենց հանձնարարել, որ բյուջեի մի հատվածը ծախսեն այդ նպատակի համար։
 
Դիտարկմանը, թե դա նույն ընտրակաշառքը չէ՞, Փաշինյանն արձագանքեց, որ ոչ, քանի որ դա կլինի ավագանու կայացրած որոշման շրջանակներում: 
 
«Հետո ՀՀ-ում դուք տեսե՞լ եք, որ որևէ մեկը ասուլիս հրավիրի և հայտարարի, որ մենք ընտրակաշառք են խոստանում: Ընտրակաշառքը քրեական հանցագործություն է, իսկ մեր առաջարկը օրենքով կլինի»,-ասաց նա:
 
Հարցին, թե ինչպես են որոշելու՝ ում դիմումը բավարարել, ումը՝ ոչ, Նիկոլ Փաշինյանը նշեց, թե իրենք գիտեն, թե ովքեր են ծրագրի շահառու և հավատում են իրենց ընտրողներին: Ըստ նրա, ըստ էության ոչ մի դիմում չի մերժվի: Իսկ թե ինչքան կնստի այդ ծրագիրը բյուջեի վրա, Փաշինյանը պատասխանեց, թե մոտավոր հաշվարկներով՝ խոսքը 3 մլրդ դրամի մասին է: Փաշինյանի խոսքով՝ գումարը կգտնվի, քանի որ իրենք չեն պատրաստվում Երևանը թալանել:
 
Նա պնդեց, թե սա չի կարելի համարել նաև նախընտրական խոստում կաշառելու նպատակով:
 
«Մենք գումար չենք առաջարկում, քաղաքացիներին առաջարկում ենք ոչ թե ձեռք պարզել մեծահոգի ողորմությանը, այլ ասում ենք՝ դուք գումարի տերն եք և ընտրեք այնպիսի ավագանի կամ քաղաքապետ, որը ոչ թե կգողանա և փշրանքները կբաժանի, այլ կտա ձեր իսկ ունեցածը»,-ասաց նա:
 
Հարցին, թե չե՞ն վախենում, որ Կենտրոնական ընտրական հանձաժողովը սա կդիտարկի որպես կաշառքի փորձ, դաշինքից ընտրված պատգամավոր Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Ի՞նչ է՝ մենք իրավաբաններ չունե՞նք»: 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը