Երկրորդ աշխարհամարտի սկիզբը փաստերով


Երկրորդ աշխարհամարտի սկիզբը փաստերով

  • 08-05-2017 17:51:27   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայկական իրականության մեջ, Երկրորդ Համաշխարհային պատերազմի 1941թ. հունիսի 22-ին սկսված փուլն ընդունված է անվանել Հայրենական Մեծ պատերազմ՝ ընդդեմ ֆաշիստական ագրեսիայի: Փորձենք փաստերով հասկանալ, թե որքանո՞վ են այդ պնդումներն արդարացված։
 
Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը
 
1939թ. օգոստոսի 23-ին, Ֆաշիստական Գերմանիայի և Սովետական միության արտաքին գործերի նախարարներ Իոախիմ Ֆոն Ռիբենտրոպը և Վյաչեսլավ Մոլոտովը կնքեցին «Փոխադարձ չհարձակման» պայմանագիրը, որը կոչվեց կնքովղների ազգանուններով՝ «Մոլոտով-Ռիբենտրոպ պակտ»:
 
Ինչպես հետո պարզվեց, այն ուներ գաղտնի մաս, որն ենթադրում էր Եվրոպայի նոր բաժանում: Այսպես, համաձայն այդ պայմանագրի, ԽՍՀՄ-ը ստանում էր` Մերձբալթիկան (բացառությամբ Լիտվիայի), Լեհաստանի ու Ռումինիայի մի մասը: Համաձայն նույն պայմանագրի, ԽՍՀՄ-ի «հետաքրքության գոտի» էր դառնում նաև Ֆինլանդիան:
 
Արձանագրության 4-րդ կետով կողմերը պարտավորում էին այն չհրապարակել: ԽՍՀՄ Գերագույն խորհուրդն այս պակտը հաստատեց օգոստոսի 31-ին: Ինչից անմիջապես հետո, սեպտեմբերի 1-ին, հիտլերյան Գերմանիան հարձակվեց Արևմտյան Լեհաստանի վրա: Իսկ սեպտեմբերի 17-ին, Կարմիր բանակը մտավ Լեհաստանի արևելյան մասեր: Սեպտեմբերի 28-ին, Լեհաստանի բաժանումն ավարտվեց «Բարեկամության և Սահմանների մասին» պայմանագրով, որը կնքվեց ԽՍՀՄ-ի և Գերմանիայի միջև: Այս պայմանագիրը ևս ուներ երկու գաղտնի կետ, համաձայն որոնց, Լիտվիան  անցնում էր ԽՍՀՄ հետաքրքրությունների շրջանակ (բացառությամբ Սուվալյան մարզի): 
 
Եվրոպական մի շարք երկրները զավթելուց հետո, 1939 թվականի նոյեմբերի 30-ին Սովետական միությունը հարձակվեց Ֆինլանդիայի վրա, որի համար, որպես ակնհայտ ագրեսոր երկիր, ԽՍՀՄ-ը հեռացվեց Ազգերի Լիգայից: Չնայած այն հանգամանքին, որ մարտի 12-ին կնքված պայմանագրով Ֆինլանդիան համաձայնվեց Վիբորգի նահանգը փոխանցել ԽՍՀՄ-ին, այդուհանդերձ, վերջինս մարտի 13-ին հարձակվեց Վիբորգի վրա՝ խախտելով նախորդ օրը կնքված խաղաղության համաձայնագիրը:
 
1940 թվականի հունիսի 14-ին, ԽՍՀՄ ղեկավարությունը վերջնագիր ներկայացրեց Լիտվիային, իսկ հունիսի 16-ին` Լատվիային և Էստոնիային: Հունիսի 15-ին, խորհրդային կարմիր բանակի ուժերը մտան Լիտվիա, իսկ հունիսի 17-ին՝ Լատվիա և Էստոնիա: Շատ արագ վերջ տրվեց մերձբալթյան այդ երկրների անկախությանը, իսկ դրան դիմադրող տասնյակ հազարավոր մարդիկ աքսորվեցին:
 
1940թ. հունիսի 26-ին, Մոլոտովը, ԽՍՀՄ-ում Ռումինայի դեսպանին հանձնեց խորհրդային կառավարության հայտարարությունը, որով նրանք պահանջում էին Բեսսարաբիան և Բուկովինայի հյուսիսային շրջանը: Վախենալով պատերազմից՝ հունիսի 27-ին Ռումինիայի արքայական խորհուրդը որոշեց բավարարել ԽՍՀՄ պահանջները և նրանց հանձնել վերոնշյալ տարածքները: Այս տարածքներում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, աքսորվեց  29․839 մարդ:
 
Ավելորդ չէ հիշեցնել, որ Ռիբենտռոպ-Մոլոտով պակտն ուներ կետ, համաձայն որի, կողմերը չէին մտնում ռազմաքաղաքական դաշինքի մեջ երրորդ երկրների հետ, եթե դրանք սպառնում էին կողմերից մեկին: Անգլիայի և Ֆրանսիայի ջանքերը ԽՍՀՄ-ի հետ դաշինք կազմել ընդդեմ Գերմանական ագրեսիայի, լիակատար ձախողվեցին մինչև 1941թ.: 
 
Իրար արժանի ագրեսորները
 
Ինչպես տեսնում ենք, մինչ 1941թ. հունիսի 22-ը, և ԽՍՀՄ-ը, Ֆաշիստկան Գերմանիայի նման զբաղված էր հարևան երկրների վրա հարձակվելով ու իր տարածքներն ընդլայնելով: Գերմանիան այդ ընթացքում հարձակվեց Լեհաստանի, Բելգիայի, Հոլանդիայի, Դանիայի, Ֆրանսիայի, Նոռվեգիայի ու Մեծ Բրիտանիայի վրա, Իսկ Սովետայան Միությունը՝ Լեհաստանի, Ֆինլանդիայի, Լիտվայի, Լատվաիյի, Էստոնիայի վրա և ագրեսիայի սպառնալիքով խլեց Մոլդովան: Որակական տարբերություն չկա:
 
Երկու ռազմական գերտերությունների բախումը պատմական օրինաչափություն էր, այլ ոչ թե «ուխտադրուժ Գերմանիայի հարձակում», ինչպես ներկայացվում է խորհրդային քարոզչամեքենայի կողմից և շարունակվում է ներկայացվել մինչ օրս: Տրամաբանական էր, որ երբ երկու ագրեսորներն զավթեն ամբողջ Եվրոպան, շուտ թե ուշ իրար վրա էին հարձակվելու, քանի որ ընդլայնվելու այլ տեղ չկար:
 
Իսկ այդ տարածքներում ապրող տասնյակ ժողովրդների կամքն ու իրավունքները չէր հետաքրքրում ոչ Սովետական Միությանը ոչ էլ Ֆաշիստական Գերմանիային:
 
Վահրամ Թոքմաջյան,
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն